Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիhան X-ում գրել է, որ Վրաստանի ԵՄ անդամակցության ճանապարհին խնդիրները պետք չէ կապել Ուկրաինայի հետ․
«Վրացական կողմը չպետք է վիրավորվի հայելու մեջ իր արտացոլանքից։ Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացում վատ արդյունքների բոլոր պատճառները թաքնված են Թբիլիսիում, ոչ թե Կիևում։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, մենք միայն մեկ բան ենք մաղթում բարեկամ վրաց ժողովրդին. որ նրանք վերջապես իրականացնեն իրենց եվրոպական ձգտումները՝ չնայած ներկայիս կառավարության քաղաքականությանը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը սոցիալական ցանցերում տարածել է Liga.net կայքի «Վրաստանը մեղադրում է Ուկրաինային Եվրամիությանը անդամակցելուն խոչընդոտելու մեջ» վերնագրով հոդվածը, որտեղ մեջբերվում է «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հայտարարությունը։
«Վրաստանի Եվրամիությանը ինտեգրման և թեկնածուի կարգավիճակի ձեռքբերման գործընթացը որոշակիորեն ուղեկցվել է Ուկրաինայի կողմից բացասական վերաբերմունքով, որպեսզի Վրաստանը չստանա այդ կարգավիճակը։ Մենք մեր աչքերով տեսանք 2022-2023 թվականներին իրականացված արշավները… Ուկրաինան տարբեր ձևերով դեմ էր դուրս գալիս Վրաստանի եվրոպական ինտեգրմանը։ Սա բացահայտ քայլերին էին, և մենք բոլորս գիտենք դրա մասին»,— ասել է Բոճորիշվիլին լրագրողներին։
Եվրոպական հանձնաժողովի 2025 թվականի ընդլայնման զեկույցի համաձայն՝ Վրաստանի դիրքը ԵՄ ինտեգրման գործընթացում վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն վատթարացել է։ Փաստաթղթում նշվում է, որ կառավարության որոշումը փաստացի կասեցրել է անդամակցության գործընթացը։
ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի խոսքով՝ Վրաստանը ստացել է՝ կառույցի ողջ պատմության ընթացքում արձանագրված թեկնածու երկրի համար ամենավատ վերջնական գնահատականը։