Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ հաղորդակցությունների դաշնային հանձնաժողովը չեղարկել է ցանցային չեզոքության սկզբունքը, որը հաստատվել էր 2015թ-ին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Սկզբունքի իմաստն այն էր, որ փրովայդերներն իրավունք չունեին արգելափակելու կամ դանդաղեցնելու որևէ թրաֆիկ։
FFC նախագահ Աջիթ Պային, որին այդ պաշտոնում նշանակել է Դոնալդ Թրամփն իր նախագահության սկզբին, հայտարարել է, որ ցանցային չեզոքության սկզբունքը խանգարում էր բիզնեսի զարգացմանն ու այդ ոլորտում նորմալ մրցակցությանը։
Սկզբունքի չեղարկման կողմնակիցները նշում են նաև, որ պետությունը ոչ մի դեպքում չպետք է միջամտի համացանցի աշխատանքին։
Որոշ ընկերություններ և սպառողների շահերի պաշտպանության խմբեր, ընդհակառակը, բողոքում էին սկզբունքի չեղարկման դեմ, քանի որ համարում են, որ դա կբերի շուկայի մոնոպոլիզացման և “մեր ճանաչած համացանցի մահվան”։
Փորձագետները նշում են, որ ցանցային չեզոքության սկզբունքի գլխավոր նպատակը սպառողին թույլ տալն էր ինքնուրույն ընտրել այն կոնտենտը, որն ավելի հետաքրքիր է, և թույլ չտալ խոշոր ընկերություններին իրենց արտադրանքը պարտադրել սպառողին։
Համացանցից այսօր օգտվում է գրեթե յուրաքանչյուրն, այդ պատճառով էլ դրա հետ կապված խնդիրները վերաբերում են բոլորին, և բոլորը դրանք ընկալում են իրենց պահանջմունքների պրիզմայի միջոցով: Այդ պատճառով էլ համացանցի կարգավորման մասին հարցերի ցանկացած քննարկում այդպես բուռն է անցնում:
Դեռևս պարզ է, թե սկզբունքի չեղարկումը որքան արմատական ազդեցություն կունենա համացանցային լանդշաֆտի վրա: Պարզ է, որ հսկա ընկերություններին այն ձեռնտու է: Թե ինչպես փոփոխված պայմաններում իրենց կյանքի համար կպայքարեն շուկայի նորեկներն, այնքան էլ ակնհայտ չէ և հնարավոր կլինի հասկանալ միայն որոշ ժամանակ անց:
Փորձագետները կարծում են, որ սկզբունքի չեղարկման հետ միասին շուկան ավելի ագրեսիվ կդառնա, իսկ դրա ներսում պայքարի հնարավորությունները զգալիորեն կավելանան:
Պետք չէ FCC որոշումը վերջնական համարել: Ըստ ամենայնի, ցանցային չեզոքության սկզբունքի չեղարկումը դեռ քննարկվելու է դատարանում: “Ամեն անգամ, երբ մենք ինչ-որ լուրջ որոշում ենք կայացնում, մարդիկ դատարան են դիմում”, — իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը մեկնաբանել է FCC աշխատակիցը: