Արդեն երկու օր է, ինչ Ադրբեջանը փակել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երկու հատված։ Սյունիքի մարզի՝ նշված հատվածում գտնվող մի շարք գյուղեր կանգնած են հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ։ Այս ֆոնին Հայաստանի վարչապետը միայն հույս է հայտնել, որ րոպե առաջ իրադրությունը կկարգավորվի։
Թե ինչ է ասել վարչապետը ստեղծված իրավիճակի մասին իր ելույթում, ինչպես են առցանց տիրույթում այն մեկնաբանել երկրի քաղաքացիները։
Վարչապետի ելույթը
Հայաստանի վարչապետը Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածների փակմանն անդրադարձել է օգոստոսի 27-ին կայացած կառավարության նիստում։
Ճանապարհների փակումը Փաշինյանը որակել է որպես «ակցիա, որն արվել է Հայաստանի առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այն վարկաբեկելու համար»։
Ըստ վարչապետի՝ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։
«Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր»,- հայտարարել է վարչապետը։
Նա հավելել է, որ շարունակում են աշխատել նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ։ Մինչև տարեվերջ պետք է ավարտեն Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ հերքել է Ադրբեջանի Պն այն հայտարարությունը, թե նախքան ճանապարհների փակումը սահմանային միջադեպ է գրանցվել, դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայող։
«Պատրաստ ենք համատեղ հետաքննության ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանում են քաղաքացիները
Սոցիալական ցանցերում մարդիկ ակտիվ քննարկում են իրավիճակը, մեծ մասը չափից դուրս զայրացած է։ Ներկայացնում ենք Ֆեյսբուքի օգտատերերի գրառումներից մի քանիսը․
«800․000 ո՞ւր եք, վարչապետ եք ընտրել, որ ձեր համար կառուցի ապագա։ Սրբի տեղ եք դնում, քանդվում է երկիրը, շարժվեք, մի բան արեք։ Թե՞ մենակ խայթելու համար եք համախմբված»։
«Ու էս կառավարության անդամներից ոչ մեկը չի ասում՝ այ Նիկոլ, թուրքերը երկիրը մասնատում են, դու ի՞նչ ես անում, թե՞ բոլորիդ հրաման ա տվել՝ հանգիստ նստեք տեղներդ»։
«Հիպնոսից դուրս եկեք, մեղք եք. սաղ տվեց՝ գետերը, լճերը, սարերը, ճանապարհները, թե՞ մինչև ձեր տունը չտա, չեք հասկանալու, որ էս գործակալը նշանակվել ա, որ էս երկիրը քարտեզից ջնջի»։
«Ալիևը երեկ ասում էր՝ Սյունիքը իրանցն ա, Հայաստանը ինքնիշխանություն չունի, դրա պատասխանը տվեք, սահմաններով զբաղվեք»։
Որպես հիշեցում
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Մեկ օր անց հայտնի դարձավ, որ հակառակորդը փակել է նաև ճանապարհի մեկ այլ՝ Գորիս-Որոտան հատվածը։
Արդեն երկու օր է, ինչ աշխատանքներ են տարվում ճանապարհը բացելու, մարդկանց տեղաշարժն ու տրանսպորտային միջոցների բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։
Նախօրեին ադրբեջանական կողմը հրաժարվել էր բանակցել հայկական կողմի հետ։ Միացել էին նաև ռուս խաղաղապահները։ Եռակողմ ձևաչափով բանակցությունները, սակայն, որևէ տեսանելի արդյունք չէին տվել։
Օգոստոսի 27-ի վաղ առավոտյան Սյունիքի փոխմարզպետը տեղեկացրել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները դեռևս փակ են, բանակցությունները շարունակվելու են նաև այսօր։