ՀՀ խաղադրույքը ԱԲ ոլորտի զարգացման վրա․ փորձագետները ռազմավարության կարիք են տեսնում
ԱԲ գործարանի բացում ՀՀ-ում. հեռանկարներն ու ռիսկերը
Հայաստանն ակտիվորեն զարգացնում է արհեստական բանականության ոլորտը և նպատակ ունի դառնալ տարածաշրջանային նորարարական կենտրոն։ 2025 թվականի ամռանը կառավարությունը հայտարարեց հզոր ԱԲ գործարանի ստեղծման մասին, որը ենթադրուն է 500 միլիոն դոլարի ներդրում։ Տվյալների կենտրոնի գործարկումը նախատեսված է 2026 թվականին։ Այս հավակնոտ նախագիծը կարող է դառնալ նորարարության, կրթության, գիտության և ձեռներեցության հարթակ։ Ակնկալվում է, որ այն կխթանի տեղական ստարտափների զարգացումը, կապահովի գիտության և տեխնոլոգիայի միջև կապերի հաստատումը՝ Հայաստանը վերածելով տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի։
Ներդրումային նախագիծը համատեղ իրականացնում են՝
- ՀՀ կառավարությունը,
- NVIDIA-ն՝ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը, որը գրաֆիկական մշակման պրոցեսորների (GPU) և ԱԲ հարթակների մշակման համաշխարհային առաջատարն է,
- Firebird.ai-ը՝ Սան Ֆրանցիսկոյում և Երևանում տեղակայված ամպային ԱԲ ընկերությունը,
- Team Group-ը։
«Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։
Նախևառաջ, Firebird-ը պետք է NVIDIA ընկերությունից ձեռք բերի նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորներ, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով։ Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել և՛ Հայաստանի տնտեսությանը, և՛ աշխարհի տարատեսակ տեխնոլոգիական ընկերությունների, որոնք հիմնականում նորարարություններով են զբաղվում»,- հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Այս չիպերի արտահանման թույլտվությունը վերահսկվում է Վաշինգտոնի կողմից, և դրանք արդեն ստացվել են: Մասնագետները սա նշանակալի նվաճում են համարում՝ հաշվի առնելով տեխնոլոգիայի ռազմավարական բնույթը։
Համագործակցությունը հիմքում արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության հուշագիրն է, որը Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրեցին 2025 թվականի օգոստոսին։
Արհեստական բանականության ոլորտում Հայաստանի ներկայացրած հայտն արդեն գրավել է միջազգային գործընկերների ուշադրությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է «Government AI 100» 2026 թվականի ցանկում։ Այդ ցանկում ներկայացված են պետական կառավարման համակարգում ԱԲ-ն արդյունավետ կերպով ներդրած 100 առաջնորդներ։ Հայ նախարարը նույն ցուցակում է, ինչ ԱՄՆ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Մայքլ Կրացիոսը և ԱՄԷ ԱԲ հարցերով նախարար Օմար բին Սուլթան Ալ Օլաման։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի մեկնաբանությունը ԱԲ կիրառման հեռանկարների ու ռիսկերի, ինչպես նաև այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել Հայաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիական գործընկերությունից։
- ՀՀ-ն կդառնա՞ Հարավային Կովկասի տեխնոհաբ․ երկրում AI տվյալների գործարան է կառուցվելու
- ՀՀ-ում Եվրամիության ներդրումները կհասցվեն 2.5 միլիարդ եվրոյի․ եռակողմ հանդիպում Բրյուսելում
- «Թրամփի ուղին» ներդրումային նոր հնարավորություններ կբացի»․ հայ տնտեսագետ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի մեկնաբանությունը
Հայաստանը փորձում է չուշանալ
«Ներկայումս, ԱՄՆ-ի հետ Հայաստանի տեխնոլոգիական համագործակցության կոնկրետ պարամետրերը մնում են անորոշ։ Այնուամենայնիվ, արդեն իսկ կա կարևոր նախադեպ. ԱՄՆ կառավարությունը թույլատրել է NVIDIA չիպերի արտահանումը Հայաստան՝ ռազմավարական արտադրանքի, որի վաճառքը խստորեն վերահսկվում է Վաշինգտոնի կողմից։
Այս թույլտվությունը նշանակալի նվաճում է՝ հաշվի առնելով արհեստական բանականության բումի պայմաններում կիսահաղորդիչների համաշխարհային պակասը։ Նման տեխնոլոգիաների արտահանումը հնարավոր է միայն ԱՄՆ կառավարության որոշմամբ և վստահելի հարաբերությունների առկայության դեպքում։ Այլ կերպ ասած, տվյալների կենտրոն բացելու ցանկությունը բավարար չէ, անհրաժեշտ է ԱՄՆ-ի քաղաքական կամքը։
Ինչպես է այս թույլտվությունը վերածվելու լիարժեք գործընկերության, դեռ պարզ չէ։ Սակայն հավակնությունները տեսանելի են։ Հայաստանը ձգտում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ։ Թվային առաջատարության համար համաշխարհային մրցավազքում կանոնը պարզ է՝ ով չհասցրեց, նա ուշացավ։ Հայաստանը փորձում է չուշանալ»։
Արհեստական բանականությունը պետական կառավարման մեջ
«Արհեստական բանականության համակարգային ներդրումը Հայաստանի պետական հատվածում դեռևս չկա։ Սակայն առանձին գգերատեսչություններ արդեն օգտագործում են տեխնոլոգիան՝ կոնկրետ ուղղություններով։
Օրինակ՝ Էկոնոմիկայի նախարարությունը արհեստական բանականություն է օգտագործում արբանյակային պատկերները վերլուծելու և գյուղատնտեսական քարտեզագրում կատարելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն արհեստական բանականություն է օգտագործում հարկ վճարողների հաշվետվություններում հարկային ռիսկերը և անոմալիաները բացահայտելու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է արհեստական բանականության միջոցով խոցելի խմբերին նույնականացնելու փորձնական նախագծի մասին։
Միևնույն ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործընկերային հարաբերություններ է հաստատում շուկայի հիմնական խաղացողների՝ ինչպես NVIDIA-ի, այնպես էլ ֆրանսիական Mistral AI ընկերության հետ։
Տեղական ստարտափներին աջակցելու համար գործարկվել է վիրտուալ ԱԲ հարթակ, որը հայ ծրագրավորողներին տրամադրում է անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ»։
Հայաստանը՝ ԱԲ կիրառման նախնական փուլում
«Հիմնական խնդիրը թափանցիկության բացակայությունն է։ Թե ինչպես են նախարարություններն օգտագործում արհեստական բանականությունը և ինչ տվյալներ են մշակում, անհայտ է։ Հայաստանում արհեստական բանականության ներդրման միասնական ինստիտուցիոնալ ռազմավարություն չկա։
Իրավիճակը բարդացնում է նաև պետական համակարգի լայնածավալ բարեփոխումը։ Պետությունն այժմ վերակառուցման փուլում է, տեղեկատվության մշակման համակարգերը ենթարկվում են ամպային լուծումների։ Այս անցումային շրջանում դժվար է գնահատել, թե ինչ հնարավորություններ կունենա կառավարությունը վերափոխման ավարտից հետո։
Ինչ վերաբերում է տվյալների արտահոսքի ռիսկերին, դրանք գոյություն ունեն նաև առանց արհեստական բանականության։ Պետական մարմիններում տեղեկատվական անվտանգության հարցը դեռևս սուր է։
Կարևոր է հասկանալ, որ երբ մենք խոսում ենք պետության մեջ արհեստական բանականության կենտրոնացված օգտագործման մասին, մենք խոսում ենք ոչ թե ChatGPT-ի միջոցով աշխատող աշխատակիցների, այլ վերահսկվող ենթակառուցվածքներով տեղական մոդելներ գործարկելու մասին։ Այնուամենայնիվ, Հայաստանը դեռևս գտնվում է այս գործընթացի նախնական փուլում»։
Բնական բանականության կորստի վտանգ
«Արհեստական բանականությունը կարող է հսկայական օգուտներ բերել պետությանը, բայց միայն այն դեպքում, եթե կա հստակ նպատակ և որակյալ մասնագետներ։ Հակառակ դեպքում, արհեստական բանականությունը դառնում է կրկնակի խնդիր՝ բյուջեի վատնում և ռիսկերի աղբյուր։
Ալգորիթմների վրա հիմնված սխալ որոշումներ, կիբերխոցելիություններ և թույլ ենթակառուցվածքների միջոցով հարձակումներ․ ոչ պրոֆեսիոնալ ներդրման դեպքում սրանք պառնալիքներ են։ Հետևաբար, անհրաժեշտ է համակարգված մոտեցում՝ ստուգված որոշումներ, ռազմավարական պլանավորում և փորձագետների ներգրավում։
Մի քանի տարի անց արհեստական բանականությունը կներխուժի կյանքի բոլոր ոլորտներ։ Եվ դրա կիրառումը բոլոր ոլորտներում կընկալվի որպես նորմա, սովորական երևույթ։ Սակայն հիմնական ռիսկն արդեն իսկ ակնհայտ է. մարդիկ մտածելու գործառույթը պատվիրակում են մեքենաներին։ Սա վերաբերում է և՛ դպրոցականներին, և՛ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Վերջիններս, ի դեպ, ակտիվորեն օգտագործում են արհեստական բանականությունը որոշումներ կայացնելիս, անհատական մակարդակում՝ փաստացի բոլորը։
Պարադոքսն այն է, որ մարդկային կարողությունների զարգացման համար նախատեսված տեխնոլոգիան կարող է հանգեցնել քննադատական մտածողության ատրոֆիայի [ֆունկցիայի խանգարում]»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ԱԲ գործարանի բացում ՀՀ-ում. հեռանկարներն ու ռիսկերը