Ադրբեջանում դատում են Հայաստանի երկու քաղաքացու
Բաքվում սկսվել է դատավարությունը Հայաստանի երկու քաղաքացու գործով, որոնք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին կտտանքների ենթարկելու համար։ Դատական նիստին ներկայացել է նաև ադրբեջանցին, որին կտտանքի են ենթարկել մեղադրյալները։
Բաքվի Յասամալի շրջանային դատարանում սկսվել է դատավարությունը Հայաստանի քաղաքացիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով։
- Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս երեք ռազմագերի
- Ինչո՞ւ է Երևանում վայրէջք կատարել դատարկ ինքնաթիռն Ադրբեջանից․ մեկնաբանություն Բաքվից
- 1 : 5․ Հայաստանն ու Ադրբեջանը ևս մեկ անգամ գերիներով են փոխանակվել
Լյուդվիգ Մկրտչյանը ձերբակալվել է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈւ զինառայողների կողմից, Ֆիզուլիի շրջանի Մելիքջանլի գյուղի տարածքում։ Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է նաև երկրորդ մեղադրյալը՝ Հայաստանի քաղաքացի, 1967 թ-ին ծնված Ալյոշա Արամայիսի Խոսրովյանը, ասված է քննչական նյութերում։ Խոսրովյանը ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից, 2020 թ-ի հոկտեմբերի 3-ին, հետախուզական գործողություն իրականացնելիս։
Մկրտչյանին և Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ (կտտանքներ), 115.2 (պատերազմի վարման օրենքների և կանոնների խախտում), 279.1 (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների և խմբերի ստեղծում), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրանք կալանքի տակ էին առնվել։
Կտտանքներ ավելի քան 11 մարդու նկատմամբ
Դատարանում նշվել է, որ Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանը ծնվել է 1969 թ-ին։ Հետաքննության տվյալներով՝ «նա Հայաստանի զինված խմբավորումների և Ղարաբաղի անջատողականների հետ միասին կտտանքների է ենթարկել Ադրբեջանի քաղաքացու, որը գերեվարվել է 1991 թ-ի հուլիսի 12-ին։ Ադրբեջանցուն ապօրինի կերպով շուրջ 17 օր պահել են Խոջալուից ոչ հեռու գտնվող Բալըջայի անտառում»։
«Բացի այդ, հանցագործը Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների անցկացրած հարցաքննության ժամանակ խոշտանգել է Ադրբեջանի խաղաղ քաղաքացու, որին հայկական բանդաները գերեվարել են 1999 թ-ի սեպտեմբերի 13-ին, Գերանբոյի շրջանի Թափղարագոյունլու գյուղում։ Տուժածը Երևան է տեղափոխվել և ապօրինի պահվել զորամասերից մեկում։ Ընդ որում, Մկրտչյանը թարգմանչի գործառույթներ է կատարել։
Մեղադրյալ Մկրտչյանը մասնակցել է Ադրբեջանի 11 քաղաքացիների ծեծին և կտտանքներին, որոնք տարբեր ժամանակ գերեվարվել են և ապօրինաբար պահվել Խոջավենդի և Աղդերեի շրջանների տարածքներում, Շուշայի բանտում և Երևան քաղաքում։ Նա ինքնաձիգով սպանել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայողի»,- ասված է քննչական նյութերում։
«Կտտանքների է ենթարկել նվազագույնը հինգ գերու»
«Ալյոշա Խոսրովյանը մասնակից է գերության մեջ գտնվող հինգ ադրբեջանցիների կտտանքներին, ինչպես նաև՝ նրանց նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքին։ Մասնավորապես, Խոսրովյանը դաժանաբար է վերաբերվել Ադրբեջանի ՊՆ զորամասի զինծառայողի նկատմամբ 1994 թ-ի ապրիլին։ Այսպես, Խոջավենդի շրջանի Միսմինա (Աղբուլաղ) գյուղում վերջինիս ապօրինի պահման ժամանակ նա գերուն ստիպել է ծանր աշխատանքներ կատարել սեպարատիստների այսպես կոչված «պաշտպանության նախարար» Սամվել Բաբայանի տան շինարարության ժամանակ և տարբեր վնասվածքներ հասցրել»,- նշված է դատական փաստաթղթերում։
Հայտարարվել է նաև, որ «Խոսրովյանը պարբերաբար ծեծել և կիսասոված է պահել Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինվորներին, որոնց հայերը գերեվարել են 1993-1994 թթ-ին և որոնք պահվել են Շուշիի բանտում»։
Օմբուդսսմենը հանդիպել է մեղադրյալների հետ
Այն բանից հետո, երբ դատավորները դատական նիստի ժամանակ խորհրդակցության են դուրս եկել, օմբուդսմեն Սաբինա Ալիևան հանդիպել է մեղադրյալներին, հետաքրքրվել նրանց պահպանման պայմաններով և առողջական վիճակով։
Դատական հաջորդ նիստը նշանակված է հունիսի 9-ին։