Երկկողմ հանձնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները նախապատրաստվում են երկու երկրների միջև սահմանազատման շուրջ բանակցությունների։ Պաշտոնական Բաքուն արդեն կողմնորոշվել է Հայաստանի հետ սահմանին երկու սահմանային անցակետերի տեղակայման հարցում։ Կառավարության համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետը։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ստորագրել է որոշում, որի համաձայն՝ որոշվել են Հայաստանի հետ սահմանի՝ երկու սահմանային անցակետերի (ՍՊԿ) տեղակայման վայրերը։
Ըստ փաստաթղթի՝ անցակետերը տեղակայվելու են Էյվազլի և Ղազանչի բնակավայրերում, որոնք գտնվում են Հայաստանին սահմանակից Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում:
Բացի այդ, փաստաթուղթը վերաբերում է ևս երկու նոր սահմանային անցակետերի։ Դրանք ստեղծվելու են «Ֆիզուլի» և «Զագաթալա» միջազգային օդանավակայաններում, որոնք գտնվում են համանուն շրջաններում։
Ֆիզուլիի օդանավակայանը, որը բացվել է 2021 թ.-ի հոկտեմբերին, մեկն է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձված տարածքներում կառուցվելիք երեք օդային նավահանգիստներից։ Զանգելանի օդանավակայանի բացումը նախատեսված է այս տարեվերջին, իսկ Լաչինի օդանավակայանը պետք է շահագործման հանձնվի 2024 թվականին։
Ադրբեջանի Կուբաթլուի շրջանի Էյվազլի գյուղ. Լուսանկարը՝ սոցիալական ցանցեր
Հայաստանի Գորիս և Կապան քաղաքների միջև ճանապարհն անցնում է Կուբաթլուի շրջանի Էյվազլի գյուղով, որտեղ տեղակայված է լինելու Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկը։ Այնտեղ արդեն իսկ գործում է Ադրբեջանի մաքսակետը, որը սպասարկում է Ղարաբաղի ուղղությամբ շարժվող բեռնատարներին։
Զանգելանի շրջանի Ղազանչի գյուղի մոտ, որտեղ ստեղծվելու է երկրորդ անցակետը, ավտոճանապարհ կլինի դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ Ադրբեջանի էքսկլավ։ Ամենայն հավանականությամբ, այդ սահմանային անցակետը կդառնա Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի մաս։ Ղազանչիի մոտով է անցնում նաև նախկին՝ Ադրբեջանից Կապան գնացող երկաթուղագիծը, որն ավերվել էր Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։