Բաքու: նոր ձերբակալություններ
Բաքվում շարունակվում են քաղաքական ակտիվիստների ձերբակալությունները: Օգոստոսի 14-ի գիշերը ձերբակալվել էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Նաթիկ Ջաֆարլին: Օգոստոսի 15-ին ձերբակալվել են 4 երիտասարդ ակտիվիստներ:
Ձերբակալությու՞ն, թե՞ առևանգում
Երեկոյան՝ ժամը 8-ի սահմաններում, ձերբակալվել են ՌեԱլ շարժման անդամներ Էլշադ Ղասիմովը և Թողրուլ Իսմաիլովը:
Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի խոսքով՝ Ղասիմովին տարել են քաղաքացիական հագուստով անձինք, մետրոյի «Իչերիշեհեր» կայարանի մոտից: Վկայակոչելով Ղասիմովի ազգականներին՝ իրավապաշտպանն ասել է, որ անհետանալուց 40 րոպե առաջ նա զանգահարել է եղբորը և հայտնել, որ պատրասվում է անջատել հեռախոսը, քանի որ իրեն հետևում են:
Գրեթե նույն ժամանակ էլ անհետացել է Իսմաիլովը:
Ո՛չ հարազատները, ո՛չ փաստաբանները չեն իմացել՝ որտեղ է նա գտնվում:
22:00-ի սահմաններում Ջաֆարովը հայտնել է հետևյալը. «Մենք, ընկերները և իրավապաշտպանները փորձում ենք գտնել նրան: Եղել ենք ոստիկանության քաղաքային բաժանմունքում, Նարիմանովի և Խատինի դատարանում, այժմ գնում ենք ևս մի քանի տեղ: Երկու դեպքերում էլ, եթե կողքներին ծանոթ մարդիկ չգտնվեին, մենք ընդհանրապես չէինք իմանա, որ նրանց առևանգել են: Թե որտեղ են նրանք՝ չեն հայտնել ո՛չ հարազատներին, ո՛չ փաստաբաններին, ո՛չ ընկերներին»:
Կեսգիշերին մոտ Ղասիմովին և Իսմաիլովին գտել են ոստիկանության 9-րդ բաժանմունքում:
Օգոստոսի 15-ին ավելի վաղ ձերբակալվել էր ևս երկու մարդ:
Իրավապաշտպան և նախկին քաղբանտարկյալ Բաշիր Սուլեյմանլին առաջինն է հայտնել ՆԻԴԱ շարժման անդամ Էլգիզ Գահրամանլիի ձերբակալության մասին: Նրա խոսքով՝ ակտիվիստը տեղափոխվել է Նարիմանովի շրջանի դատարան, որտեղ երեկոյան ժամը 5-ին նրան 4 ամսով կալանավորելու որոշում է կայացվել՝ համաձայն 234 հոդվածի (թմրանյութեր պահել):
Դրանից առաջ էլ ձերբակալվել է մեկ այլ նախկին քաղբանտարկյալ, քաղաքացիական ակտիվիստ Բախտիյար Հաջիևը: Նախքան նրա հեռախոսը կանջատեին՝ հասցրել էր «Թուրան» գործակալությանը հայտնել, որ մեկ օր առաջ իր մեքենան առանց բացատրության տեղափոխել են: Հաջորդ օրը, երբ նա փորձել է պարզել պատճառը, ոստիկանը նրան հարվածել է և պատռել վերնաշապիկը: Նրա փաստաբան Ադամ Մամեդովը հայտնել է, որ Հաջիևի դեմ մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով: Ժամը 22:19-ին trend.az-ը հայտնել է, որ տեղի է ունեցել «բլոգեր Բախտիյար Հաջիևի դատավարությունը», որը մեղադրվում է մանր խուլիգանության մեջ: Պաշտպանությունը պահանջել է ներկայացնել նկարահանող տեսախցիկների ձայնագրությունը, ինչը կարվի վաղը:
Դրանից առաջ՝ օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը ձերբակալվել էր ՌեԱլ հասարակական-քաղաքական շարժման կառավարման անդամ Նաթիկ Ջաֆարլին: Նա կալանավորվել էր 4 ամսով՝ անօրինական գործարարության և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով: Մայիսի 15-ի դրությամբ Նաթիկին չեն թողնում տեսակցել փաստաբանի հետ: «Գլխավոր դատախազությունը խախտել է անմեղության կանխավարկածը՝ հայտարարություն տարածելով, որում իբր Ջաֆարլին խոստովանական ցուցմունք է տվել»,- ասում է փաստաբանը:
Ջաֆարլին ՌեԱլ շարժման ղեկավար Իլգար Մամեդովի տեղակալն է: Ի դեպ, Մամեդովն արդեն 4 տարի գտնվում է ազատազրկման մեջ:
Պաշտոնական վարկած
Գլխավոր դատախազության հայտարարությունը տարածել է կառավարամետ մամուլը՝ կանխակալ գլխագրերով: Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում է. «Նաթիկ Ջաֆարլին խոստովանել է, որ յուրացրել է դրամաշնորհները՝ իր ընկերոջ, այն ժամանակ REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովի օգնությամբ և աջակցությամբ, և որպես ֆիզիկական անձ՝ դրանք օգտագործել է անձնական շահ ստանալու համար»:
Նույն օրը (օգոստոսի 15-ին) Գլխավոր դատախազությունը տարածել է ևս մեկ հաղորդագրություն, որում պաշտոնապես հայտարարել է, որ պայքար է սկսում է ԱՄՆ-ում ապրող թուրք քաղաքական էմիգրանտ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ (Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են պետական հեղաշրջման փորձի մեջ): «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների անօրինական գործունեությունը Ադրբեջանի Հանրապետությունում կանխելու նպատակով երկրի Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով»,- РИА-Новости-ին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը: Իր հերթին իշխանամետ haqqin.az կայքը ձերբակալվածներից Էլգիզ Գահրամանլիին և ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիին անվանել է գյուլենական:
Նույն haqqin.az կայքը հրապարակել է մերկացնող հոդված Բախթիյար Հաջիևի հասցեին: Ընդ որում, ըստ հոդվածի ոճի՝ Հաջիևի կոնֆլիկտը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ այնքան տպավորիչ է եղել, որ հոդվածի հեղինակը ժամերով լարված խորհել է «հանցագործի» դրդապատճառների և ընդհանուր առմամբ նրա անձի մասին:
«Ըստ էության, այս բոլոր ձերբակալությունները կապված են ձերբակալվածների հասարակական և քաղաքական գործունեության հետ, իսկ առաջ քաշված մեղադրանքները միայն պատրվակ են»,- ասում է իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը: Նա ձերբակալությունները կապում է նաև այն բանի հետ, որ ՌեԱլ-ը պատրաստվում է արշավ անցկացնել սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնք կարող են իրականացվել սեպտեմբերի 26-ին նախատեսված հանրաքվեի արդյունքում:
Արձագանքը ցանցում
«Հիշում եմ, թե ինչպես 1991թ. մարտի 17-ին АзТВ-ով ելույթ էին ունենում պաշտոնյաներ և ԽՍՀՄ-ի պահպանման մասին ռեֆերենդումը անվանում «ռեֆերենդուրում»: Արդեն 5 ռեֆերենդուրումի զոհ կա: Ձեռքերս քոր են գալիս, չգնա՞մ վաղը անդամագրվեմ ՌեԱլ-ին»:
Եվ այդ գրառման պատասխանը. «Միակ Ռեալ-ը, որի համար պետք է նորմալ մարդու ձեռքերը քոր գան, Ռեալ Մադրիդն է: Մնացած բոլոր «ռեալ»-ները ռեալ (իրական –խմբ.) չեն»:
Բնական է, հնչում են նաև ձերբակալվածների հասցեին աջակցության խոսքեր, բայց, ինչպես միշտ, աջակցությունը սահմանափակվում է գործընկերների և ծանոթների շրջանակով:
Հրապարակվել է 16.08.2016