«Ադրբեջանի գլխավոր քաղբանտարկյալ» Իլգար Մամեդովն ազատ է արձակվել
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի Շեքիի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել «Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) ընդդիմադիր կուսակցության նախագահ Իլգար Մամեդովին պայմանական հիմքերով ազատ արձակելու մասին: Վերջինս, մինչև այս պահը նախատեսված 7 տարուց 5-ը բանտում է անցկացրել:
Մամեդովը դատապարտվել էր 2013թ-ին Ադրբեջանի հյուսիսում գտնվող Իսմայիլի քաղաք մեկնելուց հետո, որտեղ այդ պահին հասարակական անկարգություններ էին տեղի ունենում: Ի կզբանե, նրան այդ անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրելու մեղադրանք էր առաջադրվել, իսկ ավելի ուշ առաջին հոդվածը փոխարինվել էր ավելի ծանր հոդվածով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, որոնք համակցվել են հրդեհումներով և ավերածություններով:
Այդ ողջ ժամանակահատվածում Իլգար Մամեդովն Ադրբեջանում գլխավոր քաղաքական բանտարկյալն էր համարվում, և նրան պահանջում էին ազատ արձակել շատ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty İnternational-ը:
2018թ-ի հուլիսի սկզբին Ադրբեջանի Գերագույն դատարանը, քննելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարումը, չեղարկեց դատավճիռն ու գործն ուղարկեց Շեքիի վերաքննիչ դատարան վերաքննության:
«Այդպիսի որոշում կայացնելն ինքնին սենսացիա է: Իլգարն ազատ է համարվում: Սակայն այդ որոշումը մեզ ձեռնտու չէ: Ըստ ամենայնի, մենք բողոք կներկայացնենք: Բայց, այնուամենայնիվ, դա լավ նորություն է», — ասում է ՌԵԱԼ կուսակցության միջազգային կապերի քարտուղար Էրկին Գադիրլին: