«Իմ երջանիկ ընտանիքը» վրացական ֆիլմը, որի ռեժիսորները Նանա Էկվթիմիշիլին և Սիմոն Գրոսն են, հայտնվել է 2017թ-ի լավագույն ֆիլմերի վարկանիշում՝ ըստ ամերիկյան The Wrap պոպուլյար պարբերականի:
Վարկանիշը, որում 12 ֆիլմ է ներառվել, կազմել է պարբերականի խմբագիր Ալոնսո Դուրալդեն: «Իմ երջանիկ ընտանիքը» ֆիլմը 10-րդ հորիզոնականն է զբաղեցրել:
Վարկանիշային սանդղակում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի «Ինձ քո անունով դիմիր» (Call Me by Your Name) ֆիլմը: Երկրորդ հորիզոնականում ամերիկացի ռեժիսոր Գրետա Գերվիգի ֆիլմն է Լեդի Բերդի՝ դեռահաս աղջկա, մեծանալու մասին:
Երրորդ տեղում սառը պատերազմի դարաշրջանի ֆենթեզի ֆիլմ է, որն առաջատար է դարձել «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգերի քանակով, ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape Of Water) մելոդրամատիկական թրիլերը: Լավագույն հնգյակում է հայտնվել նաև ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Նրանց աստղային ժամը» (Their Finest) բրիտանականֆիլմն ու Ջորդան Փիլի «Հեռու» ամերիկյան սարսափ ֆիլմը:
Վրաստանի և Գերմանիայի համագործակցությամբ ստեղծված «Իմ երջանիկ ընտանիքը» ֆիլմը ռեժիսորներ Էկվթիմիշվիլիի և Գրոսի երկրորդ համատեղ աշխատանքն է: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017թ-ի հունվարի 22-ին «Սանդենս» միջազգային կինոփառատոնի շրջանակում, որին կինոնկարը քննադատների բարձր գնահատականներին է արժանացել: Այդ ժամանակից ի վեր ֆիլմը տարբեր միջազգային կինոփառատոնների մրցանակներ է շահել:
«Իմ երջանիկ ընտանիքը» ֆիլմը պատմում է երեք սերնդից է բաղկացած վրացական մի ընտանիքի մասին։: Ֆիլմի գլխավոր հերոսուհին վրացերենի և գրականության 52-ամյաուսուցչուհի Մարինա Մխեիձեն է (դերասանուհի Իա Շուգլիաշվիլի), որը մի օր որոշում է արմատապես փոխել իր լճացած կյանքն ու հեռանալ ընտանիքից՝ թողնելով մեծ երեխաներին և ամուսնուն՝ Սոսոյին (դերասան Մերաբ Նինիձե): Մարինայի կյանքում չկա այլ տղամարդ, նա չունի որևէ այլ թաքնված դրդապատճառ, նա պարզապես երազում է հանգիստ մի վայր մեկնել, որտեղ կարող է թուլանալ, նստել պատուհանի մոտ, գիրք կարդալ և պարզապես սեփական կյանքով ապրել: