Ադրբեջանում կալանավորված ռուս գիտնականը վերադարձել է հայրենիք
Կիսվել
Կիսվել
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը իր երկիր է վերադարձել Ադրբեջանում տասնօրյա բանտարկությունից հետո:
Չուլկովն Ադրբեջան է եկել հունվարի սկզբին Մոսկվա-Գյանջա ուղիղ չվերթով: Այնուհետև նա գնացել է ուսումնասիրելու և լուսանկարելու տեղական տեսարժան վայրերը, մասնավորապես, Գյոյգեյլ լիճը, որը 2008թ-ից արգելոց և ազգային պարկ է հայտարարվել, և այդ գոտի մուտքը սահմանափակ է:
Չուլկովին շուտով նկատել են պահակները և պահանջել դադարել լուսանկարել: Նրանց խոսքով՝ գիտնականը հրաժարվել է ենթարկվել իրենց պահանջներին, և իրավապահ մարմինները Դմիտրի Չուլկովի մասին հավաքած նյութերը դատարան են ուղարկել: Հունվարի 5-ին, հղում կատարելով Ադրբեջանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 535-րդ հոդվածին, դատարանը նրան 10 օրով կալանավորել է:
Գյանջայի հյուրանոցի տերը, որում ապրում էր Չուլկովը, ՌԻԱ Նովոստի ռուսական գործակալությանն ասել է, որ Չուլկովը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մուտք է գործել պահպանվող տարածք: Այնուհետև պետանվտանգության մի խումբ աշխատակիցներ եկել են նրա մոտ հյուրանոց: Տիրոջը հարցաքննել են կենվորի մասին և առգրավել երիտասարդի բոլոր իրերը:
Չուլկովի ընկեր Կոնստանտին Մալանչևը կասկածում է, որ իր ընկերը միտումնավոր կերպով կարող էր ներխուժել արգելված օբյեկտ: «Նա նիհար և կարճահասակ է, հակված չէ անցնելու ցանկապատների վրայով, արկածախնդիր չէ», — ասել է նա: Նրա խոսքով՝ գիտնականը կարող էր Ազգային պարկի տարածք մտնել, որտեղ ավելի վաղ այլ զբոսաշրջիկների էլ են ձերբակալել: Նա նշել է, որ Չուլկովը կարող էր չիմանալ, որ դա արգելված օբյեկտ է:
«Նա շեղվել է արահետից, ինչ-որ բան ուսումնասիրել հեռադիտակով, իսկ քանի որ Ադրբեջանում Հայաստանի հետ կապված լարված իրավիճակ կա, նրան ձերբակալել են զինվորականները», — ենթադրել է Մալանչևը: Նա հավելել է, որ հունվարի 6-ից Չուլկովը համացանց չի մտել և չէր պատասխանում զանգերին: Մալանչևի խոսքով՝ դեսպանատանը չեն արձագանքել նրա ազգականների դիմումին մինչև այն պահը, երբ տեղեկատվությունը լրատվամիջոցներում չի տարածվել:
Այդ մասին նորություններ հրապարակելուց հետո Չուլկովի մորը մի մարդ է զանգահարել, որը ներկայացել է որպես դեսպանատան աշխատակից: Մալանչևի խոսքով՝ նա խնդրել է «աղմուկ չբարձրացնել, չանհանգստանալ»: Նրան ասել են, որ Դմիտրին «ողջ-առողջ է, շուտով Ռուսաստան կվերադառնա»: Կինը խնդրել է հաստատել դա: Դրանից հետո նրան զանգահարել են ադրբեջանական հեռախոսահամարից, անհայտ մեկը հեռախոսը փոխանցել է Չուլկովին:
«Դիման ասել է, որ իրեն ձերբակալել են, որ կերակրում են, և մի քանի անգամ կրկնել է, որ չեն ծեծում», — հաղորդել է Մալանչևը: Նրա խոսքով՝ վերջերս Դմիտրին Հայաստան էր մեկնել, ինչը նույնպես կարող էր «դուր չգալ» հատուկ ծառայություններին, գրում է «Դոժդ» Թի-Վին: