Ադրբեջանում հրաժարվում են վճարել ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների ապահովագրության համար
Կիսվել
Կիսվել
Զոհվածների ընտանիքներն, ըստ նախագահի հրամանագրի, պետք է այս տարվա ապրիլից միանվագ գումար ստանան 11 հազար մանաթի չափով (6 470 դոլար):
Սակայն նախարարությունը պնդում է, որ նրանցից շատերն արդեն փոխհատուցում ստացել են 90-ականներին, դա նշանակում է, որ այժմ նրանց փող չի հասնում:
Ղարաբաղյան պատերազմը (1992-1994) Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվ փուլն է: Ըստ պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական կողմից այն ժամանակ զոհվել է ավելի քան 11 հազար զինծառայող:
Զոհվածներից ոմանց ընտանիքներն, իրենց հերթին, ասում են, որ ոչ մի գումար այն ժամանակ չեն ստացել, իսկ նախարարությունը, թեև հակառակն է պնդում, սակայն համապատասխան փաստաթղթեր չի շտապում ներկայացնել: Արդյունքում՝ զոհված զինվորականների ընտանիքների անդամները Միլլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) շենքի դիմաց ակցիա են անցկացրել, և հարցը հայտնվել է լիագումար նիստի օրակարգում:
Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ստեղծված իրավիճակում մեղադրում է պետական կառույցներին, որոնց պատճառով քաղաքացիներն իրենք պետք է ապացուցեն՝ ստացել են այդ գումարները, թե՝ ոչ.
«Դա ճիշտ մոտեցում չէ: Այդ կառույցները պետք է իրենց արխիվն ունենան: Նրանք պետք է կատարեն իրենց գործառույթները և բողոքողներին Միլլի Մեջլիս ուղարկեն: Հնարավոր է, որ այդ մարդկանց թիվը մեծ չէ, սակայն նրանց դժգոհությանը պետք է արձագանք լինի: Հնարավոր է, նրանցից ոմանք իրավացի չեն, սակայն ցանկացած դեպքում պետությունը պետք է լուծի հարցը»: