Ադրբեջանական ընդդիմությունը երկրում կոռուպցիայի դեմ ևս մեկ հանրահավաք է անցկացրել
Կիսվել
Կիսվել
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային ընդդիմադիր խորհուրդը (ԺՈւԱԽ) բողոքի հերթական հանրահավաքն է անցկացրել «Վերջ կոռուպցիային, ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով: Ինչպես ԺՈւԱԽ նախորդ ակցիաները, հանրահավաքն արտոնվել էր Բաքվի քաղաքային իշխանությունների կողմից:
JAMnews-ի թղթակցի տպավորությամբ՝ հանրահավաքին մոտ հազար մարդ էր հավաքվել՝ նվազագույնը կրկնակի պակաս, քան նախորդ հանրահավաքին: Ակցիան ընթացել է ոստիկանության վերահսկողության տակ առանց միջադեպերի:
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ իշխանություններն ամեն կերպ փորձել են ձախողել հանրահավաքը: Նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում մոտ 200 ակտիվիստ է ոստիկանություն կանչվել: 16 մարդ վարչական կալանքի է ենթարկվել:
Քերիմլին կրկին իշխանություններին քննադատել է կոռուպցիայի համար, որը միջազգային մակարդակում քննադատության առարկա է դարձել:
«Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք, որ այն ավարտին հասցնի Ադրբեջանից 3 մլրդ դոլար գումարի լվացման հետ կապված սկանդալի հետաքննությունը և պատժի մեղավորներին», — ասել է Քերիմլին:
Ի տարբերություն նախորդ հանրահավաքների, այս անգամ կարգախոսներն ավելի արմատական էին թվում: Օրինակ, ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ իշխանությունների պասիվության քննադատությամբ պլակատներ էին հայտնվել:
Քերիմլին հայտարարեց, որ բանակի համար դուրս գրվող միջոցները ծախսվել են անորակ զինամթերքի գնման վրա: Իսկ փոխարենն իշխանություններն «Ադրբեջանի թշնամիների հետ հաշտեցման գինու քաղաքականություն» են վարում
նկատի ունի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի խոսքերը, որոնք հնչել են ռուս գրող Ալեքսանդր Պրոխանովի հետ զրույցի ժամանակ. «Տիկին Ալիևան ասել է, որ նա երբեք թույլ չի տա ադրբեջանական ժողովրդի շրջանում թշնամու կերպար դաստիարակել ի դեմս հայերի: Կար ժամանակ, երբ այդ ժողովուրդներն ապրում էին միասին, մեկ սեղանի շուրջ նստում և գինի խմում: Այդ ժամանակները պետք է վերադառնան»:
ԺՈւԱԽ նախագահ Ջամիլ Հասանլին նույնպես շատ էր խոսում կոռպուցիայի մասին, մասնավորապես նա հայտարարեց, որ Ադրբեջանը ղեկավարում է «օլիգարխ նախարարների կլեպտոկրատիկ կառավարությունը»:
Մարզադաշտում Հասանլիի ելույթի ժամանակ, որտեղ և անցկացվում էր հանրահավաքը, հինգ րոպեով էլեկտրականությունն անջատվեց:
Էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվեց նաև ցույցի բանաձևի հրապարակման պահին՝ այն ժամանակ, երբ բարձրաձայնվեց «գողացված 2,9մլրդ-ը» երկիր վերադարձնելու պահանջը:
Բացի այդ, մարզադաշտի տարածքում չէր աշխատում wi—fi անլար ինտերնետ կապի համակարգը, մասնակիցներն ու լրագրողները չէին կարողանում հանրահավաքի ուղիղ հեռարձակում ապահովել:
ԺՈւԱԽ-ը պահանջեց այդ փաստերի հետաքննություն և հաջորդ հանրահավաքը նշանակեց հոկտեմբերի 28-ին: