Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Երևանում էր․ կարգավորման գործընթացում առաջընթաց դեռ չկա
Ռուբինյան-Քըլըչ 6-րդ հանդիպումը
Երևանում՝ Հայաստանի արտգործնախարարության շենքում այսօր հանդիպել են կարգավորման գործընթացում ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Քըլըչը ՀՀ է ժամանել ցամաքային ճանապարհով՝ հայ-թուրքական փակ սահմանի Մարգարա-Ալիջան անցակետով։ Նրան անձամբ դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը։
Սա հատուկ ներկայացուցիչների թվով վեցերորդ հանդիպումն էր, բայց առաջինը, որ կազմակերպվում է Հայաստանում։ Կողմերը 2022 թ․-ից ի վեր անցկացրել էին չորս հանդիպում արտերկրում, ևս մեկը՝ հայ-թուրքական սահմանին։
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ «հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով» կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը, այդ թվում՝ համաձայնել են արագացնել դեռևս 2022 թ.-ին հուլիսին ձեռքբերված պայմանավորվածության կյանքի կոչումը։
Խոսքը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու մասին է։
Իրենց կանխատեսումներում հայ քաղաքագետները հույս էին հայտնել, որ երևանյան հանդիպման արդյունքում կհաջողվի առաջընթաց գրանցել առնվազն այդ ուղղությամբ։ Կոնկրետ արդյունքների մասին, սակայն, ոչինչ չհաղորդվեց։
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերին: Երկու երկրների միջև, սակայն, դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել: Երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թ.-ից:
Հայ-թուրքական կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Թեև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, թուրքական կողմը առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ Երևանի հետ սկսված բանակցությունների օրակարգը կոորդինացնում է Բաքվի հետ:
- «Թուրքիան փորձում է նվազեցնել Հայաստանի տարանցիկ պոտենցիալը»․ կարծիքներ
- Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է․ ի՞նչ սպասել
- «Աննախադեպ առիթ և ձևաչափ»․ Փաշինյանի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին
- «Հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված որոշակի ճնշում կա Էրդողանի վրա»․ կարծիք
«Շարունակել գործընթացը՝ առանց որևէ նախապայմանի»․ տեղեկություններ Երևանից
Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը՝
- պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար,
- պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես, բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով,
- համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև:
«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի»,- ասված է հաղորդագրությունում։
Ուշացած ակցիա ոչ թե ԱԳՆ, այլ կառավարության շենքի դիմաց
Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցին զուգահեռ ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա էին կազմակերպել Դաշնակցության երիտասարդական միության մի խումբ անդամներ։ Շեշտել էին՝ այդ կերպ ուզում են հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնել իրենց անհամաձայնություն «թուրքական նախապայմանների բավարարմանը»:
«Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում: Այցի նպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է: Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է ՀՀ-ի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման»,- ասված է երիտասարդական միության տարածած հաղորդագրությունում:

Ժամեր անց խորհրդարանի ամբիոնից ակցիային անդրադարձավ կարգավորման գործընթացում ՀՀ-ի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու հայտարարեց՝ Դաշնակցության ղեկավարությունը հետապնդում է «անիմաստ և կեղծ օրակարգեր»։
«Տարօրինակ է, որ ես ԱԺ-ում նիստ եմ վարում, այդ ընթացքում ՀՅԴ երիտասարդական միությունը կառավարության դիմաց պիկետ է անում՝ կարգավորման գործընթացում բանակցողներին հայտնելու իրենց դժգոհությունը։ Սա շատ տիպիկ է Դաշնակցության համար՝ անել մի բան, որը ուշացած է, անիմաստ և հիմնված կեղծ պնդումների վրա»,- հայտարարել է Ռուբինյանը։
ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի խոսքով՝ այդ պիկետը պետք էր անել 2 ժամ ավելի շուտ և ԱԳՆ շենքի դիմաց։ Արձագանքելով հայ-թուրքական բանակցությունների օրակարգը գաղտնի պահելու պնդումներին՝ նկատել է՝ օրակարգը գաղտնի չի պահվում։
«Քննարկել ենք ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հանդիպման արդյունքով էլ մոտակա ժամերի ընթացքում մամուլի հաղորդագրություն [այդ ժամանակ դեռ հրապարակված չէր] կլինի»,- նշել է նա։
Ի՞նչ էր հաղորդել Երևանը հանդիպումից առաջ
Լրագրողների հետ ճեպազրուցում հանդիպման վերաբերյալ մանրամասներ էր հայտնել ԱԺ փոխնախագահ, կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Տեղեկացրել էր՝ քննարկվելու է կարգավորման գործընթացի ողջ օրակարգը, «մինչ այս արված և դեռ ընթացքի մեջ գտնվող քայլերը»։
«Վերջին մեր հանդիպումից հետո հանդիպում տեղի ունեցավ Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերը քննարկելու շուրջ։ Գիտեք նաև, որ թեմա կա Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ։ Իսկ ընդհանուր գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է»,– ընդգծել էր նա։
Ռուբինյանի գնահատմամբ՝ կարգավորման ողջ գործընթացը վերաբերում է Թուրքիա–Հայաստան փակ սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը․
«Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանի բացման պայմանավորվածությունը [ձեռք է բերվել 2022 թ․-ին] չի իրագործվել մինչ այս պահը՝ ոչ մեր մեղքով։ Բայց հույս ունենք, որ կիրագործվի»։
Լրագրողները Ռուբինյանից հետաքրքրվել էին՝ արդյո՞ք օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռքբերված համաձայնությունները կարող են ազդակ դառնալ հայ-թուրքական հարաբերություններում գործնական քայլերի համար։
ՀՀ հատուկ ներկայացուցիչը պատասխանել էր, որ Թրամփի, Փաշինյանի և Ալիևի ստորագրած հռչակագիրը շատ կարևոր իրադարձություն է, որը «տարածաշրջանային և տարածաշրջանից դուրս գործընթացների վրա միանշանակ կազդի դրական կերպով»։
«Այս առումով, այո, մենք լավատեսական ենք տրամադրված»,- հայտարարել էր նա։
«Պատրաստ ենք հենց վաղն ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ»
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանը շեշտել էր՝ չի տեսնում որևէ պատճառ, թե ինչու Թուրքիան պետք է հապաղի սահմանների բացման և ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում․
«Համենայն դեպս, հայկական կողմից որևէ հապաղման խնդիր չկա։ Մենք պատրաստ ենք հենց վաղն ունենալ բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ»։
Ըստ նրա՝ շատ արագ հնարավոր է իրականացնել գործընթացը «քաղաքական կամքի առկայության դեպքում»։
«Մեր կողմից այդ կամքը միանշանակ կա։ Համոզված եմ՝ կարճ ժամանակում հնարավոր է հասնել մեծ արդյունքների»,- վստահեցրել էր Ռուբինյանը։
Ռուբինյան-Քըլըչ հանդիպումներն ու կյանքի չկոչված պայմանավորվածությունները
2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին կարգավորման գործընթացի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին Ռուբեն Ռուբինյանին և Սերդար Քըլըչին:
Երևանյան հանդիպումից առաջ կայացել էր Ռուբինյան-Քըլըչ 5 հանդիպում: Առաջինը կազմակերպվել է Մոսկվայում, հաջորդ երեքը՝ Վիեննայում, ևս մեկը՝ 2024 թ․-ի հուլիսին հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցակետում:
Այդ հանդիպումներից հետո Երևանն ու Անկարան հայտարարել էին առանց նախապայմանների բանակցությունները շարունակելու մասին, հնչեցրել նաև ձեռքբերված պայմանավորվածությունները՝
- Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար,
- գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը,
- փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Մինչ օրս, սակայն, նշված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ռուբինյան-Քըլըչ 6-րդ հանդիպումը