Ադրբեջանում ամբողջությամբ ավարտվել է Իսլամական համերաշխության խաղերի նախապատրաստական փուլը
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանն ամբողջությամբ պատրաստ է ընդունելու Իսլամական համերաշխության 4-րդ խաղերը, որոնք կանցկացվեն 2017թ-ի մայիսի 12-22-ը: Այդ մասին հայտարարվել է Բաքվի կազմակերպչական կոմիտեի ավարտական նիստին:
Իսլամիադայի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան առանձնապես հետաքրքրվում էր անվտանգության ապահովման միջոցառումներով:
Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Օգթայ Քերիմովն ԱՊԱ գործակալությանը հաղորդել է, որ այդ կարևոր միջազգային սպորտային միջոցառման կազմակերպման խնդիրները բարձր մակարդակով կատարվում են՝ ծրագրի համաձայն:
Քերիմովը հավելել է, որ խաղերի պահպանության համար ՆԳՆ անձնական կազմի 12 հազար մարդ է ներգրավվել, որոնցից 252-ը կին են: Հսկիչ-անցակետերում Х-Ray-ի 154 սարքավորում և 286 ստացիոնար մետաղորսիչներ են տեղադրվելու: Դրա հետ կապված 1800 աշխատակիցների գործնական թրեյնինգներ են անցկացվում: Ճանապարհային երթևեկության և բարձր մակարդակի պատվիրակությունների ուղեկցման անվտանգության ապահովման աշխատանքները նույնպես ուշադրության կենտրոնում են: Դա կապահովի ճանապարհապարեկային ծառայության 1200 աշխատակից հատուկ նշանակության 400 ավտոմեքենաներով:
Խաղերի կազմկոմիտեի նիստին ելույթ ունեցած Պետական պահպանության հատուկ ծառայության պետ Վագիֆ Ախունդովն ասել է, որ 600 Motorola շարժական կայան է ձեռք բերվել, որոնք ամբողջությամբ օգտագործվում են պահպանման օբյեկտներում:
Ախունդովն ավելացրել է, որ Պետական պահպանության հատուկ ծառայությունը ստուգել է անվտանգություն ապահովողների ցուցակի 1560 անդամի: Նրանցից 107-ի վերաբերյալ վարկաբեկող տվյալներ են ստացվել, այդ պատճառով էլ նրանք հեռացված են միջոցառումներից: Նա չճշտեց, թե ինչ տվլայներ նկատի ունի:
Խաղերին կմասնակցի ավելի քան 3 հազար մարզիկ 57 երկրից.
10 օրվա ընթացքում աթլետները 16 սպորտային օբյեկտներում պայքար կմղեն 23 մարզաձևերում:
Խաղերի ավարտին 1600 մեդալ են պատրաստվում շնորհել:
Մրցաշարը լուսաբանվելու է մամուլի ավելի քան հազար ներկայացուցչի կողմից:
Ինչպես սպասվում է, Իսլամական համերաշխության 4-րդ խաղերին կհետևի 1 մլրդ-ից ավել հանդիսատես 50 երկրներում:
Խաղերի պաշտոնական թալիսմաններն են երկու ղարաբաղյան նժույգ՝ Ջասուրն ու Ինջան (խիզախ և նուրբ):