ԱՄՆ պետքարտուղար․ «Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և Ուկրաինա մարտահրավեր է մեր անվտանգության համար»
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Լեհաստանում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։
Հանդիպումը կարճ է տևել և ոչ պաշտոնական բնույթ է կրել։ Զալկալիանին և Պոմպեոն մասնակցում են Լեհաստանում անցկացվող «Խաղաղություն և անվտանգություն Մերձավոր Արևելքում» միջազգային կոնֆերանսին։
•ԱՄՆ պետքարտուղար․ «Անհամբեր սպասում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը»
Կայացած հանդիպման մանրամասների մասին տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ն։ Գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ Զալկալիանին ԱՄՆ պետքարտուղարին տեղեկություններ է տրամադրել «Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված բարդ իրավիճակի և Ռուսաստանի ապօրինի գործողությունների մասին»։
Ինչպես ընդգծում է Վրաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Մայք Պոմպեոն ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը։ Պոմպեոյի խոսքով՝ վրացական հարցն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ինչպես երկկողմանի հարաբերություններում, այնպես էլ միջազգային ձևաչափում։
Պոմպեոն Վրաստանն անվանել է տարածաշրջանում ԱՄՆ հուսալի գործընկեր և դաշնակից և շնորհակալություն հայտնել պաշտոնական Թբիլիսիի կողմից Վենեսուելայի ժամանակավոր նախագահին ճանաչելու համար։
«Ռուսաստանը ներխուժել է Վրաստան և Ուկրաինա»
Լեհաստանում Պոմպեոն մի քանի կարևոր հայտարարություններ է արել Վրաստանի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում։ Նա 2008թ-ի օգոստոսյան պատերազմն ավանել է «Ռուսաստանի ներխուժում Վրաստան, իսկ Կերչի նեղուցում ուկրաինական նավերի վրա չհիմնավորված հարձակումն անցյալ տարվա նոյեմբերին՝ հիբրիդային պատերազմ, և այս ամենը մարտահրավեր է ոչ միայն մեր դաշնակիցների, այլև մեր անվտանգության և կյանքի նորմայի դեմ», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Մայք Պոմպեոն ընդգծել է, որ «Ռուսաստանը Եվրոպայում գերակայելու մեծ պլաններ ունի»։
«Ռուսաստանը մեծ պլաններ ունի, այն ցանկանում է գերակայել Եվրոպայում և ուժեղացնել իր ազդեցությունը համաշխարհային հարթակում։ Վլադիմիր Պուտինը փորձում է պառակտում մտցնել ՆԱՏՕ-ի կազմում, թուլացնել ԱՄՆ-ն ու խաթարել արևմտյան ժողովրդավարությունը», — հայտարարել է նա։
«Ռուսաստանը երազում է փլուզել ՆԱՏՕ-ն»
Պոմպեոն քննադատել է Հյուսիսատլալնտյան դաշինքի նկատմամբ Կրեմլի դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանը Եվրոպայում վիթխարի պլաններ ունի, այն ձգտում է վերականգնել գերակայությունը համաշխարհային բեմում»։
«Պուտինը երազում է փլուզել ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, ոչնչացնել արևմտյան ժողովրդավարությունը», — հայտարարել է Պոմպեոն։
Վրաստանի և Ուկրաինայի թեման արծարծելիս Պոմպեոն նշել է, որ Պուտինը երազում է թուլացնել ԱՄՆ և դաշնակիցների կապերը։
«Այդ պատճառով էլ մենք ուժեղացնում ենք մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ի արևելյան ֆլանգում», — հայտարարել է Պոմպեոն։
2008 թ-ի օգոստոսյան պետերազմից հետո Ռուսաստանը 2008թ-ի օգոստոսի 26-ին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի օրինակին հետևեցին Նաուրուն, Տուվալուն, Վենեսուելան, իսկ 2018թ-ի մայիսի 29-ին՝ Սիրիան։
Մնացած բոլոր երկրները՝ ՄԱԿ անդամներն, Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի տարածք են համարում։
Վրաստանի դիվանագիտական կորպուսի օրակարգում այդ տարածքներն ինքնիշխան պետություն ճանաչելու գործընթացը կասեցնելն է։