«Գլուխը պատին է տվել»․ ՀՀ-ում քննարկում են «միութենական պետության» առաջարկը
Բալասանյանի «միութենական պետության» առաջարկը
«Մենք պիտի լինենք միութենական կազմում։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց այնպես, ինչպես եղել է Խորհրդային միությունը»,– լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնց մեծ մասը 2026 թ․-ի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, չեն քննադատել Բալասանյանի այս հայտարարությունը։
Ինքը՝ Բալասանյանը, չի հայտնել՝ արդյոք ներգրավված է լինելու ներքաղաքական գործընթացներում, թե ոչ։ Արցախցի նախկին պաշտոնյան իր աջակցությունն է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, որը տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները բուռն են արձագանքել «միութենական պետության» առաջարկին։
Խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը շեշտել է՝ Բալասանյանը բառի բուն իմաստով «հանձնել է Ղարաբաղն ու փախել ՀՀ», հիմա էլ ռուսաստանցի օլիգարխի (Սամվել Կարապետյանի) ակտիվ աջակիցն է։
«Բալասանյանն, իհարկե, գլուխը պատին է տվել։ Նրա նմանները ծոծրակները կտեսնեն, բայց ՀՀ անկախության կորուստ չեն տեսնի, մենք դա թույլ չենք տա։ Հունիսի 7-ին ՀՀ անկախության դեմ գործող բոլոր ուժերին պիտի ուղարկենք գրողի ծոցը կամ ցանկացած այլ ծոց՝ իրենց ընտրությամբ»,- հայտարարել է նա։
Հայ հասարակությունը, այդ թվում՝ փորձագիտական հանրույթը քննադատել են Բալասանյանի հայտարարությունը՝ դրա վրա հրավիրելով նաև իրավապահ մարմինների ուշադրությունը։
Ռուսաստանն ու Բելառուսը միութենական պետության մասին պայմանագիր են ստորագրել 1999 թ․-ին։ Այն ենթադրում է քաղաքական, տնտեսական և ռազմական ավելի խորը ինտեգրում։ Միութենական պետության անդամը (այս դեպքում՝ Բելառուսը) իր ինքնիշխան որոշ լիազորություններ փոխանցում է միասնական կառույցների՝ սահմանափակելով արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու իր հնարավորությունը։
Բոլոր մանրամասները․ ի՞նչ է ասել նախկին պաշտոնյան, քաղաքական ուժերի արձագանքը, մեկնաբանություններ սոցցանցերից
- «Չենք գործելու ՌԴ դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի շահի»․ Փաշինյան
- «Հայաստանը փրկվեց ռուս-թուրքական աքցանից»․ կարծիք Ջեյ Դի Վենսի այցի մասին
- «Կան քննարկման ենթակա հարցեր»․ ՀՀ ԱԺ նախագահը՝ Լավրովին
Էլ ի՞նչ է ասել նախկին պաշտոնյան
Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ մոտ ժամանակներս աշխարհի քաղաքական քարտեզը փոխվելու է․
«Հիմա նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, նշանակությունը, իմացան, որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են»։
Հենց այս համատեքստում էլ նախկին պաշտոնյան հնչեցրել է միութենական պետության կազմում լինելու իր առաջարկը։
Արցախի ԱԽ նախկին քարտուղարն անդրադարձել է նաև ՀՀ-ում կայանալիք ընտրություններին և «խայտառակություն» որակել այն, որ տարածաշրջանային լարված իրավիճակում իշխող և ընդդիմադիր ուժերը զբաղված են նախընտրական քարոզարշավով․
«Ես շատ խիստ կասկածում եմ, որ այստեղ ընտրություններ են լինելու, որովհետև վիճակը միջազգային, ընդհանրապես, մեր տարածաշրջանում կատաստրոֆիկ, ծայրահեղ ծանր վիճակ է։ Խաղաղությունից են խոսում, բայց հիմա որևէ փաստաթուղթ չի գործում»,- պնդել է նա։
Իշխող ուժի արձագանքը․ «Ուզում եք աճուրդի՞ հանել պետությունը»
Միութենական պետության մասին Բալասանյանի առաջարկին արձագանքել է նաև խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․
«Այ ջեբկիրներ, միութենական պետություն եք ուզո՞ւմ։ Խելքներդ հացի հետ եք կերե՞լ, եկել ՀՀ-ում դիրքավորվել եք՝ որպես տրոյական ձիեր, և ուզում եք էս պետությունը մատաղ անե՞լ»։
Կոնջորյանի բնորոշմամբ՝ նրանց «ջանը ցեց է ընկել», որ խաղաղություն է, հայ տղաները չեն զոհվում պատերազմում ու որոշել են «պետությունը փուռը տալ», որ հայ տղերքը զոհվեն ուրիշների սանձազերծած պատերազմում։
«Այ վաշխառուներ, էս պետությունն ուզում եք աճուրդի՞ հանեք մի երկու թուլափայի համար ու ժողովրդի ճակատագիրը, որպես մանրադրամ, շպրտեք ուրիշների ոտքերի տակ, է՞ս ա ձեր ուզածը։ Խոսալ չգիտեք, չխոսալ էլ չգիտե՞ք»,- նկատել է նա։
Իշխող ուժի ներկայացուցիչը վստահեցրել է՝ չեն կարողանալու Հայաստանի ճակատագիրը նետել ուրիշների ոտքերի տակ․
«ՀՀ ինքնիշխանությունն անսակարկելի է, իսկ ձեր ջախջախումը՝ անկասելի է հունիսի 7-ի ընտրություններում»,- ընդգծել է նա՝ խոսքն ուղղելով ընդդիմադիր ուժերին։
«Մոլորեցնում են հանրությանը»․ ընդդիմություն
Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը չի հստակեցրել՝ կիսո՞ւմ է Բալասանյանի դիրքորոշումը, թե՞ դատապարտում։ Հայտարարությունը չի մեկնաբանել նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակից, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշել է՝ մեկնաբանելու ցանկություն չունի։ Պարզապես հայտնել է ՀՀԿ դիրքորոշումը, այն է․ «ՀՀ ինքնիշխանությունը սակարկման ենթակա չէ»։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը շեշտել է՝ իրենց օրակարգում միութենական պետության կազմ մտնելու հարց չկա։ Խամոյանը, սակայն, խուսափել է Բալասանյանի հայտարարությունը քննադատելուց։
Ըստ Խամոյանի՝ իշխանությունները մոլորեցնում են հանրությանը, թե իշխանության գալու պարագայում Ռոբերտ Քոչարյանը «Հայաստանը կմտցնի միութենական պետության կազմ»։
«Եթե նման ցանկություն լիներ, 10 տարվա ընթացքում Քոչարյանը դա կաներ»,- հայտարարել է պատգամավորը։
Տարիներ առաջ՝ 2021 թվականին կայացած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի՝ միութենական պետության մաս դառնալը համարել էր քննարկելի հարց։ Մասնավորապես՝ նշել էր, որ «զուտ անվտանգության տեսանկյունից միգուցե ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք»։
Փորձագիտական կարծիքներ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշել է․
«Հայաստանում շատերիս մոտ արդարացի զայրույթ առաջացրեց արցախցի նախկին ռազմական գործիչ և պաշտոնյա Վիտալի Բալասանյանի կարծիքը միութենական պետության կազմում լինելու մասին:
Բայց երբ ուշադիր լսում ենք` նա բառացի ասում է․ «Մենք պիտի լինենք միութենական կազմում»: Ինչպես արդեն վաղուց պարզ է, «իրենք»` բալասանյանները, թևանյանները, ուլիխանյանները, բաբուխանյանները և նույն շարքով շարունակ, որևէ ընդհանուր բան չունեն Հայաստանի ու հայերի հետ:
Այնպես որ իրենց գործն է, Հայաստանից ու մեզնից հեռու` թող ինչի կազմում ուզում են լինեն: Տեղ հասնեք, չզանգեք»։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծել է․
«Իրականում, պետք է շնորհակալություն հայտնել Վիտալի Բալասանյանին՝ իրենց այդ ռանգ-ռանգ թայֆայի սրտի ուզածն ազնվորեն, բաց տեքստով ասելու համար, մինչդեռ մնացած «շուստրիները» դա «քաղաքագիտորեն» և այլ խունջիկլամիշներով, դեմքին «ազգի մասին մտահոգ» սֆաթով փորձում են քողարկել։
Ինչպես դասականն էր ասում․ «Չդիմացա՛ր առերեսմանը, ծախեցի՛ր, սողո՛ւն»։ Կիրիենկոն հաստատապես կհրահանգի լռեցնել Վիտալի Բալասանյանին, որպեսզի շատ բան դուրս չտա, մինչդեռ անհրաժեշտ է նրան խոսեցնել, որքան հնարավոր է շատ»։
Մեկնաբանություններ սոցցանցերից
Միութենական պետություն մտնելու հնարավորության մասին Վիտալի Բալասանյանի մտքերը զայրացրել են հայ հանրությանը։ Նրանցից ոմանք նույնիսկ հայտարարության վրա հրավիրել են ԱԱԾ ուշադրությունն ու նշել՝ «տարեք էս գործակալին»։
Ստորև ներկայացնում ենք քաղաքացիների կարծիքներից մի քանիսը․
«Դու ո՞վ ես, որ ՀԱՅ ժողովրդի փոխարեն ասես, ուզում ես Հայաստա՞նն էլ Արցախի ճակատագիրն ունենա, այ անգլուխ»:
«Չհասկացա, վիտալիկի թուրը աջուձախ է կտրում, հակահայ հայտարարություն է անում, ուղարկեք Գյումրու քաղաքապետի [կալանավորված Վարդան Ղուկասյանի, որը նույնպես կողմ էր արտահայտվել միութենական պետությանը] կողքը, նա էլ է միութենական պետություն ուզում»։
«Ու սրանց նման փնթիները դեռ խոսում են Հայաստանի Հանրապետության անվտանգության և վաղվա օրվա մասին»։
«Էդ ղարաբաղյան կլանը գլուխը պատին է տալիս։ Թող ռադները քաշեն Հայաստանից իրանց հայրենիք Ռուսաստան ու ինչքան ուզում են Պուտինի ոտերը լվան, ջուրը խմեն»։
«Ո՞վ ես դու, որ կարծիք հայտնես, ուղղություն ցույց տաս։ Այ էս խելքով էլ Արցախի գլուխը կերաք։ Ուզում ես, ինքդ էլ գնա մտի էդ ընդհանուր պետության մեջ ու գլուխդ կախ ապրի, քեզ չենք պահում։ Ամոթը քեզ ու քո նմաններին»։
«Ու սենց անհայրենիք շները վխտում են երկրում ու վաղը իրենց թեկնածությունն են դնելու։ Կալանավորեք վերջապես էս թրքաբոլշևիկներին։ Սրա նմանները վաղուց պետք է համապատասխան վայրում փտեին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Բալասանյանի «միութենական պետության» առաջարկը