Արդյունաբերական Կիրովական-Վանաձորի ավերակները
1980-ականներին Կիրովականում, որը հետագայում՝ 1993-ին, վերանվանվեց Վանաձոր, գործել է արդյունաբերական 32 ձեռնարկություն, որոնք տարեկան արտադրել են 620 մլն ռուբլու արտադրանք: Իր արդյունաբերական պոտենցիալով Կիրովականը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ մայրաքաղաք Երևանից հետո:
• Հայաստանում ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջին արդյունքները
• Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղում է կանխատեսում
Կիրովականի 170.000 բնակչից շուրջ 30.000-ն աշխատել է արդյունաբերական ձեռնարկություններում: «Արտադրված է Կիրովականում» մակնշմամբ արտադրանքն սպառվել է ավելի քան 40 երկրում:
1988-ի ավերիչ երկրաշարժից հետո քաղաքի բոլոր ձեռնարկությունները սեփականաշնորհվել են: Դրանց մի մասն այսօր ընդհանրապես չի գործում, մի մասը շարունակում է գործել չնչին հզորություններով: Կիրովականի երբեմնի արդյունաբերական փառքի մասին այսօր շատ քիչ բան է հիշեցնում։
Ներկայացնում ենք նախկինում հզոր արտադրական ձեռնարկությունների շենքերի լուսնակարները։ Սրանց մասին այժմ ոչինչ չգիտեն նույնիսկ տեղացի երիտասարդները։
«Արտավտոմատիկա» գործարանն է, կիրովականցիների սովետական սերնդին ավելի հայտնի Ռոբոտների գործարան անվամբ: Գործարանի արտադրատեսակներից միակը, որից տեղյակ էին, սեղանի փոքր ռոբոտներն էին: Քչերը գիտեին, որ այստեղ արտադրված սարքերն օգտագործվում են պաշտպանության ոլորտում:
Ջերմաէլեկտրոկենտրոնն է: Գործարկվել է 1962թ.-ին: Բացի էլեկտրաէներգիայից, տաք ջուր ու գոլորշի է մատակարարել ոչ միայն մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների, այլև կենտրոնացված ջեռուցման համակարգի միջոցով՝ բնակելի տներին ու բնակարաններին: Տարիներ շարունակ անգործության մատնված այս ձեռնարկության ճակատագիրն այսօր անորոշ է:
Քիմիական մանրաթելերի գործարանն է: 1957-ից սկսված շինարարությանը մասնակցել են 13 ազգերի ներկայացուցիչներ: Այստեղ տարեկան արտադրվել է 13.586 տոննա մանրաթել, 7000 տոննա սիգարետային ֆիլտրի ժապավեն: Այժմ չի գործում:
«Էլեկտրոն» գործարանն է: Այստեղ արտադրվում էին պաշտպանական ոլորտի գաղտնի սարքեր: Կիրովականցիները երբեմն նույնիսկ կատակում էին. «Կարի մեքենաներ ենք արտադրում, բայց վերջում գնդացիր է ստացվում»:
Այժմ «Էլեկտրոն» գործարանի հիմքի վրա ստեղծվել է «Չին-Վան» ՍՊԸ-ն, որը չինական պահեստամասերով տրակտորներ է արտադրում: Խոսքը սակայն, շատ փոքր ծավալների մասին է:
«Պոլիմերսոսինձ» գործարանն է: Ոլոտի մասնագետների խոսքով՝ «Պոլիմերսոսինձ» գործարանի արտադրած սոսինձն ու ներկանյութերը մեծ պահանջարկ ու լայն սպառում ունեին: 1987-ին գործարանը տվել է 1950 տոննա տարաբնույթ արտադրանք: Այժմ գործում է շատ փոքր ծավալով:
Քիմիական գործարանն է՝ քաղաքի առաջին արդյունաբերական ձեռնարկությունը: Այն ստեղծվել է 1929թ.-ին: Նախ շահագործման են հանձնվել կրի և ազոտի արտադրամասերը, ավելի ուշ նաև կորունդի, կարբամիդի, մելամինի ու այլ արտադրամասեր:
Կիրովականի քիմիական հսկայի շինարարությունն ավարտվել է 1977 թվականին: 1988 թվականի երկրաշարժից հետո գործարանը որոշ ժամանակով դադարեցրել է իր գործունեությունը, ապա վերագործարկվել է շատ փոքր հզորությամբ ու պարբերաբար կրկնվող դադարներով: Այժմ գործարանը պրակտիկորեն չի գործում. մի քանի հազար աշխատող ունեցած գործարանում այժմ աշխատում է 200-300 մարդ, որոնք հիմնականում իրականացնում են պահպանության աշխատանքներ:
Բուռն գործունեության վերջին տարվա՝ 1987թ.-ի տվյալներով՝ գործարանը տարեկան արտադրել է 180.000 ավել տոննայից ավել պարարտանյութ, 2.200 տոննա ամիակ, 34.660 տոննա կալցիումի կարբիդ, 13.570 տոննա մելամին:
Հաստոցաշինական գործարանում է, որից միան պարսպի մի կտորն է մնացել: «Հաստոցաշինականի» ու «Ավտոգենմաշի» խառատները մրցակցում էին անընդհատ, թե ով ավելի ճշգրիտ կկարողանա տաշել այս կամ այն դետալը: Այստեղ արդեն սկսել էին արտադրել նաև լազերային հաստոցներ: Լայպցիգի և Պլովդիվի միջազգային տոնավաճառներում գործարանն իր արտադրանքով արժանացել էր ոսկե մեդալի, բայց այդ հաղթարշավն ընդհատվեց 1988-ին. երկրաշարժից գործարանը փլվեց, մեծ թվով զոհեր եղան:
Տրիկոտաժի ֆաբրիկան է: Տեղացիների խոսքով, պատահում էր, որ կիրովականցիները գնում էին Լենինգրադ, Մոսկվա, առևտուր անում, գալիս, պարզվում էր՝ այնտեղ Կիրովականի արտադրանքն են գնել: Տրիկոտաժի ֆաբրիկան քաղաքի հնագույն արտադրություններից մեկն է: Ստեղծվել է 1921 թ.-ին՝ ընդամենը 5 դազգահով ու 92 բանվորով: 1980-ականներին ֆաբրիկան արտադրում էր տարեկան 50 տեսակի 70.000 ապրանքատեսակ:
Լուսատեխնիկական գործարանն է: Հայտնի է եղել իր ցերեկային ու կենցաղային լամպերով: Ասում են, որ գործարանում արտադրված ջահերը ժամանակին հարգի նվեր են համարվել հարսանիքների ժամանակ:
Վիճակագրական տվյալներով՝ այժմ Վանաձորի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը չի անցնում 3.000-ը: