Երեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, Նյու Յորքում՝ Մանհեթենում, բեռնատարի վարորդը մտել է հեծանվուղի և մի քանի թաղամաս անցնելով՝ վրաերթի ենթարկելով հեծանվորդներին, բախվել է դպրոցական ավտոբուսին։ Վարորդը ի վերջո վիրավորվել և ձերբակալվել ոստիկանների կողմից: 8 մարդ է զոհվել, 11-ը վնասվածք է ստացել: Հանցագործի մոտ հայտնաբերվել է պնևմատիկ զենք և փեյնթբոլ խաղալու հրացան:
Ինչպես CNN-ին հաղորդել է ոստիկանության բարձրաստիճան աղբյուրը, կասկածյալի մեքենայում անգլերեն լեզվով գրություն են գտել, որում նա հաղորդում է, որ իր գործողություններն ԻԼԻՊ-ի անունից է կատարում:
Հետաքննությունների դաշնային բյուրոն կատարվածը որպես ահաբեկչություն է որակում: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլազիոն հայտարարել է, որ համաձայն է այդ գնահատականի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Թվիթերում գրել է. «Դա նման է հիվանդ, հոգեպես անհավասարակշիռ մարդու հերթական գրոհի»:
Ոստիկանությունն արդեն պարզել է կասկածյալի ինքնությունը: Նրա անունը Սայֆուլո Սայիպով է, նա 29 տարեկան է, ծնվել է Ուզբեկստանում, 2010թ-ից բնակվում է ԱՄՆ-ում:
Երեկ Նյու Յորքում կատարվածն այս տարվա արդեն երկրորդ ահաբեկչությունն է, որի իրագործողը ծնունդով ուզբեկ է: Ապրիլին Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվեց ամբոխի մեջ, որի արդյունքում 5 մարդ զոհվեց: Կատարվածն ահաբեկչություն որակվեց: Բեռնատարի ղեկին Ուզբեկստանի քաղաքացի Ռահմաթ Աքիլովն էր: