Բաքու-Սումգայիթ մայրուղու ավտովթարում զոհված ուսանողների քանակը հասել է վեցի
Կիսվել
Կիսվել
17-ամյա ուսանողուհի Լալա Նազիրզադեն երկու օր կոմայում անցկացնելուց հետո մարտի 11-ին մահացել է վերակենդանացման բաժանմունքում՝ դառնալով Բաքու-Սումգայիթ մայրուղու ավտովթարի վեցերորդ զոհը:
Մարտի 9-ին ավտովթարի է ենթարկվել Սումգայիթի պետհամալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը: Երկու մարդ տեղում մահացել է, ևս երեքը մահացել են նույն օրը հիվանդանոցում:
Եվս 18 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել, ասված է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ականատեսների խոսքով՝ ուղևորատար միկրոավտոբուսը բախվել է աղյուս տեղափոխող բեռնատարին՝ փորձելով հակաօրինական մանևր՝ «աջից վազանց» իրականացնել: Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է որպես կասկածյալ: Նրան երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու մեղադրանք է առաջադրվել, որն անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահվան պատճառ է դարձել:
Ավտոբուսում գտնվող ուսանողները պատմել են, որ ձերբակալված վարորդը նախկինում էլ էր խախտում անվտանգ երթևեկության կանոններն ու վթարային իրավիճակներ ստեղծում ճանապարհներին: «Նա անցյալ տարի էլ է վթարի մեջ ընկել: Նրան բազմիցս տուգանել են և նախազգուշացումներ արել: 17 ուղևորի համար հաշվարկված ավտոբուս երբեմն 35 մարդ էր խցկվում, մարդիկ միմյանց ծնկների վրա էին նստում կամ կանգնում էին», — ուսանողներից մեկի խոսքերն է փոխանցումBBC Azerbaijan-ը:
Հետազոտող լրագրող Խադիջա Իսմայիլը ֆեյսբուքյան իր էջում որպես հնարավոր լուծում առաջարկում է համալսարաններին պարտադրել ուսանողական ավտոբուսներ ունենալ: Նա նաև առաջարկում է ոչ թանկարժեք կամպուսներ կառուցել այլ քաղաքների ուսանողների համար, միջքաղաքային գնացքներից օգտվող ուսանողների համար երթևեկելու արտոնյալ տոմսեր ներմուծել, ինչպես նաև համապատասխանեցնել Բաքու-Սումգայիթ գնացքների չվացուցակն ուսանողների դասաժամերին: