«Կան քննարկման ենթակա հարցեր»․ ՀՀ ԱԺ նախագահը՝ Լավրովին
Ալեն Սիմոնյան-Լավրով հանդիպում Մոսկվայում
Պաշտոնական այցով Մոսկվայում է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա Ռուսաստան է մեկնել գործընկերոջ՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։
Այսօր Սիմոնյանին ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հանդիպման բաց հատվածում ՌԴ ԱԳ նախարարը նկատել է՝ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է Ռուսաստանի հետ համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու շահագրգռվածության մասին, բայց դա «արտատարածաշրջանային երկրներից ոչ բոլորին է դուր գալիս»։
Սերգեյ Լավրովը պնդել է, թե Ռուսաստանը դեմ չէ այլ գործընկերների հետ իր դաշնակիցների հարաբերությունների զարգացմանը, բայց ԵՄ-ն նրանց դնում է երկընտրանքի առաջ՝ լինել կամ Ռուսաստանի հետ կամ՝ իրենց։
«Հայաստանում գոյություն չունի «մեզ հետ կամ մեր դեմ» ընկալումը։ Մենք համարում ենք, որ դա սխալ է»,- ի պատասխան վստահեցրել է ՀՀ ԱԺ նախագահը։
ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում սպասվող ընտրություններին և վստահեցրել՝ «պրովոկացիոն» նպատակներ են հետապնդում արտերկրից հնչող այն հայտարարությունները, թե «ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել» ընտրական գործընթացին՝ սլաքներն ուղղելով Մոսկվայի վրա։
«ՀՀ-ն ունի իր ինքնիշխան ընտրությունը։ Մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ, ինքնաբավ և կարողանա ինքն ընտրել իր արտաքին քաղաքական ուղղվածությունը»,- հայտարարել է Լավրովը։
Ի՞նչ են քննարկել Լավրովն ու Սիմոնյանը, ԱԺ նախագահի հայտարարությունները հանդիպումից առաջ, մեկնաբանություն
- «Պետք է այնպես անել, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հեռանա ՀՀ-ից»․ կարծիք
- «ՀՀ-ն կվերականգնի երկաթուղային կապը Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ լինի դա ՌԴ հետ, թե առանց». կարծիքներ
- «ԱՄՆ և ԵՄ հետ կապերի խորացման տակ ՌԴ-ին ՀՀ-ից դուրս թողնելու օրակարգ չկա»․ ՀՀ ԱԳ նախարար
«Տարօրինակ է, երբ լսում ենք հյուսիսից ՀՀ դեմ միֆական վտանգների մասին»․ Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շեշտել է՝ Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հայտարարություններ այն մասին, թե Հայաստանին «միֆական վտանգ» է սպառնում հյուսիսից։
«Հատկապես խոսվում է ՀԱՊԿ–ի հետ կապված սպառնալիքների մասին։ Այս համատեքստում նաև փորձ է արվում կասկածի տակ դնել մեր համատեղ պատմությունը, Հայրենական մեծ պատերազմը»,- ասել է նա։
Լավրովը հիշեցրել է՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և այդ դերին պատասխանատվությամբ է վերաբերվում:
«Ամեն կերպ ցանկանում ենք զարգացնել այդ համագործակցությունը, առաջ տանել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, նախաձեռնություններ՝ հաշվի առնելով այն փորձը, որն արդեն առկա է և արտացոլված է Հայաստանի տնտեսության կառուցվածքում»,– ասել է նա։
Խոսելով ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցության մասին՝ հերթական անգամ պնդել է՝ այն չի կարող համատեղելի լինել ԵՄ-ին միանալու հետ։ Շեշտել է՝ ՌԴ այդ դիրքորոշումը պայմանավորված չէ «ինչ-որ գաղափարական դրդապատճառներով», այլ բխում է իրականությունից։ Միևնույն ժամանակ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է՝ լիովին կհարգեն ՀՀ ընտրությունը։
Լավրովի համոզմամբ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020–2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունները դեռևս արդիական են և թույլ են տալիս լուծել տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները Հարավային Կովկասում։ Ասում է՝ Մոսկվան հիմա էլ պատրաստ է դրան։
Ամենայն հավանականությամբ, ՌԴ ԱԳ նախարարը, առաջին հերթին, նկատի ունի 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ որի՝ ռուսական կողմը պետք է վերահսկողություն իրականացներ Ադրբեջանը Նախիջևանին կապող և ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհին։
Այդ ճանապարհը, սակայն, 2025 թ․-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածությունների համաձայն՝ հայ-ամերիկյան TRIPP նախագծի մաս է։ Մոսկվան պարբերաբար հայտարարում է՝ պատրաստ է քննարկել նախագծին իր մասնակցության հնարավոր տարբերակները։ Երևանից, սակայն, հիշեցնում են՝ երրորդ երկրներ կարող են ներգրավվել միայն ՀՀ-ԱՄՆ համաձայնության պարագայում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնիսկ «աբսուրդային» էր համարել TRIPP-ին ՌԴ մասնակցությունը՝ նշելով, որ «դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի»։
Սիմոնյան․ «Հայաստանը շահագրգռված է ՌԴ հետ կապերի պահպանմամբ»
«Ես չեմ ուզում, որ այստեղ՝ Ռուսաստանում, տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել ընդդեմ ՌԴ-ի՝ բարեկամական դաշնակից պետության` չնայած այն հանգամանքին, որ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն»,- ընդգծել է Սիմոնյանը։
Վստահեցրել է՝ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ կապերի պահպանմամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում․
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից դուրս գանք։ Կարծում ենք` կարող ենք միասին գտնել լուծում, որը ձեռնտու կլինի կողմերին»։
Անդրադառնալով ՌԴ հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքին՝ Սիմոնյանը կրկնել է ՀՀ-ի դիրքորոշումը՝ անդամակցությունը սառեցված է, քանի որ Երևանն այդպես էլ չի ստացել իր հարցերի պատասխանները։
2021-2022 թվականներին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումներից հետո Երևանը դիմել էր ՀԱՊԿ-ին աջակցության տրամադրման հարցով։
Մասնավորապես՝ 2022 թ․-ի սեպտեմբերյան հարձակումից հետո դաշինքը ռազմական փոխօգնության փոխարեն հայկական կողմին առաջարկվել էր դիտորդական առաքելություն ուղարկել, ինչը Հայաստանը մերժել էր։ Ավելին, ՀԱՊԿ-ից պնդել էին, թե չեն կարող ասել, թե որտեղով է անցնում ՀՀ-Ադրբեջան սահմանը, քանի որ այն սահմանազատված չէ։
Ռազմական դաշինքի հետ Երևանի հարաբերությունները լարված են։ 2024 թ․-ի փետրվարին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում։
Սիմոնյանը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանի վերաբերյալ ՌԴ հանրային տիրույթում առկա հռետորաբանության կապակցությամբ։ Ընդգծել է՝ այդ մասին խոսել է նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ․
«Հայ հասարակության մեջ շատ բացասական են արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից։ Այդպես են արձագանքում, որովհետև Մոսկվան կարևոր է, կարծիքը կարևոր է, և այն գիտակցումը, որ Մոսկվան դաշնակից է, եղել է և կա։ Դրա համար շատ ցավոտ է լսել նման արտահայտություններ»,— նկատել է նա։
«Չկա հարց, որ չենք քննարկի»․ նախապատմություն
Օրեր առաջ Factor TV-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել էր սպասվող այցին։ Նշել էր՝ հանդիպելու է Մատվիենկոյի, Լավրովի հետ, չէր բացառել, որ կլինեն նաև այլ հանդիպումներ։
«Երբ տիկին Մատվիենկոն այստեղ էր, ֆորում անցկացվեց, ՌԴ ռեգիոնների և ՀՀ մարզերի միջև մի շարք համաձայնություններ ստորագրվեցին։ Դրանց վավերացման խնդիր կա։ Այդ հարցերն ենք քննարկելու, հայ-ռուսական հարաբերությունների խնդիրն ենք քննարկելու»,- նկատել էր նա և հավելել՝ պետք է համաձայնեցնեն նաև Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ժամկետները։
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են 2026 թ․-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հիբրիդային հարձակումների մասին։ Ինքը՝ Սիմոնյանը, բացմիցս է հայտարարել, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Վստահեցրել է՝ ռուս պաշտոնյաների հետ քննարկելու են բոլոր հարցերը։
«Ինձ համար, մեր թիմի համար, այդպիսի հարց չկա, որը մենք չենք քննարկի»,- շեշտել է նա։
Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ հիբրիդային հարձակումների մասին խոսելիս պետք չէ նկատի ունենալ, թե դրանք ուղղորդում կամ ղեկավարում են այն մարդիկ, ում հետ հանդիպելու է ՌԴ-ում․
«Հիբրիդային հարձակումը ոչ միայն պետությունների կողմից է լինում։ Լինում են մարդիկ, ովքեր մտնում են քաղաքականության մեջ։ Ռուսական լավ խոսք կա՝ «В Кремле много башен», կան շահագրգռված հայազգի գործիչներ, որ բնակվում են ՌԴ-ում, կան տարբեր թևեր»։
Հայտարարել էր՝ պետք չէ այդտեղ փնտրել Փաշինյան-Պուտին կամ Սիմոնյան-Մատվիենկո կոնֆլիկտ, քանի որ նման բան չկա։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է․
«Հազվադեպ է լինում, երբ ինչ-որ երկրի խորհրդարանի կամ օրենսդիր իշխանության ղեկավար, գնալով մի այլ երկիր, հանդիպում է այդ երկրի արտգործնախարարի հետ։ Մանավանդ՝ հայ-ռուսական հարաբերություններում։ Դրանք, այսպես ասած՝ իրար հետ չհատվող հետագծեր են, բայց դա տեղի է ունենում։
Հայտնի չէ, թե ինչ քաղաքական հանձնառությամբ է մեկնել Ալեն Սիմոնյանը՝ ուղղակի ռուսական սպառնալիքը կառավարելի պահելո՞ւ համար, թե՞ ինչ-որ բաներ պայմանավորվելու։
Կյանքը ցույց կտա։ Չնայած պայմանավորվելու առումով խիստ կասկածելի է, որ մի բան ստացվի։
Ալեն Սիմոնյանը հանդիպելու է մեկի հետ, ում ցավոտ կետը ցավում է միայն այն պատճառով, որ մենք Եվրոպայում և ԱՄՆ-ում մեր համախոհ գործընկերների հետ պայմանավորվածությունների ենք հասնում՝ ի շահ մեզ, մեր տարածաշրջանի։
Քանի որ սա Ռուսաստանի հարևան տարածաշրջանն է, նաև ի շահ ՌԴ-ի, եթե օբյեկտիվորեն, եթե ցավոտ կետերը այդքան շատ չեն ցավում անիմաստ տեղը [հեգնում է]։ Բայց ցավալու են՝ ուզենք, թե չուզենք, որովհետև այդ պայմանավորվածությունները ՌԴ-ին դարձնում են մի «ի շարս այլոց» կարգավիճակում գտնվող սուբյեկտ, այն էլ, եթե ինքը՝ ՌԴ-ն պրագմատիզմ դրսևորի։ Կարող է դա էլ չունենալ, եթե շարունակի համառել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ալեն Սիմոնյան-Լավրով հանդիպում Մոսկվայում