Ադրբեջանը սպառնում է դուրս գալ Եվրախորհրդից
ԵԽԽՎ կողմից Ադրբեջանի վերաբերյալ երկու քննադատական բանաձևերի ընդունումն ադրբեջանական իշխանությունների կտրուկ բացասական արձագանքն է առաջացրել:
Հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ն Ադրբեջանի վերաբերյալ երկու հաշվետվություն է քննարկել. «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» և «Ադրբեջանում Եվրախորհրդում երկրի նախագահության փուլում (2014թ-ի մայիս-նոյեմբեր) մարդու իրավունքները հարգելու շրջանում ձեռնարկված քայլերը»:
Առաջին զեկույցում անհանգստություն է արտահայտվում իշխանությունների ճյուղերի միջև դիսբալանսի վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է, որ վերջին սամանադրական փոփոխությունները կարող են բերել նրան, որ գործադիր իշխանությունը պակաս հաշվետու լինի խորհրդարանին, և դատական մարմինները կախված մնան գործադիր իշխանությունից:
Փաստաթղթի հեղինակներն անհանգստություն են հայտնել ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների, իրավապաշտպանների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների և փաստաբանների հետապնդումների և մշտական ձերբակալությունների վերաբերյալ:
Նրանք կոչ են արել իշխանություններին ազատ արձակել բանտարկյալներին, որոնց ձերբակալումը հիմնավորված կասկածներ է առաջացնում: Նույնպես անհանգստություն է արտահայտված արտախորհրդարանական ընդդիմության գերծունեությունը սահմանափակող կլիմայի և հավաքների ազատության սահմանափակումների մասին պնդումների վերաբերյալ:
ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը վճռականորեն դեմ է հանդես եկել բանաձևի նախագծին.
«Մենք անում ենք այն ամենն, ինչ կարող ենք երկխոսություն վարելու համար, իսկ դուք այստեղ ուռճացնում եք իրավիճակը»: Սեիդովի խոսքով՝ Ադրբեջանում տարիներով բարեփոխումներ են անցկացվում, իսկ հաշվետվությունում գրված է, որ «ոչ մի բարեփոխումներ չկան»:
Ադրբեջանական պատվիրակությունը նույնպես բողոքել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի բանտարկության մասին զեկույցի կետերից մեկի վերաբերյալ՝ պնդելով, որ նա կալանավորվել է «հստակ հանցագործությունների» համար:
Քննադատական բանաձևերի ընդունումն Ադրբեջանական ղեկավարության կտրուկ բացասական արձագանքն է առաջացրել: Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը «Թրենդ» գործակալությանն ասել է.
«ԵԽԽՎ-ն, ընդունելով այդ հատուկ նպատակ ունեցող փաստաթղթերը, որոնք նախապատրաստվել են շահագրգռված հակաադրբեջանական շրջանակների սուբյեկտիվ դատողությունների հիման վրա, հերթական անգամ ի ցույց է դրել իր կանխակալ և անարդարացի դիրքորոշումն Ադրբեջանի հանդեպ»:
Հասանովը հավելել է, որ կանխակալ փաստաթղթերի ընդունումը, որոնք հիմնված են սուբյեկտիվ դատողությունների վրա, Ադրբեջանին ստիպում է վերանայել իր հարաբերությունները Եվրախորհրդի հետ:
ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ընդունված բանաձևերն «ամոթալի» է անվանել:
«ԵԽԽՎ—ում այսօրվա քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ տարբեր խմբեր, մասնավորապես նրանք, ովքեր ունեն հայկական լոբբիի աջակցությունը, փորձել են լրջորեն քննադատել Ադրբեջանին: Լարվածության արհեստական սրումը, զեկույցում իրականությունից հեռու փաստեր ներառելն այն անլուրջ փաստաթուղթ է դարձնում: Ադրբեջանը որպես անկախ պետություն չի կարող աշխատել այդպիսի փաստաթղթի հետ», — հայտարարել է Սեիդովը:
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական, նախագահի վարչակազմի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը նույնպես քննադատել է ԵԽԽՎ բանաձևը:
«ԵԽԽՎ—ում ոմանք իրենց պահում են գրեթե ինչպես ինկվիզիցիայի անդամներ, պատիժներ սահմանելն իրենց պարտականությունն են համարում: Մի՞թե ԵԽԽՎ—ում չեն տեսնում, թե ուր է Եվրոպային տանում այդ քաղաքականությունը: Եթե ԵԽԽՎ—ն կարծում է, որ իր հիմնական առաքելությունը գործընկերների համար պատիժ սահմանելն է, իսկ նրա մոտ բացակայում են ցանկացած պարտավորություններ, ուրեմն ում և ինչին է պետք նման մարմինը» , —Թվիթերում գրել է Նովրուզովը:
«Մենք մեզ հարցադրում մենք անում. ի՞նչ ենք անում մենք Եվրոպայի Խորհրդում» — Սեիդովի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը: