Բախում ադրբեջանական դատարանում․ շրջված աթոռներ և արցունքաբեր գազ
Կիսվել
Կիսվել
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Բաքվի դատարանի դահլիճում ադրբեջանական Գյանջա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործով նիստի ժամանակ։ Մեղադրյալների ազգականները, որոնք դժգոհ էին վճռից, սկսել են շրջել դատարանի դահլիճի աթոռները, նրանց ուժով են փողոց դուրս բերել։
2018թ-ի հուլիսի 3-ին Ադրբեջանի արևմուտքում գտնվող Գյանջա քաղաքում մահափորձ էր կատարվել գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի նկատմամբ։ Տեղի բնակիչ Յունիս Սաֆարովը կրակել էր Վելիևի և նրա թիկնապահի վրա։ Երկուսն էլ ողջ էին մնացել, իսկ կրակողին ձերբակալել էին։
Հուլիսի 10-ին Գյանջայի գործադիր իշխանության շենքի մոտ բողոքի ցույց էր սկսվել՝ ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի։ Ակցիային մոտ 200 մարդ էր հավաքվել։ Ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև բախում էր տեղի ունեցել, երկու ոստիկան էր սպանվել։
Ոստիկանի սպանության կասկածյալներից մեկը մահացել էր մի քանի օր անց՝ ձերբակալության ժամանակ, երկրորդը կալանավորվել էր։
Բողոքի ակցիային մասնկացելու կասկածանքով քրեական գործ է հարուցվել 60 հոգու դեմ։ 2019թ-ի մարտին նրանցից ոմանք դատապարտվել են հինգից ութ տարվա ազատազրկման զանգվածային անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքով։
2018թ-ի օգոստոսի 28-ին Էլմար Վելիևն ազատվել է իր պաշտոնից։
Կալանավորվածների հարազատները, մեղադրանքներն անարդար համարելով, արդեն բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել Գյանջայում և Բաքվում։ Ոչ մի արդյունք այդ ցույցերը դեռ չեն ունեցել։
Միջադեպ դատարանում
Օգոստոսի 15-ին Բաքվի Վերաքննիչ դատարանում վճիռ է կայացվել «Գյանջայի գործով» մեղադրյալների հերթական խմբի վերաբերյալ։
Դատարանը նախնական հոդվածը փոխարինել է ավելի մեղմով և յուրաքանչյուրին դատապարտել 4-4,5 տարվա ազատազրկման (սկզբնական վճիռը 7-9 տարի էր), պատմում էTuran-ը։
Սակայն մեղադրյալներն ու նրանց հարազատները պահանջել են արդարացնող վճիռ։ Դատարանի վճիռը նրանց զայրացրել է, ազգականները սկսել են բղավել, շրջել նստարանները, կոտրել ապակիները։ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներն ուժով նրանց դուրս են բերել դահլիճից՝ արցունքաբեր գազ կիրառելով։ Դիմակայությունը շարունակվել է դատարանի բակում։ Արդյունքում՝ մեղադրյալների հարազատներին դուրս են բերել տարածքից, սակայն ոչ ոք չի ձերբակալվել։