«Երրորդ կողմի վերահսկողություն չի լինելու»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղի» ծրագրի մասին
Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում ստորագրված հռչակագրի մասին
«Ենթակառուցվածքների գործարկումը, ներառյալ Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս»,- խոսելով «Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրի մասին՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ընդգծել է՝ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում չկա երրորդ կողմի վերահսկողություն։ Արձագանքելով խորհրդարանական ընդդիմության և որոշ փորձագետների կողմից շրջանառվող «միջանցք» (արտատարածքային ճանապարհ) եզրույթին, ասել է՝ «հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ» շրջանառում են տերմիններ, որոնք երբևէ չեն ընդունվել Երևանի կողմից, չկան նաև վաշինգտոնյան հռչակագրում։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Միրզոյանը նշել է, որ նման մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ էլ մարդկանց մոլորեցնելու փորձ։
Ի՞նչ է ասված հռչակագրում, Միրզոյանի մեկնաբանությունները
- «Ալիևի ախորժակը զսպելու առիթ»․ ի՞նչ են ՀՀ-ում սպասում Թրամփի միջնորդությամբ հանդիպումից
- «ՀՀ-ով անցնող ճանապարհը լինելու է այլընտրանք, ոչ թե հիմնական երթուղի»․ կարծիք
- «Հայ սահմանապահների չհանդիպելու որևէ տարբերակ չկա»․ Երևանի արձագանքն Ալիևին
- «Եթե բացվի միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին, ՀՀ-ի շրջափակումն ավելի կխորանա»․ կարծիք
«Փոխադարձ առավելություններ»․ հռչակագրի դրույթներն ապաշրջափակման մասին
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով ստորագրված հռչակագիրը 7 կետից բաղկացած փաստաթուղթ է։ Ստորագրումից անմիջապես հետո այն հայերենով հրապարակել է նաև Հայաստանի վարչապետը։
Հռչակագրում կան արձանագրումներ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրման, միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության, ներկայում և ապագայում վրեժխնդրության ցանկացած փորձի բացառման սկզբունքների ամրագրման, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման մասին։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» — TRIPP) հաղորդակցության ծրագրի վերաբերյալ նշված է հետևյալը՝ «ՀՀ-ն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով»։
Հայաստանը կարևորում է երրորդ կողմերի՝ ԱՄՆ-ից բացի այլ ներդրողների հետ աշխատանքը։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո ՀՀ վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ Նահանգները հավակնում է դառնալ «Թրամփի ուղի» նախագծի թիվ մեկ ներդրողը, բայց նաև հավելել՝ ուրիշների համար ծրագրին միանալու ճանապարհը փակ չէ։ Նիկոլ Փաշինյանը ցուցաբերած ճկունության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին։
«Մեր նպատակադրումն այն է, որ այս նախածի շուրջ ոչ թե լինեն լարվածություններ, բախումներ, այլ ներգրավվածություն, հնարավորինս ներգրավվենք նաև այլ գործընկերների, որպեսզի որևէ մեկը չհամարի, որ «Թրամփի ուղի» նախագիծն իր դեմ է ուղղված, որովհետև իսկապես որևէ մեկի դեմ ուղղված չէ»,- հայտարարել է Փաշինյանը։
Նշվում է, որ կողմերը վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։
«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- ասված է հռչակագրում։
Ամերիկյան հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում լրագրողները հետաքրքրվել են վարչապետից՝ ի՞նչ փոխադարձ առավելությունների մասին է խոսքը, արդյո՞ք այդ ձևակերպումը ենթադրում է անխոչընդոտ հաղորդակցություն նաև Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ փաստաթղթում «նկարագրված է մի առավելություն, ասված է, որ այդ նույն առավելությունը փոխադարձաբար պետք է ունենա ՀՀ-ն»:
«Փոխադարձություն նշանակում է, որ բացվում են ճանապարհները Ադրբեջանի համար, բացվում են Հայաստանի համար, չեն բացվում ճանապարհները Ադրբեջանի համար, չեն բացվում Հայաստանի համար, չնայած հիմա էդ տարբերակը էլ չկա»,- հայտարարել է նա։
Հայաստանը հասանելիություն է ստանում Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ապաշրջափակման շուրջ պայմանավորվածության ձեռքբերմամբ ավարտվել է «շատ կարևոր և հիմնարար» փուլ՝ ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը։ Ասում է՝ դա ընդամենը փուլերից մեկն է․
«Առջևում հսկայական աշխատանք կա անելու ավելի կոնկրետ պայմանների և տեխնիկական լուծումների հստակեցման և համաձայնեցման ուղղությամբ»։
Արտգործնախարարի գնահատմամբ՝ տեղի է ունեցել անկյունաքարային իրողություն՝ վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանն ապաշրջափակվում է։
«Մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար»,- մանրամասնել է նա։
Շեշտել է՝ պայմանավորվածություններն էլ ավելի մեծ կշիռ են ստանում դրանցում ամերիկյան կողմի մասնակցությամբ և որպես վկա ԱՄՆ նախագահի ստորագրությամբ։
Առաջիկայում Երևանում ակնկալում են «Թրամփի ուղու» հետ կապված բարձրաստիճան քննարկումներ
Միրզոյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կյանքի կոչման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հրամանագիր։
«Առաջիկայում մենք Երևանում ակնկալում ենք բարձրաստիճան քննարկումներ այս ուղղությամբ՝ օգտագործելու այս կարևոր պահը հետագա սերունդներին ավելի փոխկապակցված Հարավային Կովկաս ժառանգելու նպատակով»,- նշել է նա։
Վաշինգտոն կատարած այցը կարևորել է նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցերի արծարծման և երկկողմ հարաբերությունների առաջմղման տեսանկյունից։ Հիշեցրել է՝ կողմերը ստորագրել են 3 հուշագիր, մասնավորապես՝
«Խաղաղության խաչմերուկի» կարողությունների զարգացման հուշագիր․
Այն արտահայտում է ԱՄՆ աջակցությունը «Խաղաղության խարմերուկ» նախագծին, ընդգծում Հայաստանի կարևոր դերը՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց։ Այն միտված է խթանելու Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգությունը։ Այն ներառում է մասնավոր ներդրումների խրախուսում, մաքսային և սահմանային կարողությունների ամրապնդում։
Արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության վերաբերյալ հուշագիր․
Նպատակ ունի զգալիորեն խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգացնելով կիսահաղորդիչների էկոհամակարգը և արհեստական բանականության կիրառությունները։
Էներգետիկ անվտանգության հուշագիր․
Միտված է աջակցելու Հայաստանի էներգետիկ կայունությանն ու էներգետիկ համակարգի արդիականացմանը, մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմանը, ինչպես նաև զարգացնելու քաղաքացիական միջուկային համագործակցությունը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ պայմանավորվել ենք առաջիկայում ակտիվացնել համատեղ աշխատանքը ռազմավարական գործընկերության բաղադրիչների կյանքի կոչման ուղղությամբ:
Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ կարևոր հանգրվան
Նախարարի համոզմամբ՝ Սպիտակ տանը տեղի ունեցածը պատմական իրադարձություն էր։ Նախիևառաջ Միրզոյանը նկատի ունի իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրումը․
«Այդ նախաստորագրմամբ և դրան հաջորդած բանավոր հրապարակային հայտարարություններով ազդարարվեց, որ խաղաղությունը սահմանին էսկալացիաների բացակայության իմաստով արդեն իսկ հաստատված է և, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը»։
Վստահ է՝ նախաստորագրումը կարևորագույն հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումներին՝ նկատել է՝ համաձայնագիրը կհրապարակվի և «այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում ստորագրված հռչակագրի մասին