Տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներ Երևանում տուգանքի ինստիտուտի ներդրման ֆոնին
Տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներ Երևանում
Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից 3 միլիարդ դրամ կհատկացնի Երևանի քաղաքապետարանին։ Որոշման համաձայն՝ սա հնարավորություն կտա ապահովել «համայնքային առաջնահերթ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ 45 տրոլեյբուսների ձեռքբերումը»։
Մայրաքաղաքում հանրային տրասնպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումից և ուղեվարձի թանկացումից ամիսներ անց քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել խոստացված 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը՝ պայմանավորված տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներով։
Քաղաքային իշխանությունները թերհավաքագրումների մեջ մեղադրում են ավագանու ընդդիմադիր գործընկերներին, մասնավորապես՝ բոյկոտի նախաձեռնություններ իրականացնելու համար։ Ընդդիմադիրները, սակայն, կարծում են՝ պատճառն այն է, որ իրականացվում է «վատ կառավարում»։
2025 թ․-ի փետրվարից ներդրվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգ։ Մինչ այդ 1 ուղևորափոխադրման արժեքը 100 դրամ էր, այժմ՝ 150 դրամ։ Բացի այդ, գործում են տարբեր փաթեթներ` 1 օր-ից մինչև 1 տարի։ Օրինակ՝ 1 ամսվա անսահմանափակ փաթեթի արժեքը 9000 դրամ է, 1 տարվանը՝ 90․000 դրամ։ Առանձին խմբերի՝ աշակերտների, ուսանողների, կենսաթոշակառուների և նպսատառուների համար սահմանվել են որոշակի արտոնություններ։
Տարիներով քննարկվող տրանսպորտային բարեփոխումները սկսեցին ակտիվ իրագործվել 2024թ-ին: Երևանը սպասարկող տրանսպորտային միջոցների թարմացումը, որը ավելի վաղ էր սկսվել, անցած տարի նոր թափ ստացավ: Փողոցներից վերացան հնամաշ «մարշրուտկաները», ողջ շարժակազմը նորացավ։ Երևանում այժմ երթևեկում են նոր և հարմարավետ ավտոբուսներ և տրոլեյբուսներ։
- Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարողներն այսուհետ կտուգանվեն
- Ինչո՞ւ է աղմուկի մակարդակն այդքան բարձր Հայաստանում, ինչպե՞ս պայքարել դրա դեմ. կարծիքներ
- Էլեկտրամոբիլների հաղթարշավը Հայաստանում․ պատճառներն ու նպաստող գործոնները
Քաղաքապետարանը չի թաքցնում՝ թերհավաքագրումը տրանսպորտի ուղեվարձի վճարումների մասով է
«Երևան քաղաքի բյուջեում առկա է որոշակի թերհավաքագրում, հատկապես՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարման մասով»,- ասված է կառավարության որոշման նախագծում։
Նշվում է, որ ընթացիկ տարվա կանխատեսումներով սպասվում է շուրջ 5.5 մլրդ դրամ թերհավաքագրում։
Չնայած որոշման մեջ արված այս արձանագրումներին՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Factor TV-ին ասել է՝ ուղեվարձ չվճարող քաղաքացիները փոքր թիվ են կազմում․
«Քաղաքացին, եթե մի անգամ տուգանվի, ենթադրաբար, շատ երկար ժամանակ այլևս այդ վարքը չի ցուցաբերի»,- վստահեցրել է նա։
Տուգանքի ինստիտուտը չլրացրե՞ց բացը
Երևան քաղաքի հանրային տրանսպորտում հսկողական աշխատանքներ են ընթանում 2025 թ․-ի օգոստոսի 5-ից։ Հասարակական կարգի պահպանության ծառայության տեսուչները ստուգում են՝ արդյո՞ք քաղաքացին վճարել է ուղեվարձը, ի՞ր, թե՞ արտոնություն ունեցող այլ անձի քարտով է վճարել։
Ըստ այդմ՝ 10 հազար դրամի չափով տուգանում են այն քաղաքացիներին, որոնք ընդհանրապես հրաժարվում են վճարելուց, 15 հազար դրամով՝ նրանց, ովքեր այլ անձի արտոնությունից են օգտվում, և 3000 դրամով՝ այն անձանց, ովքեր տեսուչի հորդորից հետո համաձայնում են վճարել։
Մինչև նոյեմբերի 25-ը կազմվել է տուգանքի 1180 որոշում, մասնավորապես՝
- 860-ը ուղետոմս չի ունեցել,
- 91-ն այլ անձի արտոնության տոմսով է երթևեկել,
- 229 ուղևոր ունեցել է տոմս, բայց այն չի վավերացրել՝ չի մոտեցրել վալիդատորին։
Ընդդիմադիր ավագանու անդամ․ «Տապալել են տրանսպորտային բարեփոխումները»
Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի գնահատմամբ՝ քաղաքային իշխանությունը տապալել է տրանսպորտային բարեփոխումների իր խոստումը։
«Հաշվետու հասարակություններում նման կարգի ձախողման պարագայում քաղաքային իշխանությունը ներողություն է խնդրում, հրաժարական է տալիս ու գնում է իրենց տուն։ Չի էլ համարձակվում մյուս ընտրություններին մասնակցի: Իսկ էս մարդիկ ասում են․ «Ի՞նչ է եղել որ»։ Ոչինչ, որ մեր մոտ ձախողվեց, կարևորը, որ կառավարությունում պահուստային ֆոնդ կա։ Կարելի է էս ֆոնդի հաշվին ինչ-որ մարդկանց սխալ կամ հանցավոր կառավարման հետքերը փակել ու շարունակել շարժվել առաջ, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է նա։
Ընդդիմադիր գործիչն այստեղ նաև նախընտրական տարրեր է տեսնում։
«Իրենք գնում են հետքերը թաքցնելու և կառավարության բյուջեից սեփական թիմակից կառավարիչների ապիկարությունը կոծկելու ճանապարհով՝ էլի քաղաքացու գրպանը մտնելով»,- «Ազատության» հետ զրույցում նկատել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներ Երևանում