«Չպետք է տեղավորվենք Բաքվի և Անկարայի վիրտուալ իրականության մեջ»․ կարծիք Երևանից
Բաքվից եկող սպառնալիքները 2026 թ․-ին
«Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են վիրտուալ իրականություն, որ իրենք խաղաղասեր պետություններ են։ Ալիևն ասում է՝ խաղաղության պայմանագրի բանակցությունները մենք ենք սկսել, տեքստը մենք ենք մշակել։ Թուրքիան էլ ասում է, որ շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ»,- Factor TV-ի եթերում ընդգծել է «ԱՊՐԻ Արմենիա» կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Վերլուծաբանը կարծում է՝ Հայաստանը չպետք է ներքաղաքական կամ այլ խնդիրներից ելնելով ամբողջովին տեղավորվի այդ իրականության մեջ։
Կարծում է՝ Երևանը պետք է զգուշավորություն ցուցաբերի, ժամանակ առ ժամանակ հիշեցնի ընթացող գործընթացի, ձեռքբերված, բայց կյանքի չկոչված պայմանավորվածությունների մասին։
Օրինակ է բերում երրորդ երկրի քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու շուրջ պայմանավորվածությունը, որ կողմերը ձեռք են բերել դեռևս 2022 թվականին։
Այդ ֆոնին, ըստ նրա, ճիշտ չէ ստեղծել տպավորություն, թե «Թուրքիան էլ է շատ խաղաղասեր պետություն, Ադրբեջանն էլ, մեր հարաբերությունները փայլուն են, բանակցություններն առաջընթաց են գրանցել և այլն», քանի որ այդ երկրների վարած քաղաքականությունը նույնն է մնացել։
«Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը եղել է, կա և մնում է «Ադրբեջանն առաջին հերթին» կոնցեպտի մեջ։ Այսինքն՝ Թուրքիան ինչ էլ, որ անի կամ չանի Հարավային Կովկասում, միշտ ելնելու է Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինքից և Ադրբեջանի հետ իր քայլերը համաձայնեցնելու է, այդ թվում՝ Հայաստանի հետ կապված»,- արձանագրել է նա։
Մեկնաբանություն 2026 թ․-ի գլխավոր մարտահրավերների, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների, «Թրամփի ուղու» մասին և ոչ միայն
- Հնարավո՞ր է հայ-թուրքական կարգավորում առանց Բաքվի․ Երևան-Անկարա հեռակա բանավեճ
- Հայաստանը 2025 թ.-ին. տարվա նշանակալի իրադարձությունները և դրանց հնարավոր զարգացումները
- «ԱՄՆ և ԵՄ հետ կապերի խորացման տակ ՌԴ-ին ՀՀ-ից դուրս թողնելու օրակարգ չկա»․ ՀՀ ԱԳ նախարար
Այս տարի Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգը բազմակի անգամ փոքր է․ ո՞րն է պատճառը
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը նախ հիշեցրել է՝ նախորդ տարեսկզբին Ադրբեջանի հարձակման սպառնալիքը մեծ էր։ Խոսքը, մասնավորապես՝ «ուժով դեպի Նախիջևան ճանապարհ բացելու» մասին է։ Ըստ նրա՝ 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ «Թրամփի ուղու», TRIPP-ի շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններից հետո էսկալացիայի հավանականությունն ավելի քիչ է, սակայն պետք է հասկանալ դրա պատճառները․
«Պատճառն այն է, որ Բաքուն հրաժարվե՞լ է ռազմական էսկալացիայի սպառնալիքից և իր պահանջներից։ Թե՞ Ադրբեջանը ենթադրում է, որ այն, ինչին կողմերը հասել են Վաշինգտոնում, տեղավորվում է իր պատկերացրած կարգավորումների մեջ, այսինքն՝ անցում, որտեղ ադրբեջանցիները չեն տեսնի հայի դեմք»։
Տարիներ շարունակ Ադրբեջանը հայտարարում է, որ ուզում է իր էքսկլավ Նախիջևանի հետ կապի համար ՀՀ-ից ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»։ Բաքուն պնդում է, որ պետք է տրամադրվի «անխոչընդոտ ճանապարհ»։ Նախագահ Իլհամ Ալիևը մինչև անգամ հայտարարել է, որ դեպի Նախիջևան տեղաշարժվելիս ադրբեջանցիները «չպետք է հայ սահմանապահի երես տեսնեն»։
Երևանը մերժում է միջանցքային տրամաբանությունն ու պնդում՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Հայկական կողմը հավաստիացնում է, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները հենց դրա մասին են։
Բենիամին Պողոսյանի խոսքով՝ պատճառները հասկանալու համար պետք է սպասել «Թրամփի ուղու» իրականացման հետագա քայլերին, մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացմամբ զբաղվող հայ-ամերիկյան ընկերության ստեղծմանը, տեխնիկական մանրամասների համաձայնեցմանը։
Քաղաքագետը վստահ է՝ թեև մանրամասները համաձայնեցնելու են Երևանն ու Վաշինգտոնը, սակայն, եթե դրանք չբավարարեն Բաքվին, Ադրբեջանը կարող է հայտարարել այդ ճանապարհից չօգտվելու մասին՝ դրա կառուցումը դարձնելով անիմաստ։
«Ադրբեջանը կարող է հայտարարել՝ քանի որ իր պահանջած կարգավորումները չկան, ստացվում է՝ օգոստոսյան պայմանավորվածությունը ճանապարհի բացմանը չհանգեցրեց։ Եվ առնվազն այն պահից հետո, երբ Թրամփը կհեռանա Սպիտակ տնից, մենք կարող ենք հետ գալ 2025 թ․-ի հունվարի իրավիճակին, երբ, ինչպես Հայաստանի կառավարությունն է ասում, Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման հավանականությունը բավականաչափ մեծ էր»,- շեշտել է նա։
Փոքր դրական քայլերը չեն չեզոքացնում Բաքվից եկող սպառնալիքը
Քաղաքագետի խոսքով՝ վերջին 2 տարում ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում նաև դրական զարգացումներ են տեղի ունեցել։ Օրինակ է բերել՝
- 2023 թ․-ի դեկտեմբերի հայտարարությունը, որի արդյունքում տասնյակ գերիներ վերադարձան ՀՀ, Երևանն էլ համաձայնեց COP29-ը Բաքվում անցկացնելուն,
- 2024 թ․-ին Տավուշ-Ղազախ հատվածում 12,6 կմ-անոց հատվածի սահմանազատումը։
«Թվում է՝ այս փաստերը պետք է բերեին նրան, որ հարաբերությունները որոշակիորեն մեղմվեին և գնային դրական զարգացման։ Սակայն 2025 թ․-ի սկզբին կար Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների, լայնածավալ հարձակման զգալի մեծ վտանգ»,- ասել է նա։
Ըստ փորձագետի՝ փոքր դրական քայլերի տրամաբանության մեջ է պետք դիտարկել նաև Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի ներկրումը, ինչպես նաև հետագայում այլ ապրանքների հնարավոր ներկրումն ու արտահանումը։
Պողոսյանի գնահատմամբ՝ այդ դրական քայլերը չեն չեզոքացնում «Ադրբեջանի ձեռքի մահակը»։
«Փաստերը ցույց են տալիս, որ փոքր դրական քայլերը չեն ստեղծում որակական փոփոխություն և չեն վերացնում հիմնական սպառնալիքը՝ մահակը, որն Ադրբեջանն անընդհատ մեր գլխին կախված է պահում, որ եթե ձեզ խելոք չպահեք, ինչպես 2020 թ․-ին և 2023 թ․-ին [նկատի ունի 44-օրյա պատերազմն ու Արցախի էթնիկ զտումը], մահակը կիջնի ձեր գլխին»,- պարզաբանել է նա։
2026 թ․-ի արտաքին քաղաքական մարտահրավերների մասին
Խոսելով ընթացիկ տարվա մարտահրավերների մասին՝ Պողոսյանը նկատել է՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով գործ ունենք Ռուսաստանի թուլացման հետ։ Կարծում է՝ հենց դա է պատճառը, որ 2023 թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանին հաջողվեց ամբողջական վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և այդ կերպ «լուրջ հարված հասցնել» Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերին․
«Եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի, հասկանալի է, որ Ռուսաստանը լավագույն դեպքում ունենալու է այն դիրքերը, ինչ հիմա։ Դրանք բավականաչափ թուլացած են։ Դա մեզ համար լա՞վ է, թե վա՞տ՝ վիճելի է, բայց ամեն դեպքում սպառնալիք է»։
Քաղաքագետը 2026 թ․-ին հավանական է համարում Իրան-Իսրայել նոր պատերազմի բռնկումը։
«Բացարձակապես անհայտ է, թե դա ինչ ավարտ կունենա։ Դա կարող է տևել 12 օր, 6 օր, 60 օր, կարող է ավարտվել կամ չավարտվել Իրանի մասնատմամբ։ Բայց դա, բնականաբար, սպառնալիք է»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Բաքվից եկող սպառնալիքները 2026 թ․-ին