«Անպտղության ցուցանիշը Հայաստանում 18.2% է, որից առաջնային՝ 2.7%, երկրորդային (կանխարգելելի) 15.5%»,- ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչությունը 2025» զեկույցում։
Այս տարի այն նվիրված է ծնելիության գլոբալ ճգնաժամին: Որոշակի տվյալներ կան նաև Հայաստանի վերաբերյալ: Փաստաթղթում ընդգծվում է, որ ծնելիության մակարդակը նվազում է ողջ աշխարհում։ Հարցմանը մասնակցած կանանց և տղամարդկանց մեծ մասը նշել է՝ չի ունենում այնքան երեխա, որքան կցանկանար։ Նշել են՝ կուզեին ունենալ երկու և ավել երեխա։
Հիմնադրամը հետազոտությունն իրականացրել է աշխարհի 14 երկրում, որտեղ հանրագումարում բնակվում է աշխարհի բնակչության մոտ 37 տոկոսը։ Ոսումնասիրության արդյունքների համաձայն՝ ցանկալի թվով երեխաներ չունենալու պատճառներից են առողջական ու տնտեսական խնդիրները (դրամական միջոցներ, բնակարան, աշխատանք), ինչպես նաև պատերազմները, համավարակները, քաղաքական իրավիճակը և այլն։
Հայաստանում զույգերը կարծում են, որ շատ երեխա ունենալը «ժամանակի թելադրանքն է»
ՀՀ-ում զույգերն ամենաշատը ցանկանում են ունենալ երեք երեխա: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի իրականացրած հետազոտության ժամանակ նրանք իրենց այդ ցանկությունը հիմնավորել են հետևյալ կերպ՝
«շատ երեխաների առկայությունը ապահովում է ընտանիքի կայունությունը (27.3%),
հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել երեխայի դաստիարակության գործընթացը (15.7%),
այդպես է ընդունված հայկական միջավայրում (12.0%),
ժամանակի թելադրանքն է (9.7%),
այդպես է ընդունված իմ ծնողների ընտանիքում և ցանկանում եմ շարունակել այս ավանդույթը (6.0%)»։
Երևանի փողոցներում իրականացված հարցման մասնակիցները քիչ երեխաներ ունենալու պատճառների շարքում թվարկել են առողջական և սոցիալական խնդիրները, պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության անբավարար լինելը։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ երկրում առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացել է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում։
«Հայաստանի տնային տնտեսությունների 60%–ից ավելին երեխա չունի։ Մոտ 16%-ն ունի երկու երեխա, մոտ 15%-ը՝ մեկ երեխա։ Երեք և ավել երեխա ունի մոտ 7%–ը»,- նշում են կոմիտեից։
Այնուամենայնիվ, 2018-2023 թթ․-ներին Հայաստանում որոշակիորեն աճել է մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակը (ծնելիության գործակիցը)՝ հասնելով 1.9–ի: