Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խորհրդատվություն է տրամադրել Հայաստանի կալանավորված նախկին նախագահի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 29–ին խորհրդատվական կարծիք է հրապարակել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Խորհրդատվություն ստանալու նպատակով ՄԻԵԴ էր դիմել Հայաստանի Սահմանադրական դատարանը։
Նախկին նախագահը կալանքի տակ է, նա մեղադրվում է Մարտի 1–ի գործով՝ սահմանադրական կարգի տապալման մեջ։
Խոսքը 2008 թ–ի իրադարձությունների մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ցուցարարների հանրահավաքը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։ Այն ժամանակ գործող նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, նա էլ այժմ այդ գործով գլխավոր մեղադրյալն է։
Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց վստահորդը չի կարող մեղադրվել հոդվածով, որը 2008 թ–ին գոյություն չուներ։ Նրանց մեկնաբանությամբ՝ դա են հաստատում նաև եվրոպացի գործընկերները։
- Ինչո՞ւ են նստեցրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
- Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ կմնա
Ինչի՞ց է ամեն ինչ սկսվել
2019 թ–ին դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը քննում էր Քոչարյանի գործն, ինչպես նաև նախկին նախագահի փաստաբանները դիմել էին Սահմանադրական դատարան։ Հայցի իմաստն այն էր, որ
- պարզվի Քոչարյանին առաջադրված մեղադրանքների սահմանադրականությունը, մասնավորապես, սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ 300.1 հոդվածի կիրառումը,
- բնորոշվի նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունն՝ ըստ Սահմանադրության։
Սահմանադրական դատարանը սկսել էր գործի քննությունը։ Սակայն մոտ մեկ շաբաթից դիմել էր միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ԵԽ Վենետիկի հանձնաժողով՝ այս հարցով խորհրդատվություն ստանալու համար։
Ի՞նչ են խորհուրդ տալիս եվրոպացիները
ՄԻԵԴ եզրակացության տեքստը դժվար է հասկանալ առանց իրավաբանական գիտելիքների։ Սակայն նախկին նախագահի փաստաբանները գոհ են դրանից։
Սահմանադրական դատարանը ՄԻԵԴ–ին է ուղղել չորս հարց։
ՍԴ չորրորդ, ըստ էության, ամենագլխավոր հարցում հիշատակվում է չափանիշ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7–րդ հոդվածում կա սահմանում (առանց օրենքի չկա պատիժ), որը ստուգում է երկու տարբեր իրավական ակտերի համատեղելիությունը։
Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում։ Սակայն 2008 թ–ին նման հոդված չի եղել, գործել է 300–րդ հոդվածն՝ իշխանության յուրացում։
Ըստ նախկին նախագահի փաստաբանների՝ իրենց վստահորդը չի կարող մեղսագրվել մի հոդվածով, որը 2008 թ–ին չի եղել։
ՄԻԵԴ–ը մեկնաբանել է այս հարցըհետևյալ կերպ․ գնահատական տալու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի հստակ հանգամանքները, այլ ոչ թե վերացական մեկնաբանություն անել։ Եվ Քոչարյանի փաստաբանները սա իրենց դիրքորոշման հաստատումն են համարում։
Փաստաբանների սպասելիքները
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վստահ են, որ, եթե Եվրոպական դատարանի խորհուրդները հաշվի առնվեն, նախկին նախագահն ազատ պետք է արձակվի։
«Առաջին տպավորությունն այնպիսին է, որ մեր նախորդ դիրքորշումների և պնդումների մեծ մասը տեղ է գտել խորհրդատվական եզրակացությունում…
ՄԻԵԴ–ն իր դիրքորոշումն ազատ արտահայտելու խնդիր չունի։ Եթե Եվրոպական դատարանը որևէ հարց է վերլուծում և նման ծավալուն փաստաթուղթ է հրապարակում, դա նշանակում է, որ այնտեղ խնդիր կա»։
Իսկ փաստաբանները, մեծ հաշվով, խնդիր են համարում այն, որ նախկին նախագահի դեմ ողջ գործընթացն անօրինական է։
ՄԻԵԴ խորհուրդները ստանալուց հետո Սահմանադրական դատարանն, ըստ երևույթին, արդեն որոշում կկայացնի։ Թե ինչ հստակ գործողություններ են մոտ ապագայում պլանավորում փաստաբանները, նրանք դեռ չեն հայտնում։