Հայաստանում 2026 թ․-ից կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ
Առողջության համընդհանուր ապահովագրություն ՀՀ-ում
2026 թ․-ի հունվարի 1-ից Հայաստանում կսկսի գործել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Օրինագծերի փաթեթը վերջնական ընդունվել է այսօր կայացած ԱԺ արտահերթ նիստում՝ 64 կողմ, 2 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Համակարգը ներդրվելու է երեք տարում՝ փուլ առ փուլ։ Նախևառաջ առողջության պարտադիր ապահովագրություն են ունենալու սոցիալական մի շարք խմբեր, որոնք ապահովագրվելու են պետության կողմից՝ պետբյուջեի միջոցներով։ Առաջին փուլում, այսինքն՝ հաջորդ տարի ապահովագրվելու են նաև 200.000 դրամից ավելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված եկամուտ ունեցող քաղաքացիները։
Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129․600 դրամ:
Բնակչության մյուս խմբերը համակարգին միանալու են հաջորդ երկու տարիների ընթացքում՝ մինչև 2028 թ․-ի ավարտը։
2029 թ․-ին առողջության ապահովագրության փաթեթ են ունենալու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Բարեփոխման ռազմավարական նպատակներն են հայտարարվում բնակչության առողջության պահպանումը, կյանքի միջին տևողության երկարաձգումը, վաղաժամ մահացության նվազեցումն ու կյանքի որակի բարելավումը։
«Ապահովագրությունը համընդհանուր է։ Ներառելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու յուրաքանչյուր անհատի առողջապահական ողջ կարիքները։ Այն ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների ու հիվանդությունների մեղմմանը և դրանց բուժման լավագույն արդյունքների ապահովմանը»,- օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Բոլոր մանրամասները
- Անձնական օգնականի ծառայություն հաշմանդամություն ունեցող անձանց. ծրագրի բացթողումները
- Պատվաստե՞լ երեխաներին վիրուսների դեմ, թե՞ ոչ․ ծնողների վերաբերմունքը Հայաստանում
- ՀՀ-ում մեկնարկել է առողջության ապահովագրության գործնական փուլը
«Ֆինանսական հավելյալ բեռ չի առաջանա»
Առողջապահական ոլորտի պատասխանատուների գնահատմամբ՝ այս տարում համակարգում ընդգրկվող խմբերի համար ֆինանսական հավելյալ բեռ չի առաջանա։
2026 թ․-ի հունվարի 1-ից ապահովագրվելու են՝
- մինչև 18 տարեկան երեխաները՝ շուրջ 700 հազար անձ,
- 65 և ավելի տարիքի անձինք՝ շուրջ 400 հազար անձ,
- 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները,
- անապահովության 28-ից ավելի միավոր ունեցողները,
- զոհված զինծառայողների ընտանիքները։
Սոցիալական այս խմբերն ապահովագրվելու են պետության կողմից, ապահովագրավճարը վճարվելու է պետական բյուջեից։
Հաջորդ տարի առողջության ապահովագրավճար պետք է վճարեն 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Նրանց համար, սակայն, գործելու է ֆինանսական բեռը մեղմող սուբսիդավորման մեխանիզմ։ Մասնավորապես՝
- 200 001 դրամից մինչև 500 000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թ․-ին պետության կողմից փոխհատուցվելու է: «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, սրան գումարվելու է սոցիալական կրեդիտի հետվերադարձը (6000 դրամ), արդյունքում` այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ:
- 500 001 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների դեպքում «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, սակայն ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ, այն կարող են 2027 թ․-ին հետ ստանալ:
«Որպեսզի ունենանք սոցիալական համերաշխության սկզբունքի պահպանում, այսինքն՝ նվազ եկամուտներ ունեցող քաղաքացիների և բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ֆինանսական նույնական բեռ չթողնենք, կառավարությունը որոշել է նման սուբսիդավորման համակարգ ներդնել»,- ավելի վաղ պարզաբանել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ոչ բոլոր ծառայություններն են ընդգրկված լինելու
Առողջության աահովագրությունը փուլ առ փուլ ընդգրկելու է բոլոր քաղաքացիներին, բայց ոչ բոլոր բուժծառայությունները։
2026 թ․-ից համակարգի մաս հանդիսացող քաղաքացիները փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղորայքի կոնկրետ ցանկերի կարող են ծանոթանալ «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքերում։
Հարկ է նաև ընդգծել, որ ապահովագրությամբ բուժծառայություն ստանալու գործընթացը սկսվելու է առողջության առաջնային պահպանման օղակից՝ պոլիկլինիկաներից։
Ի՞նչն է դարձել ընդդիմության քննադատության առարկան
Գործադիրի անդամներն ընդգծել են՝ ապահովագրման համակարգի ներդրման արդյունքում 65+ տարիքի քաղաքացիներն առաջին անգամ կօգտվեն բուժծառայությունների ընդլայնված փաթեթից, որը կներառի առաջին անհրաժեշտության դեղորայք, բուժօգնություն ու հետազոտություններ։
Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները հարց են բարձրացրել՝ եթե ՀՀ-ում քաղաքացիները թոշակի են անցնում 63 տարեկանից, ինչո՞ւ 63-64 տարեկանները չեն ներառվել ծրագրի առաջին փուլում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախ նշել է, որ դրա համար հավելյալ 9 միլիարդ դրամ է հարկավոր, ուստի հարցը կդիտարկեն հետագա փուլերում։ Այնուհետև Ավանեսյանը խոսքն ուղղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին։
«63-64 տարեկանների հետ կապված առաջարկն էլ օր առաջ ուժի մեջ կմտնի, եթե ձեր խմբակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ չսպասեն գույքի բռնագանձման որոշումներին և ավելի շուտ վերադարձնեն տարիներով գողացած գումարները»,- նկատել է նախարարը։
Ընդդիմադիր պատգամավորները խոսել են նաև փաթեթի ընդունման արդյունքում բուժհաստատությունների ծանրաբեռնվածության ավելացման և բուժանձնակազմի աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտության մասին։
Բացի այդ, խնդրահարույց են համարել այն հանգամանքը, որ նոր համակարգի ներդրումը մասնավոր ապահովագրություն ունեցող քաղաքացիներին ստիպելու է հրաժարվել ունեցած փաթեթներից և դիմել պետական ապահովագրության։
«Միգուցե մենք կարողանա՞նք հնարավորություն ստեղծել այդ պայմանագրերի գործունեության ժամկետից հետո միայն սա կիրառել նոր կնքվող պայմանագրերի վրա և քաղաքացուն թողնել ընտրությունը»,- առաջարկել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո՝ առաջիկա 6 ամիսներին ուսումնասիրություններ կիրականացնեն, կքննարկեն առաջ եկած խնդիրներն ու անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխությունների առաջարկներ կներկայացնեն խորհրդարան։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Առողջության համընդհանուր ապահովագրություն ՀՀ-ում