«Բաքուն Սյունիքի օկուպացիայի չի գնա, բայց նոր էսկալացիայի կդիմի»․ կարծիք
Ադրբեջանը նորից կհարձակվի՞ Հայաստանի վրա
«2020 թ․-ին թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեկնարկեցին հուլիսին և հաջորդեցին մեկը մյուսին։ Թուրք սպաները, տեխնիկան դուրս չբերվեցին Ադրբեջանից, հետո դա տրանսֆորմացվեց պատերազմի։ Դեռ չենք կարող ասել, որ սա հենց այդ սցենարն է»,- սպասվելիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։
Նրա դիտարկմամբ՝ պետք է հետևել և տեսնել՝ որքան կտևեն զորավարժությունները։ Մյուս կողմից՝ նկատում է՝ այս անգամ երեք ամիս զորավարժություն անելու կարիք չի լինի, քանի որ թուրքական բանակի սպաներն արդեն իսկ ինտեգրվել են Ադրբեջանի բանակում։
Ասում է՝ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի դե ֆակտո պետը թուրք սպա է, Բախտիյար Էրսայը, որը եղել է Թուրքիայի ցամաքային ուժերի փոխղեկավարը։ Պաշտոնապես, սակայն, Էրսայը խորհրդականի պաշտոն է զբաղեցնում։
Զորավարժությունները կանցկացվեն ՀՀ անմիջական հարևանությամբ
Հոկտեմբերի 23-25-ը Ադրբեջանի տարածքում՝ Բաքվում, Նախիջևանում և «ազատագրված տարածքներում» (ԼՂ) անցկացվելու են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» խորագրով զորավարժություններ՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին: Մարտավարական զորավարժություններին նաև ավիացիան է մասնակցելու։
Արդեն Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժությունների հիմնական նպատակն է «զորքերի փոխգործակցության ապահովումը, հրամանատարության և վերահսկման բարելավումը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը»։
Մինչ այդ Ադրբեջանի բանակի հատուկ ջոկատայինները Թուրքիայի Կայսերի քաղաքում մասնակցել են Erciyes–2023 երկօրյա զորավարժության: Վարժանքներում ներգրավված է եղել 652 զինծառայող, 354 տեսակի տեխնիկա և սպառազինություն:
Փորձագիտական կարծիք
Անկախ զորավարժությունների անցկացումից և դրանց հետևանքներից ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նոր էսկալացիան հնարավոր է համարում։ Ասում է՝ ամենահավանականը լայնամասշտաբ, բայց ժամանակային կտրվածքով սահմանափակ և տարածքային իմաստով սահմանափակ խնդիրներ լուծող գործողություններն են: Այդպիսիք Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանն իրագործեց 2022 թ․-ի սեպտեմբերին։ Խոսքը որևէ թիրախային ուղղությամբ 1-2 օր տևող ռազմական գործողությունների մասին է։
«Դա ավելի հավանական է, քան Սյունիքի օկուպացիա փորձելը, ինչը կարող է բերել անհասկանալի սցենարներ, որոնք Ադրբեջանը չի կարող հաշվարկել մինչև հարձակումը»,- պարզաբանել է նա։
Ներսիսյանի համոզմամբ՝ անպայման չէ, որ այդ հարձակումը լինի Սյունիքի ուղղությամբ, կարող է լինել նաև Վայոց Ձորում՝ Ջերմուկի կամ Գեղարքունիքում՝ Վարդենիսի ուղղություններով․
«Եթե երկու օրվա մեջ կարողանան մոտ գալ, օրինակ՝ Գորիս քաղաքին ու կես կամ մեկ կիլոմետր հեռավորության վրա լինել, այդ դիրքից կգնան բանակցությունների, կփորձեն Հայաստանից այդ նույն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ինչ-որ զիջումներ կորզել»։
Սահմանամերձ որևէ մեծ քաղաքի թիրախավորումն, ըստ նրա, ծանր հոգեբանական ազդեցություն կթողնի Հայաստանի վրա, իսկ Բաքուն կփորձի ցույց տալ, որ հայկական բանակը չի կարող իր դեմ պատերազմել։ Ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ 1-2 օր տևող էսկալացիային դրսից «որևէ լուրջ արձագանք չի լինի»։
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանն ունի մի քանի առավելապաշտական նպատակ՝ «Զանգեզուրի միջանցքը», Տավուշի մարզի անկլավները և «Ադրբեջանի փախստականների վերադարձը ՀՀ»։
Վերջինն, ըստ նրա, ավելի քիչ հավանական է, քան մյուս երկուսը, բայց նաև հիշեցրել, որ Ադրբեջանի «ախորժակն ուտելիս է բացվում»։
Կարծում է՝ նշված սցենարներին դիմակայելու համար դիվանագիտական գործընթացները կարևոր են, բայց միայն դրանք քիչ են, «հետևում ռազմական ուժ պետք է լինի»։
«Ամենակարևոր գործոնը բանակի բարեփոխումներն են, մարտունակության բարձրացումը, ավելի շատ ջանք է պետք դրան ուղղել»,- նշել է Ներսիսյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանը նորից կհարձակվի՞ Հայաստանի վրա