Վրացական Թկիբուլի քաղաքում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
Կիսվել
Կիսվել
Թկիբուլիի Մինդելիի անվան հանքավայրում հուլիսի 16-ին տեղի ունեցած հերթական պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 6-ը վիրավորվել է:
Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ ենթադրաբար վթարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը, որն էլ իր հերթին հանքի վերին մասի և պատերի դեֆորմացիա և փլուզում է առաջացրել:
Կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ են ստացել գետնի տակ աշխատող վարպետներ 1961թ-ին ծնված Մ. Լ-ն, 1963թ-ին ծնված Մ. Գ.-ն, 1988թ-ին ծնված Լ. Ֆ.-ն և 1961 թ-ին ծնված Ի. Կ.-ն: Նրանք բոլորը մահացել են դեպքի վայրում:
Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել 1981 թ-ին ծնված Մ. Ս.-ն, 1961թ-ին ծնված Դ. Բ.-ն, 1981թ-ի ծնված Մ.Ա.-ն, 1995թ-ին ծնված Ն.Բ .-ն և 1988թ-ին ծնված Գ. Ա.-ն: Նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ՝ Թկիբուլիի բոլոր հանքավայրերում աշխատանքները դադարեցված են մինչև քննության ավարտն ու միջազգային մասնագետների մասնակցությամբ բարձր որակավորում ունեցող փորձաքննության անցկացումը: Թկիբուլիում ընդհանուր 25 հանքավայր կա:
Տեղի ունեցած փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել՝ Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, ինչը ենթադրում է անվտանգության կանոնների խախտում լեռնային, փրկարարական կամ այլ արտադրական աշխատանքների ժամանակ: Հարցաքննության են կանչվել Մինդելիի անվան հանքի ադմինիստրացիայի պատասխանատու անձինք:
Սա արդեն երրորդ ողբերգությունն է այս տարվա ընթացքում: Հանքավայրերում միայն 2018թ-ին զոհվել է 16 մարդ: Իսկ ընդհանուր առմամբ, սկսած 2010թ-ից, հանքավայրերում ծառայողական պարտականությունների կատարման պահին մահացել է ավելի քան 30 մարդ:
2010թ-ի մարտի 4-ին Մինդելիի անվան հանքավայրում պայթյունի հետևանքով 4 հանքափոր էր մահացել:
2010թ-ի օգոստոսի 27-ին Մինդելիի անվան հանքավայրում պայթյունի հետևանքով 3 հանքափոր է զոհվել, յոթ մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել:
2011թ-ի նոյեմբերի 6-ին Մինդելիի անվան հանքավայրում ծածկի փլուզման հետևանքով 2 հանքափոր է մահացել:
2011թ-ի հունվարի 22-ին Մինդելիի անվան հանքում պայթյունը մեկ հանքափորի կյանք է խլել, 4 մարդ ծանր վնասվածքներ է ստացել:
2013թ-ի հոկտեմբերի 13-ին Մինդելիի անվան հանքում դժբախտ պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել:
2015թ-ի փետրվարին Թկիբուլիի քարածխի հանքում մեկ բանվոր է զոհվել:
2016թ-ի հոկտեմբերին Մինդելիի անվան հանքում մահացած բանվոր է գտնվել:
2017թ-ի մայիսի 7-ին Մինդելիի անվան հանքում բեռնատար վերելակի վերանորոգման աշխատանքի ժամանակ ճոպանի կտրվելու հետևանքով 4 մարդ է զոհվել:
2018թ-ի ապրիլի 5-ին Թկիբուլիի Մինդելիի անվան հանքում ծածկի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 3-ը վնասվածքներ է ստացել:
2018թ-ի մայիսի 9-ին հանքում տեղի ունեցած վթարը 4 մարդու կյանք է խլել:
2018թ-ի հունիսի 2-ին 2 հանքափոր է մահացել Թկիբուլիում՝ քարածխի բաց եղանակով արդյունահանման աշխատանքների ժամանակ: