Նախկինում Ձաուսի շրջանի Սբա, Բրիտատ, Եդիս ու Երման գյուղեր կարելի էր հասնել միայն ոտքով: Ջավայից անհրաժեշտ էր ամենաշատը 5 կմ մեքենայով վատ, բայց գոյություն ունեցող, ճանապարհ հաղթահարել, այնուհետև հաշվել խորը փոսերն ու անհարթությունները, խրվել ծնկից բարձր տիղմն անձրևի ժամանակ, հետո կանգնեցնել մեքենան ու այդ գյուղերից ցանկացածը գնալ ոտքով կամ ձիով, եթե տեղացիների մեջ ծանոթներ կան:
Շրջանային իշխանությունները հենց նոր հայտնեցին, որ ճանապարհների հիմնական մասը կարգի են բերել: Դա 18 կմ ճանապարհ է, որը մաքրվել է, ընդլայնվել ու խճաքարով պատվել:
Այժմ այդ ճանապարհով կարող է անցնել նույնիսկ փոքր մարդատար մեքենա:
Եդիս գյուղ կարելի է հասնել Երման տանող ճանապարհով, այն գտնվում է Ռուկ գյուղից 10 կմ հեռավորության վրա: Իսկ Սբա, Բրիտատ ու Չելիատ գյուղեր առանձին ճանապարհ են անցկացրել, ամեն մեկը՝ 3 կմ:
Ձաուսի շրջանի ղեկավար Վլադիմիր Կելեխսաևն այդ առիթով ասաց, որ սա երազանքի իրականացման սկիզբն է: Այդ գյուղերում հիմնական բնակիչները քիչ են, շատերը միայն ամռանն են գալիս: Նախկինում բնանկիչներն անասուն էին պահում, տնական պանիր սարքում ու վաճառում, նաև կաթ: Այժմ սա ավելի շատ ամառանոց է ու կրկին ոչ բոլորի համար:
Որպեսզի մարդիկ որոշեն ապրել այստեղ ու վերածնել տնտեսությունը, պետք են ճանապարհներ, էլեկտրաէներգիա, կապ, վարար ու անանցանելի գետերի վրա կառուցված կամուրջներ: «Այդ ցուցակից բարձրադիր գյուղերի բնակիչները կարող են օգտվել միայն ճանապարհներից: Բայց սա դեռ սկիզբն է, վստահ եմ, որ մեր ջանքերն անտեղի չեն և երբևէ մարդիկ կվերադառնան այս կիրճ», — ասում է Կելեխսաևը: