ԱՄՆ Պետդեպարտամենտը «լիակատար սուտ» է որակել «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի պնդումները, թե ԱՄՆ-ն ցանկացել է Վրաստանը պատերազմի մեջ ներքաշել։
Վրացական անկախ «Ֆորմուլա» պարբերականը ԱՄՆ Պետդեպարտամենտին խնդրել է մեկնաբանել Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քելլի Դեգնանի մասին Շալվա Պապուաշվիլիի նոյեմբերի 21-ի հայտարարությունը։ Պետդեպը պատասխանել է «Ֆորմուլային»՝ այդ մեղադրանքներն անվանելով «լիակատար սուտ»։
Շալվա Պապուաշվիլին պնդում է, որ 2022 թվականի փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկնարկից մի քանի օր անց, դեսպան Քելլի Դեգնանը դիմել է Վրաստանի նախարարների կաբինետին՝ խնդրելով միջամտել իրավիճակին։
«Իմ աշխատասենյակում նստած էր երկրներից մեկի դեսպանը, որն ասում էր, թե մենք պետք է սրենք հարաբերությունները Ռուսաստանի հետ և որոշենք՝ լուսավո՞ր, թե՞ մութ կողմում ենք։ Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Դեգնանն էր, որը Նահանգներից Վրաստան էր ժամանել 2022 թ․-ի փետրվարի 28-ին, երբ ռուսական բանակը մոտենում էր Կիևին։
Մենք կարծում էինք, որ նա կորդեգրի մեզ աջակցող դիրքորոշում՝ ասելով, որ Վրաստանը հիմա չպետք է փորձանքի մեջ ընկնի, սկսվել է մեծ պատերազմ, Միացյալ Նահանգները կզբաղվի այդ խնդրով, <…> որ վրացիներին էսկալացիա պետք չէ, հակառակ դեպքում դա կարժանանա [Ռուսաստանի] ուշադրությանը, և ավելի լավ կլինի, որ այդ հարցով զբաղվի ուժեղ ռազմավարական գործընկերը։
Փոխարենը մենք լսեցինք խոսքեր այն մասին, թե պետք է ընտրություն կատարենք լուսավոր և մութ կողմերի միջև, և դժգոհություններ, որ մենք դեռևս պատժամիջոցներ չենք մտցրել [ՌԴ նկատմամբ]։ Ես դա անձամբ լսել եմ»,- հայտարարել էր Պապուաշվիլին 2025 թ․-ի նոյեմբերի 21-ին։