Ադրբեջանում զենքի պահեստում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել
Կիսվել
Կիսվել
Օգոստոսի 27-ի առավոտյան Սիյազին քաղաքից ոչ հեռու՝ Բաքվից մոտ 120 կմ հյուսիս—արևմուտք, զինամթերքի պահեստներից մեկում հուժկու պայթյուն է տեղի ունցեցել, որի հետևանքով զորամասի տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել: Փակվել է Բաքուն Ադրբեջանի հյուսիսային շրջանների հետ կապող ավտոմայրուղին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է այդ տեղեկատվությունը և հայտնել, որ իրենք տեղեկություն չունեն զոհերի և վիրավորների մասին:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 10 ջոկատ: Այս մասին հայտնել է Շտապ կայանի և Առողջապահության նախարարության անհետաձգելի բուժօգնության գլխավոր բժիշկ Միրալեմ Ջալալովը:
Նրա խոսքով՝ շտապօգնության մեքենաները չեն կարողանում մտնել տարածք, քանի որ զինամթերքի պաթյուններով ուղեկցված հրդեհը դեռ չի մարվել: Նա նաև նշել է, որ հրդեհի հետևանքով կան վիրավորներ:
Սոցցանցերի օգտատերերը հայտնում են, որ պայթյունների ձայնը լսվել է անգամ Բաքվի մերձակայքում: Մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա կարելի է նկատել սև ծխի հսկա սյուն: Մեծ թվով մեքենաներ դեռ կանգնած են Բաքու—Ղուբա մայրուղու վրա: