Բաքուն կրակ է բացել Սյունիքում, «հետագա սադրանքների» մեջ էլ Երևանին է մեղադրում
Ադրբեջանական նոր կրակոցներ Խոզնավարում
Անցած գիշեր Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունն ու նշել, որ «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և օբյեկտների վրա»: Բաքուն պնդում է, թե, իբր, հայկական կողմը «փորձում է կեղծ լուրեր տարածելով միջազգային հանրության մոտ աղավաղված կարծիք ձևավորել և հող նախապատրաստել հետագա սադրանքների համար»:
Հայաստանի իշխող ուժի պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի գնահատմամբ՝ Բաքվի նպատակը խուճապ և անհանգստություն առաջացնելն է: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, սակայն, կարծում է՝ գործ ունենք Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումների հետ:
- Զրույց սուրճի սեղանի շուրջ. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը
- «Եթե Թրամփը պահանջի, Բաքուն կստորագրի ՀՀ հետ պայմանագիրը»․ կարծիք
- «Բաքուն վերաշարադրում է պատմությունն ու սպառնում ՀՀ-ին». «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին
- «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»․ Փաշինյան
Հայաստանի ՊՆ հաղորդագրությունը՝ ապացույց լուսանկարներով
Հայաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակ են բացել մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրությունում:
Նախարարության հրապարակած լուսանկարներում երևում է, որ կրակոցներից վնասվել են բնակելի տան պատուհանները՝



Կրակոցներ Խոզնավար գյուղի ուղղությամբ, լուսանկարները՝ ՀՀ ՊՆ-ի
«Մի շարք փորձաքննություններ են նշանակված». ՀՀ ԱԺ իշխանական պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեցնում է՝ սա նման առաջին դեպքը չէ։ Հատկապես վերջին ամիսներին պարբերաբար են արձանագրվում սահմանային կրակոցներ: Ասում է՝ իրական պատկերն ավելի պարզ կդառնա միայն փորձաքննությունների արդյունքում․
«Դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված։ Հարուցված են քրեական գործեր՝ պարզելու համար գնդակների ուղղությունը՝ արդյոք դրանք արձակվել են ուղիղ նշանառությամբ, պատահական, թե այլ հանգամանքներով պայմանավորված»։
Ընդդիմադիր պատգամավորը առավելագույն լրջություն ցուցաբերելու կոչ է անում
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է՝ արտաքուստ վերջին 2-3 ամիսներին հայ հասարակությունն ականատես է լինում միայն տարբեր երկրներից հնչող լավատեսական հայտարարությունների կամ մոտալուտ հանգուցալուծման ակնկալիքների.
«Այդ ֆոնին որոշակի «հարմարավետության գոտի» է ձևավորվել՝ ստեղծելով տպավորություն, թե իրավիճակը գնում է խաղաղության հաստատման ճանապարհով։ Սակայն իրականում արդեն 1.5-2 ամիս է՝ առաջնագծի տարբեր հատվածներում արձանագրվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ»:
Ասում է՝ Սյունիքի մարզի երկու՝ Խոզնավար և Խնածախ բնակավարերի ուղղությամբ կրակոցներն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են այն հանգամանքով, որ դրանք առաջնագծին շատ մոտ են, ուստի «հեշտ թիրախներ» են Բաքվի համար:
Կարծում է՝ առավելագույն լրջությամբ է պետք ընդունել ԱՄՆ-ից և ՌԴ-ից հնչած վերջին հայտարարությունները: Նկատի ունի, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունն այն մասին, որ կա հայ-ադրբեջանական հակամարտության իրական ռիսկ, ինչպես նաև ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի արձանագրումը, թե՝ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։
Երևան-Բաքու տեղեկությունների փոխանակման մեխանիզմը միակողմանի՞ է գործում
Դեռևս մայիս ամսվա սկզբին ՀՀ վարչապետի աշխատակազմը հաղորդել էր ադրբեջանական կողմի հետ հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին: Այնուհետև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Երևանն ուսումնասիրել է դիվանագիտական ուղիներով Բաքվից ստացված տվյալները, հետաքննություն իրականացրել և պարզել՝ հայկական կողմից նման խախտումներ չեն արձանագրվել։ ԱԽ քարտուղարը նշել էր, որ այդ մասին իրազեկել են նաև Ադրբեջանին:
«Երբ Հայաստանի կողմից են եղել հայտարարություններ ադրբեջանական խախտումների վերաբերյալ, մենք նույնպես տեղեկություններ ենք տրամադրել Բաքվին: Ակնկալում ենք, որ այդ տվյալները կդառնան մանրամասն հետաքննության հիմք»,- մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր Գրիգորյանը։
Մինչ օրս, սակայն, Բաքուն չի հաղորդել որևէ տեղեկություն ներկայացված խախտումների հետաքննության և դրա արդյունքների վերաբերյալ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադրբեջանական նոր կրակոցներ Խոզնավարում