Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը բանտում արդեն 8-րդ օրն է, ինչ հացադուլ է անում
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանական «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամ Ֆիզուլի Հուսեյնովը ձերբակալվել է Բաքվում հունիսի 14-ին միայնակ ակցիայից հետո։ Նա 10 օրվա կալանքի է դատապարտվել Վարչական օրինազանցությունների մասին օրենսգրքի 535.1 հոդվածի համաձայն (ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելը):
Իր միայնակ ակցիան Հուսեյնովը նվիրել է Իլգար Մամեդովի ծննդյան օրվան, որը «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է և 7 տարվա ազատազրկման է դատապարտվել: «Զինվելով» ընդդիմադիր գործընկերոջ դիմանկարով՝ Հուսեյնովը պահանջել է նրան ազատ արձակել:
Ձերբակալումից անմիջապես հետո Ֆիզուլի Հուսեյնովը հացադուլ է հայտարարել, որը շարունակում է մինչ օրս՝ մեկ շաբաթից ավել:
Ինչպես Turan գործակալությանը հաղորդել է ձերբակալվածի փաստաբան Ջավադ Ջավադովը, հինգերորդ օրը Հուսեյնովի ինքնազգացողությունը վատացել է: Նա շատ թույլ է և գունատ, սակայն շարունակում է հացադուլը՝ չնայած իր վիճակին և փաստաբանի հորդորներին:
Ֆիզուլի Հուսեյնովը վարչական կալանքների և հացադուլի փորձ արդեն ունի: Նախորդ տարվա հոկտեմբերին, երբ երկարատև հացադուլի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, ոստիկանությունը փորձեց նրան հոգեբուժարան ուղարկել: Սակայն փորձաքննությունը Հուսեյնովին մեղսունակ ճանաչեց: Արդյունքում՝ նա դադարեցրեց հացադուլը միայն այն ժամանակ, երբ այդ մասին խնդրեցին ընդդիմության առաջնորդները:
Իլգար Մամեդովը «Հանրապետական այլընտարնք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է: 2013թ-ին՝ Իսմայիլի քաղաք մեկնելուց հետո, որտեղ մինչ այդ քաղաքացիական անկարգություններ էին, նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի ՔՕ 233-րդ հոդվածի (հասարակական կարգի խախտմանը նպաստող գործողությունների կազմակերպում կամ նման գործողություններին ակտիվ մասնակցություն) և 315-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառումը կամ նրան դիմադրելը) համաձայն:
Իլգար Մամեդովին բազմիցս և ապարդյուն պահանջել են ազատ արձակել տարբեր միջազգային կազմաերպություններ: Այս տարվա մայիսին սպասվում էր, որ նրան համաներմամբ ազատ կարձակեն, սակայն նման բան նույնպես տեղի չունեցավ: