«Հնարավոր է՝ սա պարզապես թիմից անցանկալի անձանց հեռացնելու համար կիրառվող մեթոդ է»,- վերլուծաբան Լելա Ջեջելավան այսպես է մեկնաբանում Վրաստանի պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տեղեկություններով՝ ձերբակալվել են պաշտպանության նախկին փոխնախարար Գիորգի Խայինդրավան, այդ նույն նախարարության գնումների գլխավոր վարչության նախկին պետ Վլադիմիր Գուդուշաուրին և այդ ժամանակվա պաշտպանության նախարարի մերձավոր ազգականը։ Նրանք կասկածվում են բյուջեից խոշոր չափերի գումարի յուրացման մեջ։
«Վրացական երազանք» [իշխող] կուսակցության] պահվածքի ողբերգազավեշտականությունն այն է, որ նա որոշեց կոռուպցիայի դեմ պատերազմ հայտարարել այսքան երկարատև ձգձգումից հետո»,— ասում է Լելա Ջեջելավան։
Իհարկե՝ սա կոռուպցիայի դեմ պայքար չէ։
Սա իշխանության և ֆինանսական ազդեցության բաշխման համար պայքար է «Վրացական երազանք» անունով մաֆիոզ սինդիկատի ներսում գտնվող խմբավորումների միջև»։
Նա հիշեցնում է, որ վրացական կառավարությունում բազմիցս են բռնկվել կոռուպցիոն սկանդալներ, այդ թվում՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ։
Կարծում է՝ ներկայիս ձերբակալությունները կարող են լինել թիմից անցանկալի անձանց հեռացնելու համար կիրառվող մեթոդ։
Վերլուծաբանը հնչեցնում է հռետորական հարց՝ ինչպե՞ս կարող է կուսակցությունը իր իշխանությունը համարել օրինական, եթե, ինչպես ինքն է պնդում, իր բարձրաստիճան անդամների շրջանում կոռուպցիան ծաղկում է։
«Բիձինա Իվանիշվիլիի[«Վրացական երազանք» կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդ]համար ամենակարևորը նրա մի քանի միլիարդներն են և ընտանիքի անդամները։ Իսկ մյուսները, այդ թվում՝ նրանք, ովքեր մի ժամանակ մտնում էին նրա մերձավոր շրջապատի մեջ, նրա համար այդքան թանկ միլիարդները պահպանելու միջոց են միայն։
Նրա համար ամեն ինչ միջոց է, ոչինչ արժեք չի ներկայացնում»,- համոզված է Լելա Ջեջելավան։
Բացի այդ, վերլուծաբանի կարծիքով՝ Բիձինա Իվանիշվիլին այս պահին զոհաբերում է իր համակիրներին, որոնց հետ միասին Ռուսաստանին օգնում էր շրջանցել արևմտյան պատժամիջոցները, որպեսզի ԱՄՆ-ի աչքերում ինքն իրեն արդարացնի, իր անունը մաքրի։