«Միլիոնավոր մարդկանց նստեցնելն անհնար է»։ Ռուսական ընդդիմության առաջնորդը դատապարտվել է
«Շարունակելու եմ պայքարել», — հայտարարել է ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին դատական նիստի ժամանակ, որի ընթացքում վճիռ է կայացվել 2 տարի 8 ամսով նրան ազատազրկելու մասին։ Նիստի ընթացքում Մոսկվայում ձերբակալվել են ընդդիմադիր գործչի հարյուրավոր կողմնակիցներ։ Ալեքսեյ Նավալնին քաղաքացիներին կոչ է արել չհանձնվել և պայքարել ռեժիմի դեմ։
Դատարանի որոշմամբ՝ Ալեքսեյ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինվել է ընդհանուր ռեժիմի գաղութում 3.5 տարվա ազատազրկմամբ։ Սակայն հաշվի է առնվել այն ժամանակահատվածը, որը նա անցկացրել է տնային կալանքի տակ, և ժամկետը կրճատվել է մինչև 2 տարի 8 ամիս։
Նավալնին, որը հրաշքով է փրկվել «Նովիչոկ» քիմիական նյութով թունավորվելուց հետո, կալանավորվել է Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ բուժում էր անցնում։
Նա ավելի վաղ պայմանական ազատազրկման էր դատապարտվել խարդախության և վատնման համար, և Մոսկվայի դատարանը համարել է, որ նա խախտել է պայմանական ժամկետի կանոնները, երբ Գերմանիայում գտնվելիս չի գնացել և հաշվառվել որպես պայմանական ազատազրկման մեջ գտնվող անձ։
Մոսկվայի ողջ կենտրոնը դատական նիստի ընթացքում փակ էր ուժայինների կողմից, նիստին ներկա էր 18 պետության ներկայացուցիչ։
Նավալնին ու նրա փաստաբանները հերքել են մեղադրանքը՝ նշելով, որ նա կանոն չի խախտել, իսկ այն գործով, որով նրան դատում են, նա արդեն արդարացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
Նավալնի․ «Սա թուլության դրսևորում է»
Դատարանում ելույթ ունենալիս Նավալնին ռուսական ռեժիմն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է իրեն հետապնդելու և իր նկատմամբ մահափորձի համար։
«Արդեն 2021 թվականն է, բայց ինձ շարունակում են դատել այս գործով՝ մոլագարի համառությամբ․․․ Ինչ-որ մեկը շատ է ուզում, որ ես ոչ մի քայլ չանեմ որպես ազատ մարդ։ Այս ամենի պատճառը բունկերում ապրող մեկ մարդու ատելությունն ու վախն է։ Որովհետև ես կենդանի եմ մնացել նրա հրամանից հետո», — հայտարարել է Նավալնին։
«Պարզվեց, որ հեռուստատեսության անհասանելիության և քաղաքական կուսակցության բացակայության պայմաններում քաղաքական ընդդիմախոսի հարցերը լուծելու միակ միջոցը նրան սպանելն է։ Նա պատմության մեջ կմտնի որպես թունավորող։ Օրինակ, գիտեք, կար Յարոսլավ Իմաստուն, իսկ սա Վլադիմիր Անդրավարտիք Թունավորողն է»։
«Այս դատավարությունում գլխավորն այն չէ, թե ինչպես այն կավարտվի՝ կնստեցնեն, թե ոչ։ Գլխավորը հսկայական թվով մարդկանց ահաբեկելն է։ Մեկին նստեցնում են՝ միլիոնավոր մարդկանց վախեցնելու համար», — հայտարարել է Նավալնին։
Նրա խոսքով՝ «սա թուլության դրսևորում է։ Միլիոնավոր մարդկանց անհնար է նստեցնել։ Մեծ հույս ունեմ, որ մարդիկ սա կգիտակցեն։ Եվ այդ պահը կգա»։
Նա Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արել չենթարկվել իշխանություններին և չվախենալ նրանցից։
Հատուկջոկատայինները՝ Կարմիր հրապարակում
Դատական նիստի ժամանակ ուժայինները ձերբակալել են ավելի քան 350 մարդ, որոնք եկել էին սատարելու Նավալնիին։
Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կենտրոնական փողոցները փակել էին ոստիկանությունն ու Ռոսգվարդիան։ Ակտիվիստներին շարունակում էին ձերբակալել նաև նիստից հետո։
Խուսափելով ցույցերից՝ իշխանությունները փակել էին Մոսկվայի կենտրոնական փողոցների մեծ մասը։
Այնուամենայնիվ, ընդդիմության կողմնակիցները երեկոյան շարունակում էին փողոց դուրս գալ։
Նավալնիին ազատ արձակելու պահանջով զանգվածային ակցիաներ են անցկացվել ողջ Ռուսաստանում հունվարի 23-ին և 31-ին։