Ադրբեջանում մանր ու խոշոր անասունների մորթն այսուհետ իրականացվելու է միայն հատուկ արտադրամասերում: Այսպիսի հրաման է երեկ ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մինչ այժմ այս հարցը փորձել են լուծել տեղական գործադիր իշխանությունների և սանիտարական ծառայության մակարդակով, մի քանի լուծումներ են առաջարկվել և արգելքներ են ընդունվել, որոնց գործնականում ոչ ոք չի հետևել: Արդյունքում՝ Բաքվի և այլ քաղաքների փողոցներում անասունների սպանդն ու մասնատումը շարունակում է շատ սուր հարց լինել: Քաղաքի շատ թաղամասերում՝ ճամփեզրերին և նույնիսկ դպրոցների և մանկապարտեզների մոտակայքում փոքր կրպակներ կան, որտեղ թարմ միս են վաճառում: Կովերին ու ոչխարներին մորթում են հենց փողոցում՝ անցորդների աչքի առաջ և հաճախ՝ առանց որևէ սանիտարական նորմերի պահպանման:
Դրան էլ հենց պետք է վերջ դնի նախագահի հրամանը: Մսի ապօրինի կտրատումը, դրա վաճառքը փողոցներում կարգելվի: Այս անգամ՝ արդեն հաստատ, խոստանում են պաշտոնյաները:
Ինչպես լրագրողներին հայտնել է Պարենային անվտանգության գործակալության նախագահ Գոշգար Թահմազլին, տեղական գործադիր մարմիններին հանձնարարվել է որոշել, թե որտեղ պետք է կատարվի անասունների սպանդը: Երկու ամսվա ընթացքում այդ ամբողջ «մսային ինքնագործունեությունը» պետք է դադարի, իսկ դրան փոխարինելու կգան նորմալ սպանդանոցները: Ապագայում դրանք պլանավորվում է սեփական լաբորատորիաներով զինել:
Անասունների սպանդի վերաբերյալ արդեն գոյություն ունեցող կետերը մոնիթորինգի և սանիտարահիգիենիկ վերահսկողության կենթարկվեն և սպանդանոցները կշարունակեն աշխատանքը միայն բոլոր նորմերին համապատասխանելու դեպքում:
Այս թեման բազմիցս բարձրացվել է և մամուլում, և ֆորումներում. մարդիկ վրդովվում էին, որ իրենք և իրենց երեխաները ստիպված են ամեն օր տեսնել սպանդի տեսարաններ և ցատկել արյան լճերի վրայով:
Ահա մի քանի արտահայտություն ամենապոպուլյար ադրբեջանական ֆորումից.
«Փողոցի մեջտեղում անասունների մորթը միջնադար է և խայտառակություն մեր քաղաքի համար, գոնե ինչ-որ ձևով այդ վայրը ցանկապատով առանձնացնեն»։
«Մեր թաղում մինչև դպրոց ես հասնում, ինչ ասես՝ չես տեսնում. կովի գլուխներ, ոչխարներ… փուֆ, զզվելի է»։
«74-րդ դպրոցի մերձակայքում մսի կրպակ կա, և ամեն առավոտ այնտեղ կենդանի են մորթում, մինչ երեխաները դպրոց են գնում: Ինձ շատ հետաքրքիր է, թե աշխարհի որ երկրում կարելի է նման բան տեսնել»:
Թեև գտնվել են նաև մարդիկ, ովքեր պաշտպանել են «անկախ սպանդանոցների» գաղափարը:
«Քաղաքում կենդանիներին մորթում են ոչ թե քմահաճույքի համար, այլ որովհետև մսից գլուխ հանող հաճախորդները երբեք չեն գնի այնտեղից, ուր միսը տանում են անասունը մորթելուց հետո: Այդ պատճառով էլ այդ խոսակցություններն ուղղված են ոչ թե քաղաքացիների համար հոգ տանելուն, այլ ցանցային սուպերմարկետների մսի բաժինները զարգացնելուն, որոնք վնասով են աշխատում»: