«Ջենտլմեններ կան, տեղ չկա»
Այսօր աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ պատգամավորը կին է այն դեպքում, երբ Հայաստանում խոսքը գնում է տասից միայն մեկի մասին: Սակայն հանրապետության Ազգային ժողովում կանանց ներկայացվածության նույնիսկ այդ ավելի քան համեստ արդյունքին հնարավոր է եղել հասնել շնորհիվ Ընտրական օրենսգրքում ամրագրված կուսակցական ցուցակների գենդերային քվոտաների: Այլ հարց է, թե որքանով են դրանք արդյունավետ: Եվ այդ խնդիրն առանձնապես արդիական է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
ՄԱԿ տվյալներով՝ քվոտավորման սկզբունքն այս կամ այն տեսքով այսօր կիրառվում է աշխարհի երկրների գրեթե կեսում, ինչը չի բացառում այդ միջոցին դեմ արտահայտվողների առկայությունն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Տղամարդիկ, որպես կանոն, հարցադրում են անում. «Ո՞վ է մեղավոր, որ տղամարդն առաջինն է եզրագիծը հատում»: Եվ այդ ժամանակ նրանց տեղը դնելու կողմնակիցները սովորաբար պատասխանում են. «Իսկ ո՞վ է մեղավոր, որ տղամարդիկ ուղիղ գծով են վազում, իսկ կանանց վազքը խոչընդոտներով է»:
Կանանց շրջանում քվոտաներին դեմ արտահայտվողները, որպես կանոն, նրանք են, ովքեր քաղաքական կարիերայում արդեն ինչ-որ հաջողությունների են հասել, և այդ պատճառով նրանք անհրաժեշտ են համարում նշել, որ իրենց հանդեպ ավելորդ ներողամտություն չի ցուցաբերվել, իսկ քվոտայի առկայության փաստն ընդգծում է կանանց թերարժեքությունը և վիրավորական է նրանց համար: Ի պատասխան քվոտայի կողմնակիցներն առաջարկում են մտածել, թե որքանով կարելի է վիրավորական համարել հավասարության և արդարության համար պայքարը:
Հանրապետության հանրային հատվածում քվոտաների ներմուծման անհրաժեշտությունը հաճախ հայտնի անեկդոտի միջոցով են նկարագրում. «Ավտոբուս մի կին է բարձրանում: Նայում-տեսնում է՝ տեղ չկա: Նկատելով, որ շատ տեղերում բնավ ոչ տարեց տղամարդիկ են տեղավորվել՝ կինը մի քանի կանգառ հույս է ունենում, որ իրեն այնուամենայնիվ ինչ-որ մեկը կզիջի իր տեղը: Եվ երբ դա տեղի չի ունենում, նեղացած բացականչում է. «Մի՞թե այստեղ ջենտլմեններ չկան»: Ուղևորներից մեկը պատասխանում է. «Ջենտլմեններ կան, տեղ չկա…»:
Քվոտաներին դեմ արտահայտվողների սիրած փաստարկն այն է, որ քվոտավորումն արհեստական գործընթաց է, իսկ նրանք իբր հանգամանքների բնական զուգադիպման կողմնակից են: Հայ ընտրողներն այդ հարցում շատ ավելի ագրեսիվ են, քան քաղաքական գործիչները: Այսպես, 2008թ-ից սկսած գրեթե բոլոր սոցհարցումների տվյալներով՝ հարցվածների մինչև 60%-ը կանանց համար քվոտաների կիրառման օգտին է արտահայտվել: Ընդ որում, քվոտայի օպտիմալ չափը մեծամասնությունը նշում է 30-50%, այսինքն՝ հասարակությունն այսօր ուզում է խորհդարանում ավելի շատ կին տեսնել, քան նրանց պատրաստ են ներառել իրենց ցուցակներում հայրենական կուսակցությունները: Ավելի արմատական է երիտասարդությունը, որը 50/50 պահանջ է առաջ քաշում:
Բոլոր այդ քննարկումները քաղաքական սակարկություն են հիշեցնում, սակայն քվոտաների վերաբերյալ հարցումն, ըստ էության, կորցրել է իր արդիականությունը պետության գենդերային քաղաքականության հայեցակարգում և Ընտրական օրենսգրքում այդ դրույթն օրենսդրորեն ամրագրելու պահից: Այնուամենայնիվ քվոտաների չափն ու դրանց կիրառման արդյունավետությունը Հայաստանում շարունակում է սուր քննարկումների առարկա մնալ:
Ինչո՞ւ են 30% քվոտան հետաձգել մինչև հաջորդ ընտրություններ
Նախորդ տարի նոր Ընտրական օրենսգրքի շուրջ դեբատների արդյունքում կուսակցությունների համամասնական ցուցակներում հնարավոր եղավ սեռերի 30/70 հարաբերակցություն գրանցել, սակայն ի դեմս կանանց՝ անսպասելիություններից ապահովագրվելու ձգտումն օրինագծի հեղինակներին ստիպեց այդ դրույթի իրականացումը հետաձգել մինչև 2021թ-ը: Անցումային դրույթների համաձայն՝ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին, որոնք կկայանան ապրիլի 2-ին, 25/75 հարաբերակցությունը կգործի:
Որևէ համոզիչ բացատրություն, թե ինչո՞ւ կուսակցությունների նախընտրական ցուցակներում պետք է 30 տոկոսանոց քվոտան հետաձգվի մինչև հաջորդ ընտրություններ, այդպես էլ չտրամադրվեց: «Դանդաղ, բայց հաստատուն քայլերի» պես բացատրություններն այս համատեքստում համոզիչ չեն, քանի որ 1995թ-ից հետո անցած քսանից ավել տարվա ընթացքում Ազգային ժողովում կանանց ներկայացվածությունն ավելացել է ընդամենը 4 տոկոսային կետով՝ առաջին գումարման խորհրդարանում եղած 6%-ից գործող հինգերորդում հասնելով 10%-ի:
Ոչ այնքան հիմնավորված են հղումները, թե քաղաքական կուսակցությունները չեն հաղթահարի քվոտայի չափազանց կտրուկ աճը և չեն կարողանա ցուցակներում խորհրդարանային աշխատանքի համար պատրաստված կանանց բավարար թիվ ապահովել ցուցաներում: Նախորդ աշնանը համամասնական համակարգով անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հանրապետության երկու խոշոր քաղաքաներում՝ Գյումրիում և Վանաձորում, ցույց են տվել, որ կուսակցությունների մեծ մասը «գերակատարել է» 25/75 հարաբերակցության վերաբերյալ Ընտրական օրենսգրքի պահանջը և իրենց ցուցակներում 30% կանանց է ներկայացրել, ընդ որում, շատ կուսակցություններ կանանց ներառել են առաջին եռյակում:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա իրենց թեկնածություններն առաջադրած գրեթե բոլոր կուսակցություններն ու բլոկերը «գերակատարել են» օրենքի պահանջը՝ իրենց ցուցակներում 28-38% կին ներառելով: Միջինում 9 կուսակցությունների և բլոկերի ցուցակներում ներկայացված կանանց թիվը կազմում է գրեթե 30%:
Դա ցույց է տալիս, որ 30%-անոց քվոտան հետաձգելն իմաստ չուներ: Կուսակցություններում կանանց թիվն, իրենց իսկ հրապարակած տվյալների համաձայն, տատանվում է 40-ից մինչև 70%:
Ինչ վերաբերում է նրան, թե այդ կանանցից քանիսն են պատրաստ աշխատելու խորհրդարանում, ապա չէր խանգարի նույն հարցադրումը տղամարդկանց վերաբերյալ անել: Չենք խոսում էլ այն մասին, որ ընդհանուր առմամբ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է, քան տղամարդկանցը, և եթե կիրթ ու պատրաստված կանայք կուսակցություններից դուրս են, ապա դա ոչ թե կանանց, այլ կուսակցությունների խնդիրն է: Ի դեպ, միջազգային պրակտիկայի համաձայն՝ քվոտաները հիանալի խթան են, որպեսզի կուսակցությունները մտահոգվեն իրենց կադրային ներուժի մակարդակի բարձրացման շուրջ, լինեն կանայք, թե տղամարդիկ:
Կարճ՝ նախապատմություն
Հանրապետության Ընտրական օրենսգրքում կանանց համար քվոտաներն առաջին անգամ հայտնվել են մոտ 15 տարի առաջ, երբ քվոտավորման սկզբունքի որպես «խորհրդային անցյալի մնացորդ» տասնամյա հերքումից հետո ակնհայտ դարձավ, որ իրենք իրենց միջոցներով կանայք ոչ մի կերպ չեն կարողանում խորհրդարան մտնել:
Հայկական խորհրդարանի պատմության մեջ, ճիշտ է, չստացված քաղաքական փորձարկում եղավ 1995թ-ին, երբ իշխանության բացահայտ հովանավորության ներքո առաջին գումարման Ազգային ժողովում կանանց 190-ից 12 մանդատ, կամ տեղերի 6.3%-ը բաժին ընկավ: Նրանցից 8-ն անմիջապես ընտրություններից առաջ ձևավորված կանանց կուսակցության ցուցակով էր ընտրվել, իսկ մնացած 4-ն անցել էր մեծամասնական ընտրակարգով:
Ցավոք, նրանց համար քվեարկած ընտրողների սպասումները չարդարացան. կանանց խորհրդարանական խմբակցությունն, ինչպես մտածված էր, իշխանական կուսակցության կցորդը դարձավ: Իսկ դրա անդամ կանանց մոտ քաղաքական փորձի բացակայությունը նրանց թույլ չտվեց ինքնուրույն քաղաքականություն վարել, առավել ևս՝ խոսել կանանց իրավունքների մասին:
Հետագա պրակտիկան ցույց տվեց, որ առավելագույնն, ինչ կանանց պատրաստ են սեփական կամքով զիջել տղամարդիկ, 131-ից 4 մանդատն է (3%): Այդպիսին էր կանանց ներակայցվածությունը Հայաստանի խորհրդարանում 1999թ-ին: Ընդ որում, կուսակցական ցուցակով 2 կին էր անցել:
Հենց այդ ժամանակ Ընտրական օրենսգրքում առաջին անգամ կուսակցական ցուցակներում կանանց ներկայացվածության 5%-անոց քվոտա ամրագրվեց: Այդ ոչ միայն խտրական, այլ նաև կանանց համար նվաստացուցիչ զիջման արդյունքում 2003թ-ին երրորդ գումարման Ազգային ժողովում կին պատգամավորների թիվը հասավ 7-ի (5,3%): Նրանցից մեծամասնական ընտրակարգով ընտրվել էր միայն մեկ կին:
2007թ-ին կանանց կազմակերպությունների պայքարն ավարտվեց նրանով, որ խորհդարանական ընտրություններում կուսակցական ցուցակներում կանանց համար արդեն 15%-անոց քվոտա էր գործում, ընդ որում, ոչ պակաս, քան յուրաքանչյուր տասներորդը սկզբունքով: Երբ 2007թ-ի արդյունքով երկրի խորհրդարան անցավ ընդամենը 12 կին (9.2%), պարզ դարձավ, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն: Այդ ընտրություններից անմիջապես հետո կանանց կազմակերպությունները խորհրդարան ուղղեցին քվոտաների կատարելագործման վերաբերյալ իրենց առաջարկները:
«Գենդերային քվոտաներն ինքնանպատակ չեն, դրանք խորհրդարանում երկու սեռերի արդար ներկայացվածության ապահովման առավել ճանաչված և արդյունավետ գործող մեխանիզմ են», — ասում է Համալսարանական կրթություն ունեցող կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը՝ հիշելով, որ դեռևս 2008թ-ին նրանք բոլոր խորհրդարանական խմբակցություններին և հանձնաժողովներին կանանց 23 կազմակերպության կոչ են հղել հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին:
Ուղերձում առաջարկվում էր Ընտրական օրենսգրքում գենդերային առումով ճիշտ ձևակերպում մտցնել այն մասին, որ «ընտրացուցակներում մեկ սեռի 70%-ից ավել ներկայացուցիչ չպետք է լինի, ընդ որում կանանց և տղամարդկանց թեկնածությունների հաջորդականության տարբերությունը չպետք է 3 դիրքն անցնի»: Բացի այդ, առաջարկվում էր «կուսակցական ընտրացուցակից հանվելու կամ պատգամավորական մանդատից հրաժարվելու դեպքում տվյալ կնոջ տեղը զբաղեցնել ցուցակում հաջորդ կնոջով»:
Քվոտաների վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել նաև միջազգային կազմակերպություններն ու փորձագետները: Մասնավորապես, 2009թ-ին Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CEDAW) կոչ է արել «արագացնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու գործընթացը 15%-անոց քվոտան բարձրացնելու և այն առաջարկվող 20%-ից ավելի բարձր մակարդակ հասցնելու նպատակով»:
Բոլոր այդ ջանքերի արդյունքում Ընտրական օրենսգրքում գենդերային քվոտան այնուամենայնիվ ավելացվել է մինչև 20%: Ի դեպ, հանրապետության կանանց կազմակերպությունների ակտիվ լոբբինգի միջոցով քվոտայի գենդարին կոռեկտ ձևակերպում անցկացվեց այն մասին, որ կուսակցական ցուցակներում «մեկ սեռի անձանց ներկայացվածությունը չպետք է գերազանցի 80%-ը»:
Այլ հարց է, որ Ընտրական օրենսգրքի այդ կետը ոչ կոռեկտ հստակեցում էր պարունակում այն մասին, որ քվոտայի գործողությունը տարածվում է «յուրաքանչյուր հաջորդ հնգյակի երկրորդ դիրքի վրա (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ, մինչև ցուցակի ավարտը)», ինչը կարելի է դիտարկել որպես կանանց հանդեպ խտրականություն, որը սահմանափակում է նրանց ներկայացվածությունը ցուցակի առաջին դիրքում:
2012թ-ին խորհրդարան մտնելու համար պայքարող կուսակցություններից շատերն այդ հորդորը բառացի ընկալեցին և կանանց 6-րդ դիրքից առաջ սկսեցին չներառել: Հետևաբար, առաջին անցողիկ հնգյակներում, կամ ինչպես կուսակցությունները սկսեցին այն անվանել, կուսակցական ցուցակների «սուրբ սրբոցում» ընդամենը 4 կին հայտնվեց:
2012թ-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանում ընդամենը 14 կին պատգամավոր հայտնվեց, կամ 10.7%: Ընդ որում, նրանցից երկուսն ընտրվել էր մեծամասնական համակարգով, երկուսն էլ՝ իշխանական կուսակցության աջակցության պայմաններում: Կին քաղաքական գործիչների միասնական կարծիքով, որոնց հետ մենք զրուցել ենք ընտրություններից հետո, առանց քվոտայի արդյունքը շատ ավելի վատը կարող էր լինել, և հավանաբար նրանք հիմքեր ունեն նման բան պնդելու:
Ինչպե՞ս կաշխատի քվոտան գալիք խորհրդարանական ընտրություններին
Նախորդ ընտրությունների պրակտիկան ցույց է տվել, որ բավական չէ քվոտան միայն օրենսդրորեն ամրագրելը, անհրաժեշտ է դրա արդյունավետությունը երաշխավորող մեխանիզմ ապահովել: Ինչո՞ւ ենք մենք ընտրությունների արդյունքում ամեն անգամ քվոտայով սահմանված շեմից կրկնակի պակաս արդյունք ստանում: 2012թ-ին Հայաստանում օրենսդրորեն ամրագրված 20%-անոց գենդերային քվոտայի պայմաններում ընտրություններին մասնակցող կուսակցությունները միջինում իրենց ցուցակներում 23% կին են ներառել, սակայն դե ֆակտո խորհրդարան է անցել ընդամենը 10.7% կին:
Բանն այն է, որ նախատեսված քվոտան հավասարեցվել է կանանց ինքնաբացարկների հաշվին: Դուրս մղման մեխանիզմն աշխատել է ընտրություններից անմիջապես հետո, երբ կուսակցական ցուցակներով խորհրդարան անցած կանայք սկսել են անհայտ պատճառներով հրաժարվել մանդատներից, իսկ նրանց տեղը տղամարդիկ են անցել: ԿԸՀ տվյալներով՝ մանդատից հրաժարվելու դիմում է ստացվել 26 կնոջից:
Նոր խմբագրությամբ ընտրական օրենսգրքում այդ մեխանիզմը չեզոքացվել է երկու դրույթով: Դրանցից մեկը պարտավորեցնում է. ինքնաբացարկ հայտարարած կնոջ փոխարեն ցուցակում մանդատը ստանում է ցուցակի հաջորդ կինը: Այդ դրույթն աշխատում է այն դեպքում, երբ կանանց թիվը խմբակցությունում ինքնաբացարկի արդյունքում կրճատվում է մինչև 20%: Եվս մեկ դրույթ երաշխավորում է խմբակցությունում կանանց նվազագույն ներկայացվածությունը, այսինքն՝ առանց կանանց խմբակցություններ այժմ խորհդարանում չեն լինելու:
Այնուամենայնիվ, գալիք խորհրդարանական ընտրություններից սպասումներն այնքան էլ լավատեսական չեն: Բանն այն է, որ համապետական, կամ փակ ցուցակից զատ խորհրդարանական ընտրությունների գործում են նաև տարածքային, կամ, այսպես կոչված, բաց ցուցակներ, որոնցում կանայք թեկուզև ներկայացված են՝ քվոտայի համաձայն, սակայն ընտրված լինելու նրանց շանսերը մոտավորապես այնպիսին են, ինչպես մեծամասնական համակարգում:
Եթե հաշվի առնենք, որ նախորդ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով իրենց թեկնածությունն առաջադրած 11 կանանցից խորհրդարան անցան միայն երկուսը, տարածքային ցուցակների դեպքում բեկում պետք չէ սպասել: Դա նշանակում է որ քվոտայով նախատեսված 25% կանանց ապահովումը խորհրդարանում մեծ հարցականի տակ է, քանի որ մանդատների բաշխումը տեղի է ունենալու՝ հաշվի առնելով երկու ցուցաները՝ բացն ու փակը:
Այսօր աշխարհի միապալատ խորհրդարաններում կանանց թիվը միջինում կազմում է 23%, իսկ աշխարհում ամենացածր ցուցանիշը խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներում է՝ 13.1%: Այդ կապակցությամբ լուրջ հարց է առաջանում. որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանին աշխարհում գոնե միջին ցուցանիշին հասնելու համար, չենք խոսում էլ մինչև 2030թ-ը ՄԱԿ նախանշած 50/50 նշաձողի մասին:
Եթե հաշվի առնենք, որ վերջին 15 տարվա ընթացքում գենդերային քվոտան 5%-ից ավելացել է մինչև 20%, իսկ խորհրդարանում կանանց թիվը փոխվել է 6%-ից ընդամենը մինչև 10%, ապա հավանաբար դեռ երկար ենք սպասելու: Այդ տեմպերով Հայաստանի խորհրդարնում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության հասնելու համար նվազագույնը 200 տարի պետք կլինի: