Կոբախիձե. «ԵՄ-ն պատասխանատվություն ստանձնեց Վրաստանում կատարված հանցագործությունների համար»
Կիսվել
Կիսվել
Վրաստան. Կոբախիձեն մեղադրում է ԵՄ-ին
«Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող վարչապետ Իրակլի Կոբախիձեն ծաղրել է Վրաստանի վերաբերյալ դեկտեմբերի 17-ին հրապարակված փաստաթուղթը։ Այդ փաստաթղթով ԵՄ խորհրդի նախագահությունը քննադատել էր երկրում ստեղծված իրավիճակը։
Կոբախիձեն ասել է, որ ԵՄ-ն «որոշել է ստանձնել պատասխանատվություն (վրացական ընդդիմության և ակտիվիստների) հանցավոր գործողությունների համար» և հավելել, որ նրանց փոխարեն ինքն իր վրա չէր վերցնի «Վրաստանի պետականության դեմ ուղղված գործողությունների պատասխանատվությունը»։
Եվրամիության խորհրդի նախագահությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել «չեղարկել բռնաճնշող օրենքները, ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր քաղաքական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին և դադարեցնել Եվրամիության դեմ ագրեսիվ հռետորաբանությունը»։ Նշվում է, որ «վրացական իշխանությունների գործողությունները չեն համապատասխանում անդամակցության թեկնածու երկրից ԵՄ ունեցած ակնկալիքներին»։
Փաստաթուղթը ստացել է 26 պատվիրակությունների աջակցությունը։ Սակայն Հունգարիան չի աջակցել դրան, կոնսենսուսի բացակայության պատճառով այն հրապարակվել է նախագահության անունից։
«Վրաստանում ձերբակալվել են հեղափոխական գործընթացներին և պետական հաստատությունների վրա հարձակումներին անմիջականորեն մասնակցած անձինք։
[Նրանց ազատ արձակման կոչ անելով] եվրոպական բյուրոկրատիան պատասխանատվություն է ստանձնում պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված այդ գործողությունների համար։
Եթե ես լինեի եվրոպական բյուրոկրատիայի փոխարեն, ինձ վրա չէի վերցնի նման հանցավոր գործողությունների պատասխանատվությունը։
Ինչ վերաբերում է օրենքներին [որոնք ԵՄ-ն պահանջում է չեղարկել]: Խոսքը «Ֆինանսական գործունեության թափանցիկության մասին» օրենքի և դրա վերաբերյալ քննադատության հիմքերի մասին է։ Այդ օրենքը մեզ հնարավորություն տվեց, այսպես կոչված, ՀԿ-ներին և, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությանը կոչել իրենց անուններով։
Օտարերկրյա գործակալներին, ըստ էության, կոչել ենք իրենց իրական անուններով։ Եվ եվրոպական բյուրոկրատիայի որոշ անդամների դա դուր չի եկել։
Եվ այս առումով նույնպես, եթե ես լինեի նրանց տեղում, ինձ վրա պատասխանատվություն չէի վերցնի այն հակապետական գործողությունների համար, որոնք անցնող տարիների ընթացքում կատարել են կոնկրետ կազմակերպություններ՝ այսպես կոչված, ՀԿ-ներն ու, այսպես կոչված, քաղհասարակությունը։
[Եվրոպական միության խորհրդի նախագահության կողմից ներկայացված փաստաթուղթը] ես կանվանեի սեփական պատասխանատվության ընդունում հանցավոր և հակապետական գործողությունների համար, որոնք իրականացվել են վրաց ժողովրդի և վրացական պետության դեմ»։