«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին, բայց որոշում կայացնողը՝ Հայաստանն է»․ Նենսի Փելոսին Երևանում է
Նենսի Փելոսիի այցը Հայաստան
«ԱՄՆ-ը կշարունակի օգնել Հայաստանին և հանդես գալ նրա սահմանների փոփոխության դեմ։ Որոշում կայացնողը Հայաստանն է, բայց եթե այն կայացվի, ԱՄՆ-ն պատրաստ է օգնել նրան»,- հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մամուլի ասուլիսի ժամանակ։
Այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ ժամանակներում, երբ իր դաշնակիցները՝ Ռուսաստանն ու դրա հովանու տակ գործող ՀԱՊԿ ռազնական դաշինքի գործընկերները հրաժարվում են օգնություն ցուցաբերել։ Եվ Հայաստանի իշխանություններն արդեն բացահայտ շնորհակալություն են հայտնել ԱՄՆ-ին իրենց միջնորդության համար, «որի արդյունքում ձեռք բերվեց հրադադարի վերաբերյալ փխրուն համաձայնություն»։
Նենսի Փելոսին ԱՄՆ երրորդ պաշտոնյան է։ Սա նրա առաջին այցն է Հայաստան։ Այն պլանավորված է եղել նախքան հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան այցը չի չեղարկել։ Հարավային Կովկասի այլ երկրներ այցելություններ նախատեսված չեն, ըստ նախնական տեղեկությունների՝ այցը տարածաշրջանային չէ։
Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։ Փելոսիի գրասենյակի փոխանցմամբ՝ Էշուն և Սփիերը հայկական արմատներ ունեն և երկար տարիներ գործունեություն են ծավալել «Հայաստանի շահերի համար»։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորած պատվիրակությունը երեկ է ժամանել Հայաստան։ Այսօր նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Փելոսին հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ինչին հաջորդել է համատեղ ասուլիս։
Պատվիրակությունը Հայաստանում է երկօրյա այցով։ Նախապես հայտարարվել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվելու են «հայ-ամերիկյան հարաբերություններն ու ներկայիս անվտանգային իրավիճակը»։
Հայ վերլուծաբանները ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը դրական են գնահատում, բայց նաև պնդում՝ հայ-ամերիկյան հարաբերությունները «պետք է պաշտպանել» չափազանցված, «ուռա-ամերիկասիրական» սպասումներից։
Փելոսի-Սիմոնյան ասուլիսի թեզերը, այցի մանրամասները, մեկնաբանություններ
Ի՞նչ հայտարարություններ են արել Փելոսին և Ալեն Սիմոնյանը
Նենսի Փելոսի
● ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից։
● ԱՄՆ Կոնգրեսն արդեն մշակել է այդ ագրեսիան դատապարտող բանաձև։
● ԱՄՆ-ը կշարունակի օգնել Հայաստանին և հանդես գալ նրա սահմանների փոփոխության դեմ։ Որոշում կայացնողը Հայաստանն է, բայց եթե այն կայացվի, ԱՄՆ-ն պատրաստ է օգնել նրան։
● Մենք այստեղ ենք լսելու, թե ինչ կարող ենք անել, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում համագործակցության հարցում:
● Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործողությունները, պատմական հուշարձանների նկատմամբ վանդալիզմը մեր ուշադրության կենտրոնում են։
● ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է պնդել, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, անհրաժեշտ է խաղաղ, քաղաքական և տևական լուծում։
Ալեն Սիմոնյան
● Փելոսիի այցը Հայաստան չափազանց կարևոր է այս դժվարին ժամանակահատվածում։
● Մենք շնորհակալ ենք ԱՄՆ իշխանություններին իրենց միջնորդության համար, որի արդյունքում ձեռք բերվեց հրադադարի վերաբերյալ փխրուն համաձայնություն։
● Մենք նաև շնորհակալ ենք ԱՄՆ իշխանություններին Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ կոնկրետ գնահատականի համար։
● ԱՄՆ-ի ցանկացած օգնություն կենսական նշանակություն ունի Հայաստանի պետականության համար: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները կարող են դառնալ այս երկրի էքսպանսիան կասեցնելու ևս մեկ լծակ։
Նախատեսվում է Փելոսիի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պատվիրակությունը կունենա նաև այլ պաշտոնական հանդիպումներ, այդ թվում՝ Ազգային ժողովում։ Ակնկալվում են նաև հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ի՞նչ է ակնկալում Հայաստանը՝ «անվտանգության երաշխիքներ»
Փելոսիի այցի նախօրեին Հայաստանի խորհրդարանի խոսնակը Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց, որ բարձրաստաիճան պաշտոնյան Երևան է գալիս իր հրավերով։
«Դա մեր դեսպանի, քաղաքական թիմի մեծ աշխատանքն է, դա նաև գնահատական է այն ժողովրդավարության աստիճանին, որ Հայաստանում գոյություն ունի»,- շեշտել էր Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանն ասել է, որ այցի մասին ավելի վաղ գիտեր ու շնորհակալություն հայտնել Փելոսիին այն չչեղարկելու համար։
Պատասխանելով հարցին, թե Փելոսիի այցից ինչ է ակնկալում պաշտոնական Երևանը՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակն ասել էր, որ ՀՀ-ն իր բոլոր գործընկերներից ակնկալում է «անվտանգության հնարավորինս մեծ երաշխիքներ», քանի որ հենց անվտանգությունն է երկրի թիվ մեկ խնդիրը։
«Պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»․ Փելոսիի առաջին գրառումը Երևանից
Հայաստան ժամանելուց մեկ ժամ անց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է մի գրառում, որում Հայաստանը թվարկել է ավտորիտար ռեժիմներից պաշտպանության կարիք ունեցող ժողովրդավարական պետությունների շարքում՝ Թայվանի և Ուկրաինայի կողքին։
«Մեր [ԱՄՆ] հիմնադիր հայրերը 1787 թվականին՝ Սահմանադրության օրը, նախընտրեցին ժողովրդավարությունը ավտորիտարիզմից: Սերնդեսերունդ մենք պաշտպանել ենք այդ ընտրությունը: Այսօր ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»,- գրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը։
«Խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան»․ այցի նպատակների մասին
«Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան և կայուն ու խաղաղ Կովկասյան տարածաշրջան»,- ասված է Փելոսիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը զուգահեռներ էր տարել Հայոց ցեղասպանության և ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների միջև՝ որպես օրինակ բերելով նաև ուկրաինական պատերազմը․
«Բոլորի բարոյական պարտքն է՝ չմոռանալ երբեք, պարտք, որն առավել հրատապ է դարձել, երբ աշխարհով մեկ վայրագություններ են կատարվում, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ»,- ընդգծել էր Փելոսին։
Անդրադառնալով սպասվելիք հանդիպումներին՝ բարձրաստիճան պաշտոնյան նշել էր, որ դրանց ընթացքում հայտնելու են նաև «ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի երկար տարիների բարեկամ, շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորմանը»։
Դեռևս շաբաթներ առաջ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ առաջիկայում սպասվում է մի շատ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի այց Հայաստան՝ առանց անունը հնչեցնելու։ Վերջին օրերին Փելոսիի Հայաստան գալու մասին լուրերն ակտիվ շրջանառվում էին միջազգային մամուլում։ Ինքը՝ Փելոսին, դրանք հաստատեց Հայաստան այցի նախօրեին՝ Բեռլինում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Մինչ Նենսի Փելոսին Երևան կհասներ՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցի օրակարգը ներկայացրել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Հաղորդվել էր, որ հանդիպումների ընթացքում քննարկվելու են «հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը»։
Մեկնաբանություններ
Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ Փելոսիի այցը Հայաստան չափազանց կարևոր է, քանի որ նա երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, Ամերիկայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն ու նախագահ Ջո Բայդենի թիմակիցը:
«Նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, դեմոկրատներին պետք են հայկական ձայներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ Փելոսին հայերի լավագույն բարեկամներից է Կոնգրեսում և Հայաստան գալը նաև անձնական մոտիվ ունի»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նա։
Միջազգայնագետի գնահատմամբ՝ անկախ այցի նպատակներից, ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այս քայլը մեծ դիվանագիտական աջակցություն է Հայաստանին և շատ կարևոր է, թե իշխանությունները ինչպես կօգտագործեն այս հնարավորությունը։
«Մանավանդ Հայաստանի դեմ ագրեսիայի պայմաններում կարող ենք աշխարհին ցույց տալ, որ իրականում սա Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարության մեսիջն է՝ ուղղված ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանի ղեկավարությանը: Կարող ենք ցույց տալ աշխարհին, որ իրականում Հայաստանը գտնվում է գլոբալ խաղացողների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում»,- «Ազատության» հետ զրույցում ընդգծել է Սուրեն Սարգսյանը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ պետք է կարողանալ Փելոսիի այցը դարձնել հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացման ու առարկայացման հանգրվան՝ առանց մոռանալու, որ նա Հայաստան է եկել ԱՄՆ, ոչ թե Հայաստանի խնդիրները լուծելու համար:
Ասում է՝ խոսնակն անշուշտ կարող է օգտակար լինել նաև Հայաստանի խնդիրների լուծման հարցում, բայց դա էապես կախված է պաշտոնական Երևանի հասունությունից և քաղաքական լրջմտությունից:
Նրա խոսքով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները «պետք է պաշտպանել» չափազանցված, «ուռա-ամերիկասիրական» սպասումներից։
Ասում է՝ դրանք վնասում են այդ հարաբերությունների իրական հեռանկարին, որը, իր հերթին, «պահանջելու է շատ բարդ աշխատանք, կարևորագույն քննարկումներ, հանդարտություն, հաճախ նաև՝ ավելորդ աղմուկի բացակայություն»։
«ԱՄՆ-ը գերտերություն է, որն ունի իր շահը ոչ միայն մեր առնչությամբ, այլև մեզ համար զգայուն մի շարք հարցերի, որոնց մի զգալի մասի պարագայում էլ այդ շահը համահունչ չէ մեր շահին կամ հետաքրքրություններին: Եվ դա միանգամայն նորմալ է, պարզապես պետք է կարողանալ հաշվի առնել այդ ամենն ու մշակել մեր անելիքը, քննարկել ընդհանուր անելիքը և շարժվել առաջ»։
Բադալյան համոզմամբ՝ պետք է ջանքեր գործադրել հայ-ամերիկյան հարաբերությունները «սթափ և իրատես քննարկումների հունի մեջ» պահելու համար:
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ այցը գործնական բնույթ կստանար, եթե Փելոսին Հայաստանում ազդարարեր, որ օրինակ’ դեմոկրատական մեծամասնությունը կնախաձեռնի Բաքվի նկատմամբ պատժամիջոցների նախագիծ, եթե Ադրբեջանը սեղմ ժամկետում չվերադառնա առնվազն սեպտեմբերի 13-ի ելման դիրք:
«Այլապես այն, որ Ռուսաստան, ՀԱՊԿ կոչվող հակադաշնակիցներից չունենք որևէ ակնկալիք, սա պարզ է բոլորիս էլ, իսկ շատերիս՝ նվազագույնը տասնամյակ առաջ։ Հիմա մեզ պետք է հասկանալ, թե այլընտրանքները գործնականության ինչպիսի աստիճան ունեն»,- գրել է Բադալյանը։
Նենսի Փելոսիի այցը Հայաստան