«Բաքվի պահանջների տակ թաքնված ռումբ կա»․ կարծիք Երևանից
Ադրբեջանի՝ կոնֆլիկտը շարունակելու պատրվակները
«Նոր գործելաոճ չէ։ Անցյալում էլ հենց ունեցել ենք քայլ առաջ, միշտ այն կողմից [ադրբեջանական] եղել են բարդություններ, պրովոկացիաներ»,- անդրադառնալով խաղաղության փաստաթղթի համաձայնեցումից հետո Բաքվի առաջադրած նախապայմաններին՝ ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Արձանագրել է՝ համաձայնագրի ստորագրմամբ Ադրբեջանի հարձակման ռիսկերը կնվազեն, քանի որ կա նաև միջազգային հանրության ուշադրությունը։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 10 միջազգային կառույցներ և 58 երկրներ են ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Դրանց թվում են նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու Ռուսաստանը։
Լրագրողներն ԱԳ նախարարի տեղակալից հետաքրքրվել են՝ արդյո՞ք այդ երկրներից որևէ մեկն ունի միջնորդական դեր ստանձնելու ցանկություն։ Նա նշել է, որ այս պահին այդ հարցին չի կարող պատասխանել։
Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանն «Ազատության» եթերում նկատել է՝ աշխարհի տարբեր երկրների արձագանքը վկայում է այն մասին, որ նրանք «անհաղորդ» են խնդրի էությանը, այն չեն դիտարկում որպես առաջնահերթություն, միայն մտածում են «գլխացավանքից» ազատվելու մասին։
«Արևմուտքը զբաղված է իր խնդիրներով՝ ճգնաժամ եվրատլանտյան հարաբերություններում, Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման փորձեր, ներքին խնդիրներ և այլն։ Կարծում եմ՝ նրանց համար թեթևություն էր իմանալ, որ հնարավոր է՝ այլևս օրակարգային չլինի իրենց համար մի հեռավոր ու անկարևոր կոնֆլիկտ»,- շեշտել է քաղաքագետը։
- Հայաստանն էսկալացիայի նպատակ չունի, իսկ Բաքո՞ւն․ կարծիք Երևանից
- Ի՞նչ անել հայ-ադրբեջանական խաղաղության պահը բաց չթողնելու համար․ Թոմաս դը Վաալի հոդվածը
- «ՀՀ-ն պետք է դիմի ԱՄՆ-ին և խնդրի դառնալ խաղաղության պայմանագրի երաշխավոր»․ կարծիք
- «Բաքուն ուզում է պայմանագրի վերաբերյալ կասկած առաջացնել հայ հանրության մոտ»․ կարծիք
«Երրորդ երկրի ուժը ենթադրում է ռազմական ներկայություն»․ փոխարտգործնախարար
Լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հերթական անգամ շեշտել է՝ Երևանը պատրաստ է քննարկել խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը, Բաքվից, սակայն, դեռևս արձագանք չի ստացել։ Հովհաննիսյանն ասում է՝ հայկական կողմը շարունակում է առաջ գնալ խաղաղության օրակարգով և այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում նաև միջազգային ասպարեզում։
Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի ձեռքբերած համաձայնությանը սահմանին երրորդ երկրի ուժերի ներկայության շուրջ, նրա խոսքով՝ դա պետք է բացառվի երկուստեք, այդ թվում՝ ապագայում.
«Երրորդ երկրի ուժեր ասելով՝ սովորաբար խոսք է գնում ռազմական ներկայության մասին։ Ինչքանո՞վ է Եվրամիության դիտորդական առաքելությունը համարվում [ռազմական]։
Փոխարտգործնախարարին հարցրել են՝ կա՞ վստահություն, որ Բաքուն չի պահանջի դիտորդների դուրսբերում։
«Այժմ ոչ մի բանի մեջ լիարժեք վստահություն չենք կարող ունենալ։ Տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց վստահ լինելու մասին շատ բարդ է ասել»,- նկատել է նա։
Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ կարիք չկա քննարկել դիտորդների դուրսբերման սցենար, քանի որ խաղաղության գործընթացն «այնքան էլ արագ չի առաջ շարժվում», իսկ նրանց մանդատը երկու տարով է.
«Իհարկե, եթե հետագայում համաձայնագիրը ստորագրենք, վավերացնենք, իսկապես խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել ԵՄ դիտորդների մանդատի հարցը։ Պարտադիր չէ սահմանափակվել սահմանագծով։ Մանդատի մեջ է նաև վստահության միջոցառումների ստեղծումը»։
Ըստ նրա՝ ամենադրական սցենարի դեպքում հնարավոր կլինի գտնել «ճիշտ մոդել», որպեսզի եվրոպացի դիտորդների հետ աշխատանքը շարունակվի։
Պայմանագրի մյուս դրույթներին նա չի անդրադարձել, սակայն վստահեցրել է՝ վիճելի հարցերը քննարկելու համար փաստաթղթում նաև երկկողմ մեխանիզմներ են նախատեսված։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը շարունակվում է նույն տրամաբանությամբ, ինչպես ընթացել է վերջին 4-5 տարիներին։
«Ադրբեջանը պնդում է իր առավելապաշտական պահանջները: Իսկ ՀՀ-ն փորձում է հնարավորինս ժամանակ ձգել՝ հասկանալով, որ այդ պահանջներին խիստ ընդդիմացումը կարող է հանգեցնել էսկալացիայի։ Գնում է զիջումների այն պարագայում, երբ դիմադրությունը՝ ժամանակ ձգելու իմաստով անհնար է թվում։ Ամեն մի փուլի ևս մի զիջում անելով փորձում է հետաձգել ահագնացող էսկալացիան»,- պարզաբանում է նա։
Սուքիասյանի խոսքով՝ գրանցված ցանկացած առաջընթաց լավ է, բայց պետք է հասկանալ՝ որտեղ է առաջընթացը, երբ Բաքվից հայտարարում են՝ «այդ թուղթը լրիվ մենք ենք գրել»։ Հիշեցնում է՝ իրավիճակը գրեթե նույնն էր սահմանազատման պարագայում։ Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատում իրականացնելուց հետո ադրբեջանական կողմը դա էլ «հաղթանակ» որակեց և նշեց՝ արվեց այնպես, ինչպես իրենք ցանկացան․
«Դա չի ապահովում պոզիտիվ խաղաղություն, որտեղ բացակայում է հարցերը ռազմական միջոցով լուծելը, այնպիսի հարցերի քաղաքականացումը, որոնք չեն հետապնդում այլ նպատակ, քան դիմացինի ստորացումը, զարգացումը կանխելը։ Եթե քեզ ստիպում են հրաժարվել պաշտպանական միջոցներից, անգամ ինքնապաշտպանության իրավունքից ու ռեսուրսներից, ի՞նչ զարգացման մասին, ի՞նչ պոզիտիվ խաղաղության մասին կարող է խոսք գնալ»։
Նրա դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական համաձայնագրից «խաղաղության հոտ չի գալիս»։ Հիշեցնում է՝ պայմանավորվածության ձեռքբերումից հետո ադրբեջանական կողմը ՀՀ Սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախապայմաններ առաջ քաշեց, շարունակեց ռազմատենչ հռետորաբանությունը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը գիտի, որ Սահմանադրության փոփոխությունը «փակուղային պահանջ» է։ Հենց դրա համար էլ առաջ է քաշել այն, որպեսզի կոնֆլիկտը չհանգուցալուծվի․
«Բաքուն շահագրգռված չէ խաղաղությամբ, շահում է կոնֆլիկտի շարունակությունից։ Դա իր համար բազմաթիվ ներքին ու արտաքին հարցեր է լուծում»։
Նարեկ Սուքիասյանն ասում է՝ եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները համաձայնեն այն փոփոխություններին, որոնք Բաքուն պահանջում կատարել Սահմանադրության տեքստում, փոքր է հավանականությունը, որ ՀՀ քաղաքացիները կողմ կքվեարկեն։
Ըստ նրա՝ նոր Սահմանադրություն ընդունելու Բաքվի պահանջի տակ թաքնված ռումբ կա․
«Ադրբեջանից կասեն [եթե հանրաքվեի արդյունքները գոհացուցիչ չլինեն]՝ տեսեք, հայ ժողովուրդը դեռևս դուրս չի եկել իր «ռևանշիստական թմբիրից», պետք է պատժել, վերջնական դաս տալ։ Եվ դա կօգտագործեն որպես casus belli՝ պատերազմ հայտարարելու ֆորմալ առիթ]»։
Հիշատակում է օրեր առաջ վարչապետ Փաշինյանի արած գրառումները փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին և նշում՝ դրանք պատերազմ չսկսելու կոչեր էին, քանի որ այն ոգին, որն առկա է, թույլ չի տալիս հավատալ խաղաղությանը։
«Ես չեմ կարծում, որ անգամ ՀՀ իշխանությունը հավատում է, թե այս փաստաթղթի ստորագրման միջոցով խաղաղության դարաշրջան է բացվում։ Այդ խոսակցություններն ավելի շատ ներքին սպառմանն են ուղղված»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանի՝ կոնֆլիկտը շարունակելու պատրվակները