Ադրբեջանում փախստականները դժգոհ են հարկադիր կերպով հաշվիչների տեղադրումից
Կիսվել
Կիսվել
Փետրվարի 1-ին Ղարաբաղից բռնի տեղահանվածների ու փախստականների խմբի և «Ազերիշիգ» պետական գերատեսչության ներկայացուցիչների միջև առճակատում է տեղի ունեցել, քանի որ բնակիչները դժգոհ են էլեկտրականության հաշվիչ-սարքերի պարտադիր տեղադրման որոշումից:
Սոցիալական ցանցերում հրապարակումներ կան առ այն, որ որոշ դեպքերում ցույցերը վերածվել են բախման, սակայն «Ազերշիգի» (ԱզերԼույս) մամուլի ծառայությունը հերքում է այդ տեղեկությունը:
Բողոքի ակցիաները հանգստացնելու համար փախստականների ավան են ուղարկվել ոստիկանության լրացուցիչ ուժեր:
Ակցիան տեղի է ունեցել Գըզըլգում և Փիրշաղի ավաններում՝ Բաքվից շուրջ 20 կմ հյուսիս: Այստեղ 1990-ականների սկզբից նախկին առողջարաններում ապրում են Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնի տեղահանվածները:
«Մինչ այժմ մեր կողմերում օրերով, շաբաթներով ջեռուցում չի եղել, մշտապես խնդիրներ են եղել: Մեզ համար ջեռուցման միակ աղբյուրը էլեկտրականությունն է: Եվ այսօր՝ այսպիսի սառնամանիքին, գալիս են էլեկտրիկները և պատրաստվում մի քանի օրով անջատել էլեկտրականությունը, մինչև որ հաշվիչներ տեղադրվեն: Իսկ մեզ տրամադրվող 36 մանաթը (շուրջ 18 եվրո-խմբ.) կարո՞ղ է փոխհատուցել մեր ծախսերը: Այդ միջոցները 10 օր էլ չեն բավականացնի»,- «Ռադիո Ազադլիքի» հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը:
«Ազերիշիգի» մամուլի ծառայությունը հերքում է, որ իր աշխատակիցների և փախստականների միջև ծեծկռտուք է ծագել: «Տեղեկատվությունը, որ ընկերության հարյուրավոր աշխատակիցներ զբաղվել են հաշվիչների տեղադրմամբ, նույնպես չի համապատասխում իրականությանը: Նման տեղեկատվության տարածումը տարբեր ինտերնետ-ռեսուրսների կողմից նպատակ ունի մոլորության մեջ գցել հանրությանը», ասվում է «Ազերիշիգի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Փախստականների համար էլեկտրականության հաշվիչ-սարքերի տեղադրումը սկսվել է համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2017թ. հունվարի 23-ի համապատախան հրամանի: Միայն վերջին օրերին տեղադրել է 5700 հաշվիչ, ասվում է «Ազերիշիգի» հաղորդագրության մեջ:
Մինչ այս փախստականները և բռնի տեղահանվածները որոշակիորեն ազատված էին կոմունալ ծառայություննրի համար վճարից: