Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները կռվել են Մոսկվայում և Պետերբուրգում «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ
«ԿԱՎԿԱԶՍԿԻ ՈՒԶԵԼԻ» ՆՅՈՒԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների անդամների միջև կոնֆլիկտը վերաճել է անկարգությունների: Ինչպես հաղորդում է «Կավկազսկի ուզելը»՝ ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել իրավիճակին, սակայն ձերբակալվածների մասին չի հաղորդվում:
Պետերբուրգում նույնատիպ կոնֆլիկտ է տեղի ունեցել, ձերբակալվել է ադրբեջանական պատվիրակության մի քանի մասնակից:
Ռուսական մայրաքաղաքում և Պետերբուրգում «Անմահ գունդ» երթին ադրբեջանական կողմից մասնակցում էին Ռուսաստանի ադրբեջանական երիտասարդական կազմակերպության, Ադրբեջանի մշակույթի վերածննդի և զարգացման հիմնադրամի անդամները:
Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի հայերի միության և հայկական երիտասարդական կազմակերպությունների անդամներն, այդ թվում՝ Պետերբուրգի «Նոր սերունդ» կազմակերպության անդամները:
Մոսկվայում հայկական սփյուռքի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դրոշներն էին պարզել՝ վանկարկելով «Արցախ»: Ադրբեջանական պատվիրակության մասնակիցները բանավոր պահանջել են հեռացնել դրոշները, քանի որ դրանք կապ չունեն «Անմահ գունդ» ակցիայի թեմատիկայի հետ:
Դրանից հետո «Անմահ գունդ» ակցիայի մասնակիցների միջև ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում մի քանի մարդ է տուժել:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության վարկածի համաձայն՝ հայերը «հարձակվել են ադրբեջանցիների վրա, որի արդյունքում նրանցից ոմանք տուժել են»: «Ադրբեջանցիների ամբոխը», հասնելով երթի հայկական հատվածին «ծեծկռտուք է սադրել», իր հերթին պնդում է Times.am պարբերականը: Ոստիկանության աշխատակիցները կանխել են ծեծկռտուքը և բաժանել հայկական ու ադրբեջանական խմբերը, դրանցից յուրաքանչյուրին հետագայում ուղեկցում էր ՕՄՕՆ-ը:
Մոսկվայում կոնֆլիկտի վայրից Յութուբում տեսանյութ է հրապարակել InterAz-ը:
Տեսանյութի առաջին վայրկյաններին երևում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշներով հատվածի մարդիկ լեզվակռվի մեջ են մտել բարձր տոնայնությամբ, սակայն հստակ արտահայտություներ դժվար է հասկանալ: Մարդիկ սկսում են շարժվել, այնուհետև տեսագրության դիտակետը փոխվում է. Լեռնային Ղարաբաղի դրոշով մարդկանց խումբը շրջապատված է ոստիկանությամբ, ինչ-որ մեկը մի քանի շիշ է նետում: Կադրում է հայտնվում Ադրբեջանի դրոշը, կոտրում են դրա պոչը, ընդ որում ծեծկռտուքի մասնակիցներն առարկաներ են նետում, նրանցից մեկը նետում է դրոշի փայտը: Դեպքի վայր են գալիս բազմաթիվ ոստիկաններ:
Սանկտ Պետերբուրգում, որտեղ հայկական և ադրբեջանական երիտասարդական կազմակերպությունների անդամները մասնակցում էին «Անմահ գնդի» երթին, Լեռնային Ղարաբաղի բարձրացված դրոշների պատճառով նույնպես կոնտֆլիկտ է տեղի ունեցել:
Պետերբուրգի «Նոր սերունդ» հայկական երիտասարդական կազմակերպության նախագահ Արշակ Հավհաննիսյանը պնդում է, որ Պետերբուրգի Ադրբեջանական երիտասարդական միության ներկայացուցիչները դրա նախագահ Զաքիր Նաբիզադեի գլխավորությամբ հայերին սադրել են:
«Լեզվակռիվը մեծ կռվի է վերածվել, որը ժամանակին կասեցրել են ՕՄՕՆ-ի աշխատակիցները: Պետերբուրգի Ադրբեջանական երիտասարդական միության բոլոր անդամները ձերբակալվել են, նրանցից երկուսը փախել են», — Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում «Պանարմենիանը»:
Պետերբուրգի Ադրբեջանական երիտասարդական միության անդամների և սփյուռքի այլ անդամներից մեկնաբանություններ կոնֆլիկտի և ձերբակալությունների վերաբերյալ դեռ չեն ստացվել: