Այժմ այլ քաղաքներից Բաքու եկող բոլոր վարորդներն իրենց մեքենաները պետք է թողնեն արվարձանների հատուկ կայանատեղիներում և ճանապարհը շարունակեն հասարակական տրանսպորտով:
Կայանատեղիներն անվճար կլինեն, բայց սոցկայքերում ծավալվող քննարկումներում հաճախ է խոսվում այս նախագծի վնասների և օգուտների մասին: Ոմանք հաշվում են այն լրացուցիչ ժամանակը, որն այժմ ծախսվելու է մեքենան կայանելու և ավտոբուս նստելու վրա, ոմանք՝ վառելիքի ծախսերը և գալիս այն եզրահանգմանը, որ Բաքու ավելի էժան կարելի է գալ միջքաղաքային ավտոբուսով:
Հնչեց նաև կարծիք, որ նոր կանոնը ոչ այլ ինչ է, քան տեղաշարժման իրավունքի խախտում: Բաքվեցիները դեռևս չեն նկատել, որ քաղաքում խցանումները կրճատված լինեն, և մասամբ հենց այդ պատճառով նորամուծություններին տարակուսանքով են վերաբերվում:
Օրինակ, իրավաբան Արշադ Հուսեյնովը, որը երթևեկության հարցերով փորձագետ է համարվում, ասաց. «Եթե համեմատենք այլ մայրաքաղաքների հետ, Բաքվում մեքենաներն այդքան էլ շատ չեն: Ուրեմն խնդիրը դա չէ, այլ այն, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան ու բացակայում է ճանապարհային վարքի կուլտուրան»: