Ադրբեջանական սոցցանցերում քննարկվում է վայրի լողափում չորս երեխաների խեղդվելու փաստը
Կիսվել
Կիսվել
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում քննարկվում է Բաքվի մերձակայքում գտնվող վայրի (այսինքն՝ այնտեղ փրկարարական ծառայություն չկա) լողափերից մեկում մի ընտանքի չորս երեխաների խեղդվվելու փաստը։ Ոմանք ամեն ինչի համար մեղադրում են ծնողներին, մյուսները՝ պաշտոնյաներին։
Երեխաները խեղդվել են օգոստոսի 10-ին Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան ավանում։ Ավագը 12 տարեկան է եղել, կրտսերն՝ 8։
Դատախազությունը քրեական գործ է հարուցել «անփութություն, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան» հոդվածով, գրում է Turan-ը։ Ընդ որում, նշված չէ, թե ում դեմ է այն հարուցվել։
Լրատվամիջոցներում որևէ մանրամասներ չկան։ Հայտնի չէ, թե ինչպես են խեղդվել երեխաները, որտեղ են այդ պահին գտնվել ծնողները։
Ո՞վ է մեղավոր
Այժմ սոցցանցերի օգտատերերը վիճում են, թե ով է մեղավոր։
Մեծ մասն ամեն ինչի համար ծնողներին է մեղադրում, որոնք թույլ են տվել երեխաներին լողալ վայրի լողափում և չեն հետևել նրանց․
«Ծնողներն են մեղավոր։ Ինչպե՞ս կարելի է երեխաներին մենակ թողնել ծովը մտնել կամ առանց հսկողության թողնել»;
«Ոստիկանությունը պետք է գտներ և հարցաքններ այդ երեխաների ծնողներին։ Եվ մոտ մեկուկես տարի նստեցներ, որ խելք հավաքեին»։
Մյուսները մեղադրում են անկանխատեսելի ծովին ու կարծում, որ երեխաներին պետք է լողալ սովորեցնել «պետական մակարդակով»․
«Դպրոցներում պլանավորում են կրոնի հիմունքների դասաժամեր մտցնել, իսկ ինչո՞ւ չի կարելի լողի հիմունքների դասաժամեր մտցնել»;
«Նախկինում անվճար լողավազաններ կային, իսկ այժմ բոլորը վճարովի են և թանկ։ Այն դեպքում, երբ դրանք կառուցվում են բյուջեի փողերով»։
Իսկ ոմանք մեղադրում են արտակարգ իրավիճակների նախարարությանը, որը չի հետևում, որ մարդիկ չգնան վտանգավոր վայրի լողափեր․
«Ինչո՞ւ վայրի լողափերում նշաններ և պաստառներ չեն տեղադրում, որոնք արգելում են լողալը»։
Լողափերի հետ կապված իրավիճակն Ադրբեջանում
Յուրաքանչյուր տարի լողալու ողջ սեզոնին բաքվեցիները փնովում են Ապշերոն թերակղզու լողափերը։
Հիմնական մեղադրանքները․
ավազը կեղտոտ է, իսկ ծովում աղիքային ցուպիկ ու այլ վարակներ կան;
անվճար հանրային լողափեր գրեթե չեն մնացել․ կան հիմնականում վճարովի կամ ինչ-որ հյուրանոցների և հանգստյան գոտիների պատկանող լողափեր։
Իրենց հերթին, պաշտոնյաներն ամեն տարի համաձայնում են այդ կշտամբանքներին, ասում, որ խնդիրը պետք է լուծել, սակայն գործնականում ոչինչ չի փոխվում։
Հունիսի 14-ին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին հանրային երկու նոր լողափերի բացման մասին։ Գրում են, որ նախաձեռնողը Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան է։
Սոցիալական ցանցերն այդ նորությանը վատատեսորեն են արձագանքել։ Մասնավորապես, մարդիկ կարծում են, որ շուտով նոր անվճար լողափերը նույնպիսի աղբանոցի են վերածվելու, ինչպես մնացած լողափերը։