Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական հայտարարություն են տարածել Աֆղան Մուխտարլիի կալանքի հետ կապված
Կիսվել
Կիսվել
Պետական սահմանային ծառայությունն ու Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հունիսի 1-ին՝ Վրաստանի ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի ենթադրյալ առևանգումից 3 օր անց, համատեղ հայտարարություն են արել այդ գործով:
Դրանում ասված է, որ Մուխտարլին ձերբակալվել է Պետական սահմանային ծառայության կողմից մայիսի 29-ին ժամը 22:40-ին Ադրբեջանի Բալաքենի շրջանում այն բանից հետո, երբ «ապօրինի առանց անձը հաստատող փաստաթղթի Վրաստանի կողմից հատել է ադրբեջանական սահմանը: Չենթարկվելով պետական սահմանային ծառայության օրինական պահանջներին՝ ձերբակալության ընթացքում Մուխտարլին փորձել է փախչել»:
«Խուզարկության ժամանակ Ա. Մուխտարլիի մոտ 10 հազար եվրո կանխիկ դրամ և «Bank of Georgia ekspress» բանկային քարտ է հայտնաբերվել:
Մայիսի 30-ին Ա. Մուխտարլիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով (սահմանի ապօրինի հատում և մաքսանենգություն): Մեկ օր անց այդ հոդվածներին գումարվել է նաև երրորդը՝ դիմադրություն ցուցաբերելը կամ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն կիրառելը: Այդ նույն օրը դատարանը որոշում է կայացրել նրան քննության ընթացքում 3 ամսով նախնական կալանքի տակ պահելու մասին: Իսկ ընդհանուր առմամբ, այդ հոդվածների խախտման համար Մուխտարլիին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում:
«Մենք միջնորդել ենք փորձագետ հրավիրել և զննել Աֆղանին հենց դահլիճում Վրաստանից Ադրբեջան ճանապարհին նրա ստացած մարմնական վնասվածքների հետ կապված: Դատարանը մերժել է միջնորդությունը՝ չհիմնավորելով իր որոշումը», — Թուրան գործակալությանն ասել է լրագրողի փաստաբան Էլչին Սադիգովը:
«Մուխտարլիի խոսքով՝ մայիսի 29-ին նրան Թբիլիսիում բռնել են անձինք, որոնք եղել են Վրաստանի քրեական ոստիկանության համազգեստի նման հագուստով: Նրանք չեն ներկայացել և բռնի ուժով լրագրողին մեքենա են նստեցրել: Թբիլիսիից դուրս գալուց հետո նրան մի քանի անգամ տեղափոխել են այլ մեքենաներ», — փաստաբանի խոսքն է մեջբերում «Կավկազսկի ուզելը»:
Լրագրող Աֆղան Մուխտարլին Ադրբեջանից մեկնել է 2014թ-ին և կեցության իրավունք ստացել Վրաստանում: Մուխտարլին բազմիցս ճնշման է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նրա մի քանի հայց գտնվում է Մարդու իրավուքնների եվրոպական դատարանի կապի գործընթացում: Վերջին ժամանակներս նա համագործակցում էր IWPR և Meydan.tv միջազգային մեդիակազմակերպությունների հետ: