Ադրբեջանում թանկացել է ձմերուկը. ավանդաբար այն ամառվա ամենահասանելի մթերքն է
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանում փնտրում են ձմերուկի՝ ամառվա ամենատարածված մթերքի գնի բարձրացման պատճառները: Գինը գրեթե կրկնակի թանկացել է, և այժմ մեկ ձմերուկը կարող է մինչև 10 մանաթ [մոտ 6 դոլար] արժենալ:
Խնդիրը ոչ միայն գնի բարձրացումն է, այլ այն, որ ձմերուկի մատչելիությունը յուրօրինակ ավանդույթ է: Ձմերուկը տաք կլիմա է սիրում և լավ է աճում Ադրբեջանի կենտրոնական շրջաններում և անգամ Բաքվի մերձակայքում: Պանրով ձմերուկն Ադրբեջանում միշտ էժան ամառային նախաճաշ է եղել մեծ ընտանիքների համար:
Տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ձմերուկ ցանելու տեղ չի մնացել քանի որ պետությունը փորձել է զարգացնել բամբակագործությունը:
«Երբ Սաբիրաբադում, Սաաթլիում և այլ շրջաններում բռնի ուժով ստիպում են բամբակ ցանել, զարմանալի չէ, որ ձմերուկի մեկ կիլոգրամն արժե 60-70 կոպեկ: Իսկ դա նախապես կանխատեսելու համար պետք է ուսերին ունենալ ոչ թե ձմերուկ, այլ գլուխ…»:
Վաճառողները թանկությունը բացատրում են նրանով, որ ամռան առաջին կեսը շատ շոգ և երաշտային է եղել, և ձմերուկը «լավ չի հասել»:
«Եթե այս տարի որևէ մթերքի գինը բարձր է, բոլոր ֆերմերներն այդ մշակաբույսն են ցանում նաև հաջորդ տարի, և արդյունքում այդ մթերքը շուկայում շատանում է, իսկ գներն իջնում են: Կամ էլ նրանք չեն ցանում այն մշակաբույսը, որի գինն այս տարի ցածր է, հետևաբար, այն թանկանում է: Դրանից տուժում են հիմնականում, իհարկե, ֆերմերները»:
Ֆերմերներն հաստատում են, որ այս տարի ավելի քիչ ձմերուկ են ցանել, քան նախորդ տարի: