«ԱՄՆ և ԵՄ հետ կապերի խորացման տակ ՌԴ-ին ՀՀ-ից դուրս թողնելու օրակարգ չկա»․ ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանն ամփոփել է 2025 թ․-ը
«Երբ մենք մեր հարաբերությունները խորացնում ենք Միացյալ Նահանգների կամ Եվրոպական միության հետ, այդտեղ պետք չէ փնտրել նպատակ, թաքնված օրակարգ` Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու»,- «Հանրային» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարությունը չի վարում Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, որևէ այլ կապերը խզելու քաղաքականություն և այդ մասին ուղիղ ասում է նաև միջազգային գործընկերներին, որպեսզի «թյուրըմբռնում չլինի»։
«Մենք հարաբերություններ ենք կառուցում, խորացնում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որպեսզի ճիշտ հասկանանք ակնկալիքները»,- արձանագրել է նա։
Միաժամանակ Միրզոյանը նկատել է, որ եթե լիներ Ռուսաստանին ՀՀ-ից դուրս թողնելու օրակարգ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ին չէր առաջարկի վերականգնել, օրինակ՝ երկաթուղու բացակայող մասերը Գյումրիի, Երասխի հատվածներում և ներգրավվել մեծ տրանսպորտային շարժերի մեջ։
Հարցազրույցում Միրզոյանն ամփոփել է 2025 թ․-ն ու անդրադարձել մի շարք թեմաների, այդ թվում՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին, ՌԴ-ից և այլ երկրներից հիբրիդային սպառնալիքներին, ԵՄ հետ կապերի խորացմանը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Նախարարը վստահեցրել է՝ նոր տարում «էական ձեռքբերումներ» կարող են լինել։ Խոսքն ուղղելով ՀՀ քաղաքացիներին՝ Միրզոյանը կոչ է արել չտրվել մանիպուլյացիներին և հավելել․ «Մեր գործերը նորմալ են, ամեն ինչ լավ է լինելու, խնդիրները լուծվելու են»։ Նրա բնորոշմամբ՝ Հայաստանն արդեն անցում է կատարել դեպի զարգացման օրակարգ, զարգացման դարաշրջան։
Հարցազրույցի կարևոր դրվագները
- Ջեյ Դի Վենսը Երևան կգա՞․ ԱՄՆ փոխնախագահի հնարավոր այցի շուրջ քննարկումներ ՀՀ-ում
- «ՀՀ-ԵՄ գործընկերության նոր էջ»․ Բրյուսելում ռազմավարական օրակարգ է հաստատվել
- «Առաջիկա ամիսները որոշիչ են լինելու Հայաստանի ապագայի համար»․ Կարո Փայլան
ՀՀ ժողովուրդը թույլ չի տա ընտրությունների վրա ապօրինի ազդեցություն
«Հայաստանն ի վիճակի է կազմակերպել և անցկացնել ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ։ Մեզ դա հաջողվել է անել նույնիսկ ծանր ներքաղաքական ճգնաժամի պայմաններում՝ պատերազմից [2020 թ․-ի 44-օրյա] հետո։
Հիշու՞մ եք 2021 թ․-ի ամռանը, երբ կառավարությունը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների, նույնիսկ այդ օրերին՝ ռաազմական հեղաշրջման փորձից հետո, փողոցներում սպանության կոչեր հնչեցնելու պայմաններում: Ունեցանք ժողովրդավարության ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող ընտրություններ։
Հիմա մենք սա նորից ունենալու ենք, սա այս իշխանության և ՀՀ ժողովրդի ձեռքբերումն է, որն անշրջելի պիտի լինի այլևս։
Ես վստահ եմ` Հայաստանի Հանրապետության ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա ընտրությունների վրա էական չափերի ապօրինի ազդեցություն, թույլ չի տա ընտրությունների արդյունքների կեղծարարություն»։
Հիբրիդային սպառնալիքներ կան տարբեր տեղերից, այդ թվում՝ Ռուսաստանից
«Հիմա ինչ֊որ մեկը կարող է ասել, որ ապատեղեկատվության կամ մանիպուլյատիվ ինչ֊որ նարատիվների մի զգալի մաս չի՞ գալիս X ռուսաստանցի փորձագետից կամ հեռուստաալիքից կամ նույնիսկ պատգամավորից։ Դա ժխտել հնարավո՞ր է։ Փաստեր կան, հայտարարություններ կան, եթերներ կան։
Հետևաբար հիբրիդային սպառնալիքները կարող են գալ տարբեր տեղերից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Ինչու՞ եք անպայման հասկանում պետական, կենտրոնացված իշխանություն։ Այո, կան հիբրիդային սպառնալիքներ:
Ինչ֊որ երկրների մոտ, եթե կա կուտակված փորձ դրանց դեմ պայքարելու, մենք ուրախ կլինենք, և մենք դիմել ենք [Եվրամիությանը], որպեսզի այդ փորձով նաև մեզ հետ կիսվեն, մենք էլ կարողանանք։
Ես ասեմ նաև այս մեդալի հակառակ կողմը։ Այնպես է ստացվել, որ վերջին չորս, հինգ, վեց տարիներին մենք հիբրիդային պատերազմի պայմաններում ենք ապրել։ Մեր դեմ ինչքան հիբրիդային գործողություններ, հարձակումներ են եղել, և մենք էլ մեր փորձը ունենք և այո, ուրախ կլինենք մեր փորձով կիսվել»։
ԵՄ-ն չի միջամտում Հայաստանի ներքին գործերին
«Բոլոր ընտրությունների ժամանակ Հայաստանը պաշտոնապես աջակցության համար դիմել է, այդ թվում՝ Եվրոպական միությանը։ Դա կարող էր լինել ամենատեխնիկական աջակցության շերտում։ Կարող էր լինել դասընթացների կազմակերպում բոլոր ընտրական հանձնաժողովների անդամների համար։ Դա կարող էր լինել տեսախցիկներ և այլն, և այլն։ Հիմա այդ նույն համագործակցությունը մի քիչ ավելի է ընդլայնվում և հասցեագրում է նաև արդի մարտահրավերները։
Եթե մի երկրի իշխող կուսակցության կամ ԶԼՄ-ի կամ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչն աջակցություն է հայտնում, օրինակ՝ ՀՀ-ում ինչ֊որ մի քաղաքում համայնքային ընտրություններին, Կոմունիստական կուսակցությանը, դա միջամտություն չի՞ Հայաստանի ներքին գործերին։ Բայց երբ ԵՄ-ն ասում է, որ մենք պատրաստ ենք օգնել, որ ՀՀ-ն շարունակի ունենալ ժողովրդավարական ընտրություններ, դա միջամտությո՞ւն է ներքին գործերին։
Մտածում եմ, որ դա ասում են այն մարդիկ կամ այն ուժերը, որոնք հասկանում են՝ ժողովրդավարական ընտրությունների պայմաններում, եթե իրանց չհաջողվի խաթարել այդ ժողովրդավարական ընթացքը և իսկապես ժողովուրդը գնա և քվեն տա, իրենք ուղղակի շանս չունեն այդ քվեն հավաքելու»։
Շահագրգռված ենք օր առաջ գործարկել TRIPP-ը՝ «Թրամփի ուղին»
«Մենք շահագրգիռ ենք օր առաջ ունենալ ամբողջական ապաշրջափակում, օր առաջ գործարկել TRIPP ենթակառուցվածքները։ Գնահատում ենք, որ առաջինը երկաթուղին կլինի օբյեկտիվորեն։ Այդ երկաթուղով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ, կարող է արտահանել, կարող է ներմուծել։ Նաև Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով անցնել և ընդհանրապես երրորդ երկրները։
Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք հռչակված սկզբունքներից անդին՝ արդեն ավելի դետալիզացված պայմաններ, իրավունքներ, պարտականություններ հստակեցնելու առումով:
Հուսամ առաջիկա օրերին, շաբաթներին, արդեն կունենանք նաև առաջին հնարավոր փաստաթուղթը և հետագայում արդեն կհասնենք նրան, որ հաջորդ տարվա երևի երկրորդ կեսին գետնի վրա շինարարություն էլ ունենանք»։
Ենթակառուցվածքների ապաշրջափակումը հնարավորություններ կստեղծի նաև Իրանի և ՌԴ-ի համար
«Ենթակառուցվածքների ապաշրջափակումը Իրանում որոշակի հարցեր առաջացրել է, հարցերին տրվել են պատասխաններ։ Եվ հիմա, և՛ մենք, և՛ Իրանը ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ հնարավորություններ ենք տեսնում ավելի, քան որևէ բաց հարցեր կամ մտահոգություններ կամ խնդիրներ։
Այն ենթակառուցվածքները, որոնք կառուցվելու են կամ վերակառուցվելու են, գործարկվելու են կամ վերագործարկվելու են, նույն Իրանի համար հնարավորություններ են ստեղծելու։
Ինչու՞ պետք է Իրանը դեմ լինի այդ ծրագրերին։ Նույն տրամաբանությամբ Ռուսաստանը: Ռուսաստանն ո՞ւնի ներգրավվածություն Հայաստանի ենթակառուցվածքներում: Ունի: Հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի իրենք ևս առնչվեն այս թեմաների հետ։ Այո՛, և մենք այս մասին լսել ենք պաշտոնական մեկնաբանություններ Ռուսաստանից, որ իրենք էլ են պատրաստ մասնակցել, աջակցել։
Մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր ենթակառուցվածքային, բայց նաև մյուս ծրագրերը, որոնք Հայաստանում կարող են կենսագործվել և կենսագործվում են, ձեռնտու լինեն և բխեն առաջինը ՀՀ շահերից, մեր հարևանների համար նույնպես շահավետ լինեն։ Այսինքն` փոխշահավետություն լինի նաև այլ հետաքրքրված, շահագրգիռ գործընկերների համար՝ լինի դա Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Ռուսաստանը, մերձավոր արևելյան երկրները և այլն»։
Ադրբեջանի տարածքով ցորենի, բենզինի ներկրումը խաղաղության հետևանք են
«Հաստատված խաղաղության հետևանք են [ցորենի, բենզինի ներկրումը ՀՀ Ադրբեջանի տարածքով]։ Ամրապնդող գործոն են, երաշխիք են, հաստատված խաղաղության դրսևորում են: Այլ պայմաններում ինչպե՞ս էիք պատկերացնում։ Այսինքն` տասնամյակներ չգործած երթուղին, այն է` Ղազախստանից կամ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների առաքումը, կամ էլ չասած` երկկողմ առևտուրը։
Հայաստանյան ընկերություններն ադրբեջանական ընկերություններից առնում են ապրանք, այն էլ ռազմավարական նշանակության ապրանք` բենզին։ Օրինակ` ո՞նց էր սա հնարավոր առանց խաղաղության:
Խաղաղություն է հաստատվել, և համագործակցություն պետք է ձևավորվի։ Եվ մեր տարածքով էլ պիտի անցնեն ադրբեջանցիները, այո, և Թուրքիայի բեռները վաղը, մյուս օրը։ Եվ մենք պետք է իրանց տարածքով անցնենք, և մենք պետք է իրենցից ապրանք գնենք, և իրենք պետք է մեզնից ապրանք գնեն։ Մենք կառուցում ենք խաղաղ միջավայր Հայաստանի շուրջ։ Այս խաղաղությունն այլընտրանք չունի»։
Չնայած խաղաղության հաստատմանը՝ կան չլուծված խնդիրներ
«Սա [Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը] պետք է ավարտվի ստորագրմամբ և հետո վավերացմամբ [խաղաղության պայմանագրի]։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ Նկատի ունեմ իրենց կողմից բարձրացվող Սահմանադրության հարցը։ Դեռևս այստեղ համաձայնություն չունենք։
Պետք է շարունակենք աշխատել։ Գործընթացն առաջ գնալու բան այս պահին չունի։ Կամ մենք պայմանավորվում ենք՝ ե՞րբ և որտեղ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում: Դեռ չենք պայմանավորվել։
Չեմ ուզում ասել, որ բոլոր խնդիրները լուծված են, դա կլինի ինքնախաբեություն, դա կլինի հասարակությանը խաբել։
Ի վերջո, ակնհայտ է՝ հիմա կան Բաքվի բանտերում պահվող անձինք։ Շարունակաբար այս կամ այն մակարդակով, այս կամ այն իրադարձության շրջանակներում լսում ենք «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։ Սրանք խնդիրներ են, որոնք դեռ ենթակա են լուծման։
Խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ անցել ենք անհրաժեշտ ճանապարհը»։
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեծ և շատ շոշափելի առաջընթացի ժամանակն է
«Շատ ինտենսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Բայց ժամանակն է, որ մենք ունենանք մեծ, շոշափելի, կոնկրետ առաջընթացներ գետնի վրա։
Բոլորովին վերջերս՝ մոտ մեկ ամիս առաջ, ի թիվս այլ զարգացումների, տեղի ունեցավ Գյումրի-Կարս երկաթուղային հանգույցի գնահատման ուղղությամբ աշխատող փորձագիտական խմբի հանդիպումը։ Հայաստան-Թուրքիա փորձագիտական խումբը եղավ Թուրքիայի տարածքում, այնուհետև անցավ Հայաստանի տարածք, իր ուսումնասիրությունն արեց։ Այդտեղ աշխատանքներ կան արդեն:
Սա ասում եմ ցույց տալու, որ կան քայլեր և աշխատանք իսկապես արվում է։ Բայց ժամանակն է, որ մեծ և շատ շոշափելի առաջընթաց՝ արդեն որպես փաստ, ունենանք մնացած աշխատանքներին զուգահեռ։
Մենք անպայմանորեն այս ուղղությամբ շատ դրական առաջընթաց ունենալու ենք։ Ժամկետների առումով կանխատեսում չեմ ուզում անել, կարծում եմ, որ շատ մոտ ապագայում, շատ մոտ:
Չեմ կարող ասել` դա կլինի հունվարի 1-ին, 10-ին, 20-ին, թե 30-ին: Չեմ կարող ասել` դա հունվարին կլինի, չեմ ուզում այդպիսի գնահատական, կանխատեսում անել։ Ես չեմ ուզում ասել ամբողջական գործընթացը, բոլոր հնարավոր քայլերը տեղի կունենան հունվարին, թե մի մասը կլինի հունվարին, մի մասը` մարտին, մի մասը` մայիսին կամ սեպտեմբերին կամ հաջորդ դեկտեմբերին, բայց այդքան երկար չեմ կարծում, թե ամբողջը տևի:
Օրինակ՝ սիմվոլիկ մի քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Արարատ Միրզոյանն ամփոփել է 2025 թ․-ը