Օտտո Վարմբայերը՝ Վիրջինիայի համալսարանի ուսանողը, որին կալանավորել էին Փխենյանում: Լուսանկարն արվել է 2016թ-ի մարտին Հյուսիսային Կորեայի գլխավոր դատարանում REUTERS
Հյուսիսային Կորեայի իշխանություններն ազատ են արձակել ամերիկացի Օտտո Վարմբայերին, որն այդ երկրում կալանքի տակ է եղել մեկուկես տարի: Նա կոմայում է:
22-ամյա Վարմբայերը Փխենյան էր մեկնել մեկուկես տարի առաջ զբոսաշրջային խմբի կազմում: Հյուրանոցի միջանցքում նա պատից պաստառ էր հանել: Դա ֆիքսել էր տեսախցիկը:
Վարմբայերը կալանավորվել էր և դատապարտվել 15 տարվա ազատազրկման, քանի որ հյուսիսկորեական իշխանությունները նրա հանած պաստառը «քաղաքական» էին համարել: Մեկուկես տարի անց Վարմբայերն ազատ է արձակվել «մարդասիրական մղումներով»: Հյուսիսկորեական իշխանությունների պնդմամբ՝ բանտում նա կոմայի մեջ է ընկել, որովհետև բոտուլիզմով է հիվանդացել:
Հունիսի 15-ին ամերիկյան բժիշկները, որոնք հետազոտել են Օտտո Վարմբայերին, հաղորդել են, որ նրա ուղեղի զգալի հատվածներ վնասված են, նա չի արձագանքում բանավոր խոսքին և չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ: Բոտուլիզմի հետքեր չեն հայտնաբերվել, հաղորդում է CNN-ը:
Հասարակական արձագանքը տեղի ունեցածին կարող է դրդել նախագահ Թրամփին Հյուսիսային Կորեային խիստ արձագանք տալ, որը, բացի այդ, վերջին ամիսներին հրթիռային փորձարկումներ էր անում, որոնք խախտում էին նրա հանդեպ կիրառված պատժամիջոցները, և հաղորդում էր բալիստիկ հրթիռի ստեղծման աշխատանքների մասին, որն ունակ է խոցելու ԱՄՆ տարածքը: